Կառավարությունը մեծ վարկեր է վերցնում՝ տուրիզմը Հայաստանում զարգացնելու համար։ Միայն վերջերս 100 մլն դոլարի վարկային համաձայնագիր վավերացրեցին։ Վարկեր են վերցնում տուրիզմը զարգացնելու անվան տակ, բայց տուրիզմը Հայաստանում չի զարգանում։
Տուրիստական հոսքերը, եթե նույնիսկ ավելանում են, շատ դանդաղ են ավելանում։
Անցած տարի, պաշտոնական տվյալներով, տուրիստական հոսքերն ավելացել են ընդամենը 2.5 տոկոսով։ Եթե ոչինչ չանեին՝ աճը գուցե ավելի մեծ լիներ։
Ընդամենը 2.5 տոկոսանոց աճ են ապահովել, մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տուրիզմը Հայաստանում իր լավագույն ժամանակներն է ապրում։ Նախորդ տարվա 2 մլն 208 հազարի փոխարեն, 2025թ. 2 մլն 263 հազար տուրիստ է եկել Հայաստան։ Ընդ որում, ավելի քիչ, քան եկել էր 2 տարի առաջ։
2023թ. Հայաստան էր այցելել ավելի քան 2 մլն 316 հազար տուրիստ։ Երկու տարի առաջ 53 հազարով ավելի շատ տուրիստ էր եկել, քան անցած տարի։
2023թ. համեմատ անցած տարի տուրիստական հոսքերը կրճատվել են գրեթե 2.3 տոկոսով։
Սա է Հայաստանում տուրիզմի զարգացումը, որի վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, մոլորեցնում են քաղաքացիներին, տպավորություն են ուզում ստեղծել, թե իբր տուրիզմ են զարգացնում։ Նույն կերպ էլ տնտեսությունն են զարգացնում, քաղաքացիների սոցիալական վիճակն են բարելավում, թոշակներն են ավելացնում։ Միայն մեծ-մեծ խոսում են, իսկ տակը ոչինչ չկա։ Կարծում են՝ պատկերավոր հայտարարություններ անելով, կարողանալու են թաքցնել իրականությունը, կեղծիքի ու ստի մեջ պահել հասարակությանը։
Փաստն այն է, որ նունիսկ երկարաժամկետում չի երևում Հայաստանում տուրիզմի զարգացումը, ինչքան էլ փորձում են բարձր աճի պատրանք ստեղծել։
Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե 2025թ., 2019թ. համեմատ, տուրիստական հոսքերը 19.4 տոկոսով ավելացել են։ Առաջին հայացքից թվում է՝ բավական բարձր աճի հետ գործ ունենք։ Բայց, երբ այդ աճերը դիտարկում ենք 6 տարվա հեռավորության մեջ, տեսնում ենք, որ իրականում տուրիստական հոսքերը վերջին 6 տարում չնչին աճ են արձանագրել. Միջին տարեկան ընդամենը 3.2 տոկոս։
Այսպիսին է եղել տուրիզմի «զարգացման» պատկերը վերջին 6 տարիներին։ Երկրներ կան՝ 1-2 տարում են տուրիզմի 19-20 տոկոսանոց աճեր ապահովում, իսկ Հայաստանի իշխանությունները հպարտանում են, որ 6 տարում տուրիստների քանակը 19.4 տոկոսով ավելացել է։ Օրինակ՝ հարևան Վրաստանում միայն անցած տարի տուրիստական հոսքերն ավելացել են 8.4 տոկոսով՝ գերազանցելով 5.5 միլիոնը։ Այնինչ Հայաստանում, որը, իշխանությունների բնորոշմամբ՝ տուրիզմի լավագույն ժամանակներն է ապրում, աճը կազմել է ընդամենը 2.5 տոկոս։
Ինչքանով մինչև հիմա են տուրիզմը զարգացրել, այնքանով էլ պատրաստվում են հետայսու զարգացնել։ Խոսում են մինչև 2030թ. 3 մլն տուրիստ Հայաստան բերելու մասին։ Դեռ տուրիստներին չբերած, արդեն եկամուտներն են հաշվում։
Ինչպես երկարաժամկետում, այնպես էլ կարճաժամկետում տեսնում ենք, որ տուրիզմը Հայաստանում դոփում է տեղում։ Այն չնչին աճերն էլ, որ կան, բնական աճեր են, որոնք, անկախ ինչ-որ բան անել-չանելուց, միշտ էլ լինելու են՝ իներցիայի շնորհիվ։ Դա էլ իշխանությունների ձեռքբերումը չէ։
Այն, որ ժամանակ առ ժամանակ կարող են հոսքերն ավելանալ, ինչպես անցած տարվա որոշ ամիսներին, ամենևին չի նշանակում, թե գտնվում ենք զարգացման «լավագույն ժամանակներում», ու դա թույլ է տալիս խոսել պատմական ձեռքբերումների մասին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «աննախադեպ աճերի ու պատմական ռեկորդների» մասին վերջին տարիներին շատ ենք լսել։ Միաժամանակ, բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են շատ արագ փլվում այդ «աննախադեպ աճերն ու պատմական ռեկորդները»։
