Տնտեսագետը «Թրամփի ուղու» գործարկմամբ նոր հնարավորություններ է տեսնում Սյունիքի հանքարդյունաբերական արտահանման համար

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության մեջ, սակայն վերջին տարիներին ՀՆԱ-ում դրա տեսակարար կշիռը նվազել է։ -ի հաղորդմամբ՝ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով» հետազոտության քննարկման ընթացքում այս մասին ասաց տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դոցենտ, իրավաբան Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը ցանկացած տնտեսության համար նյութական արտադրության առանցքային ճյուղերից է և սերտորեն փոխկապակցված է այլ ոլորտների՝ ոսկերչության, շինարարության, ՏՏ-ի և մի շարք այլ ոլորտների հետ։

«Մենք չենք կարող միայն ՏՏ-ն կամ միայն շինարարությունը զարգացնելով ապահովել երկարաժամկետ, թռիչքաձև տնտեսական աճ։ Անհրաժեշտ է ներդաշնակ զարգացում, և հանքարդյունաբերությունն այս համատեքստում ունի իր հստակ դերակատարումը՝ կայուն զարգացում ապահովելու և պատասխանատու մոտեցում ցուցաբերելու պայմանով»,- նշեց Պարսյանը։

Նրա ներկայացմամբ՝ 2021-2024 թվականներին հանքարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազել է՝ 5.5 տոկոսից հասնելով 2.6 տոկոսի։ Պարսյանը պարզաբանեց, որ այդ միտումը պայմանավորված է մի շարք գործոններով՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին տնտեսության արագ աճով, 44-օրյա պատերազմի հետևանքներով, ինչպես նաև Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրներով։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ 2023-2024 թվականները ոլորտի համար կարելի է գնահատել որպես կայունացման շրջան։ «Այս տարվա պաշտոնական տվյալներով՝ հանքարդյունաբերությունը ապահովել է շուրջ 1.5 տոկոս աճ, ինչը դրական միտում է՝ հաշվի առնելով ոլորտի անցած դժվարությունները»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը նշեց նաև, որ հանքարդյունաբերությունն էական ազդեցություն ունի աշխատատեղերի, աշխատավարձերի և մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Նրա տվյալներով՝ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը գերազանցում է 835 հազար դրամը, Կոտայքում կազմում է 450-550 հազար դրամ, իսկ մի շարք այլ մարզերում՝ 200-300 հազար դրամ։

Պարսյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունները համայնքներին ապահովում են զգալի մուտքեր՝ գույքահարկի, վարձակալության վճարների և աջակցության տարբեր ձևաչափերի միջոցով, որոնք որոշ դեպքերում հասնում են հարյուր միլիոնների և նույնիսկ միլիարդների։

Անդրադառնալով արտահանմանը՝ նա նշեց, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ արտարժույթ բերող հիմնական ոլորտներից մեկը։ 2022 թվականին ոլորտը ապահովել է արտահանման շուրջ 30.4 տոկոսը, իսկ 2024-2025 թվականներին՝ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 7 տոկոս։

«Սակայն վերաարտահանվող ապրանքները հաշվառումից հանելու դեպքում հանքարդյունաբերության իրական մասնաբաժինը արտահանման մեջ կազմում է շուրջ 22-23 տոկոս»,- ասաց նա։

Պարսյանը հավելեց, որ վերջին տարիներին էապես աճել է դեպի Չինաստան հանքաքարի խտանյութի արտահանումը․ եթե 2020 թվականին Չինաստանի մասնաբաժինը կազմել է 30.5 տոկոս, ապա 2024-ին այն հասել է 52.2 տոկոսի։ Նրա գնահատմամբ՝ ապագայում «Թրամփի ուղու» գործարկումը Մեղրիով կարող է էականորեն նվազեցնել բեռնափոխադրման ծախսերը և նպաստել արտահանման ծավալների աճին, հատկապես Սյունիքի մարզի համար։

Հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ քննարկմանը անդրադարձել է նաև Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Նրա խոսքով՝ ոլորտի շուրջ կան տարբեր, այդ թվում՝ քննադատական տեսակետներ, սակայն հանքարդյունաբերությունն այսօր շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը։

Նրա գնահատմամբ՝ հանքարդյունաբերությանը համադրելի ներուժ ունեցող միակ ոլորտը էներգետիկան է։ Ջհանյանը կարևորեց նաև ներդրումների դերը՝ ընդգծելով, որ ներդրողները հետաքրքրված են շահութաբեր և միջազգային շուկաներում մրցունակ ոլորտներով։

«Այս ոլորտների լիարժեք օգտագործումը կարող է ապահովել երկարատև և կայուն տնտեսական աճ, ինչը կազդի նաև սոցիալական խնդիրների լուծման, անվտանգության և բանակի ամրապնդման վրա»,- եզրափակեց նա։

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 19/12/25
Ասիական ինդեքսներն աճել են - 19/12/25
Տեղի է ունեցել ՃԵ կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ փոխվարչապետն ու ԶՖԳ պատվիրակության անդամները քննարկել են առաջիկա համագործակցության նոր ուղղությունները