Կալանավոր Սուրեն Մուրադյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Գլխուղեղի կաթվածի հետևանքով նրա մարմնի մի հատվածն անկառավարելի է, շուրջ մեկուկես տարի է՝ սուր ցավերի մեջ է։
42-ամյա Մուրադյանի վիճակին -ն անդրադարձել էր դեռևս մայիսին։ Կալանավորը պատմել էր, որ հաճախ ուշաթափվում է, տարրական կարիքներն անգամ չի կարողանում միայնակ հոգալ։ Պատկերն այսօր ավելի վատ է։
Պաշտպանական կողմը հուլիսին դիմել էր դատարան՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու խնդրանքով։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը և նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի՝ արդյո՞ք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել է որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի 14-ին՝ Factor TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից և հարցերից հետո։
Հանձնաժողովը որոշել է, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է, նա կարող է շարունակել մնալ անազատության մեջ։ Հենց այս որոշումից հետո է կալանավորը որոշել դիմել հացադուլի։
Սուրենի առողջական վիճակը պարբերաբար վատանում է նաև դատական նիստերի ժամանակ․ վերջին նիստին ստիպված են եղել շտապօգնություն հրավիրել դատարան։
Ստացվում է՝ կալանավորի առողջական վատացմանն ականատես են եղել նաև դատախազն ու դատավոր Արման Բաբախանյանը, սակայն դա որևէ բան չի փոխել։ Ավելին, Բաբախանյանը հոկտեմբերի 28-ին կրկին որոշում է կայացրել Մուրադյանի կալանքը երկարաձգել միանգամից 3 ամսով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 9-ը, իսկ մինչ այդ, հնարավոր է նաև դատաքննությունն ավարտվի և գործով դատավճիռ կայացվի։ Այնինչ Սուրենը կրկնակի փորձաքննություն է խնդրում․ մտադիր է մինչ այդ շարունակել հացադուլը։
Մեր անդրադարձից հետո Մուրադյանին տեսակցել է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը, ինչից հետո հրատապ գրություն է ուղարկվել Արդարադատության նախարարություն։ Factor TV-ն օրեր առաջ էլ գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե այս պահին ովքե՞ր են ընդգրկված այն միջգերատեսչական հանձնաժողովի կազմում, որը քննում է անազատության մեջ գտնվող անձանց կալանքի/պատժի հետ անհամատեղելիության հարցը, ի՞նչ ընթացակարգ է սահմանված այդ գործընթացի համար, ի՞նչ ժամկետներում է քննվում անազատության մեջ գտնվող անձանց կալանքի/պատժի հետ անհամատեղելիության հարցը և արդյո՞ք առաջնահերթություն տրվում են այդ դեպքերին, թե ոչ։ Երրորդ օրն է՝ պատասխան չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան















































































































































































































































































