Ուր գնալ ձմռանը Հայաստանում և ինչ անել․ զբոսաշրջիկներին և տեղացիներին այս հարցում օգնելու և ուղղորդելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն այս տարի իրականացնում է «Ձմեռը Հայաստանում» լայնածավալ արշավը, որի շրջանակում միավորվել է չորս նոր և ոգեշնչող ձմեռային տուրիզմի ուղղություն։ Ստեղծվել է հատուկ հարթակ, որտեղ հնարավորություն ունեն ընդգրկվելու բոլոր զբոսաշրջային պրոդուկտները։

-ի հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ այս հարթակը շատ լավ հնարավորություն է բիզնեսի, հյուրատների և հյուրանոցների համար՝ իրենց մասին հայտարարելու և զբոսաշրջիկներին ուղղորդելու, թե ուր կարելի է գնալ ձմռանը Հայաստանում։

«Ձմեռը Հայաստանում» արշավը խոստանում է ակտիվ և բազմաբնույթ զբոսաշրջային պրոդուկտներով հագեցած ժամանց, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան տարբերակներ։ Դրանցից է արդեն ավանդույթ դարձած «Մինուս 46» փառատոնը, որն անցկացվում է փետրվարին՝ Հայաստանի ամենացուրտ մարզում՝ Շիրակում։

Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս տարի փառատոնին մասնակցել է միջազգային փորձագետ և սպորտսմեն, որը սնոուբորդի վրա սահում էր պարաշյուտով։

«Միջազգային փորձագետի համար շատ հետաքրքիր և եզակի փորձառություն էր, քանի որ Շիրակի մարզում կա բավարար քանակի ձյուն, կա քամի, և այդ սպորտաձևով զբաղվելու համար ստեղծված են կատարյալ պայմաններ։ Սա նորություն էր մարզի համար։ Կարծում եմ՝ հաջորդ տարի նույնպես փառատոնը կանցկացվի։ Մենք կազմակերպիչների հետ ակտիվ կապի մեջ ենք»,-նշեց նա։

Իսկ ի՞նչ ձմեռային տուրիզմ առանց մանկության ավանդական խաղերի։ Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի ձնագնդիի փառատոն։

«Հայաստանում մեկ անգամ արդեն անցկացվել է այդ փառատոնը։ Դա ֆինլանդական սպորտաձև է, ունի միջազգային ֆեդերացիա։ Թեպետ զարմանալի է, բայց այդ խաղն ունի հստակ կանոններ, և կարծում ենք՝ այն շատ հետաքրքիր կլինի։ Բացի այդ, մենք խթանում ենք առողջ ապրելակերպը և ձմեռային ամիսներին ակտիվ ձմեռային սպորտաձևերով զբաղվելը։ Ինչպես ամռանը խրախուսում ենք ջրային և ծովային սպորտաձևերը Սևանում, այնպես էլ ձմռանը խրախուսում ենք դահուկային սպորտը, չմուշկը և այլ ձմեռային սպորտաձևեր, այդ թվում նաև՝ ձնագնդին»,-նշեց Լուսինե Գևորգյանը։

Տուրիզմի կոմիտեի նախագահը հավելեց, որ մեծ աշխատանքներ են տարվում հատկապես Ծոցի երկրների ուղղությամբ, քանի որ այնտեղ գրեթե մշտապես շոգ է, և մարդիկ փնտրում են այնպիսի երկրներ, որտեղ կա ձյուն և հնարավոր են ձմեռային հետաքրքիր փորձառություններ։

Գևորգյանն ընդգծեց, որ այս առումով Հայաստանը գտնվում է շահեկան դիրքում, և անհրաժեշտ է առավել ակտիվ կերպով հանրահռչակել ձմեռային զբոսավայրերը։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները պետք է գան, այցելեն Ջերմուկ, Ծաղկաձոր, Ապարան, ինչպես նաև Շիրակի մարզի այլ բնակավայրեր, որտեղ ձմռանը առատ ձյուն է լինում։