Իրական արդյունքները ժամանակի ընթացքում են երևում, ու դրանք ցույց են տալիս, թե ինչպես են ամեն անգամ կեղծ ձեռքբերումներով խաբում ժողովրդին։
Տուրիստական հոսքերի վերջին 6 տարիների դինամիկան վկայում է, որ ինչպես բազմաթիվ այլ ոլորտների, այնպես էլ տուրիզմի զարգացումների վերաբերյալ հնչող հայտարարությունները միֆ են։ Դրանք մեկ նպատակ են ունեցել ու ունեն՝ խաբել, մոլորեցնել հասարակությանը, միակ բանը, որին Հայաստանի այսօրվա կառավարիչները լավագույնս են տիրապետում։
Ամիսներ շարունակ խոսում էին, թե տուրիզմը Հայաստանում լավագույն ժամանակներն է ապրում, ռեկորդային ու պատմական ցուցանիշներ են գրանցվում, վերջում պարզվում է, որ տուրիստների հոսքն ավելացել է ընդամենը 2.5 տոկոսով։ Արդարացումն էլ այն է, որ ռուսներն ավելի քիչ են եկել։ Կարծես ուրիշները պիտի այնպես անեին, որ շատ գային։
Նախորդ տարիներին, երբ Ռուսաստանի քաղաքացիների հոսքերն ավելանում էին, դա իրենց էին վերագրում, համարում էին, որ նպաստավոր պայմաններ են ստեղծել, որպեսզի ռուսները գան Հայաստան։ Հիմա, որ հոսքերը կրճատվում են, իրենք դրա հետ այլևս կապ չունեն։ «Կապ չունեն», բայց ամեն ինչ արել են, որ այդպես լինի։
Անցած տարի 216 հազարով պակաս ռուսաստանցի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան 2023թ.։
Երկու տարում Ռուսաստանից այդքան զբոսաշրջիկ կորցրել ենք՝ իր տնտեսական ազդեցություններով ու ֆինանսական հետևանքներով։ Միայն ռուս զբոսաշրջիկների չգալու հետևանքով, առնվազն 200-250 մլն դոլար չի մտել Հայաստան։
Քանի դեռ Հայաստանում այսպիսի բարքեր են, տուրիզմի զարգացումների մասին ավելորդ է լինելու խոսելը։ Տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ են նորմալ պայմաններ, որոնք Հայաստանում չկան։ Միայն արհեստական ձևավորված բարձր գները բավական են, որպեսզի տուրիստներին վանեն Հայաստանից։
Դրա համար էլ տարածաշրջան գալու մտադրություն ունեցողները շատ հաճախ նախընտրում են գնալ Վրաստան, քան գալ Հայաստան։ Զարմանալի չէ, որ Վրաստան տուրիստական հոսքերը մի քանի անգամ ավելի շատ են։ Նույնիսկ Հայաստանի հարյուր-հազարավոր քաղաքացիներն են նախընտրում իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, որովհետև գներն անհամեմատ ավելի մատչելի են։ Ինչո՞ւ պիտի նախընտրեն Հայաստանը, եթե կարող են ավելի քիչ ծախսերով ճանապարհորդել այլ երկրներում։
Այսպիսի պայմաններում տուրիստական հոսքերը տարեկան մի քանի տոկոսով գուցե աճեն, բայց զարգացում չի լինելու։ Ու դա մեկ անգամ ևս ցույց է տալիս վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը. տուրիստների միջին տարեկան աճը վերջին 6 տարում եղել է ընդամենը 3.2 տոկոսի չափով։
Սա է տուրիզմը «զարգացնելու» իշխանությունների աշխատանքի իրական արդյունքը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



















































































































































































































































































































































































































