
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի նախապատրաստական առաքելության թիմի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։
«Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի համար նախատեսվող նոր DPO ծրագրի մշակման շրջանակում նախանշված բարեփոխումները, առաջնահերթությունները, ակնկալվող արդյունքները և իրականացման հիմնական քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։
Նոր ծրագիրը միտված է լինելու մրցակցության խթանմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական աճի ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված բարեփոխումների աջակցության իրականացմանը։
Նախարար Հովհաննիսյանն այս համատեքստում կարևորել է խորքային և համապարփակ ուսումնասիրությունների իրականացումը, այդ թվում՝ մրցակցության խթանման ուղղություններով՝ դրանց արդյունքները ՀՀ Կառավարություն ներկայացնելու և ծրագրի հետագա մշակումն ու արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։








































































































































































































































