Թաիլանդի և Կամբոջայի միջև ռազմական գործողությունները, որոնք սկսվել էին մեկ շաբաթ առաջ, շարունակվում են կիրակի՝ դեկտեմբերի 14-ին։ Թաիլանդի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հայտարարությամբ՝ Կամբոջան գնդակոծել և ռմբակոծել է թագավորության մի շարք սահմանամերձ նահանգներ, փոխանցում է -ն։

Իր հերթին Կամբոջայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ կեսգիշերից հետո Թաիլանդը ականանետային արկերով և ռումբերով գնդակոծել է երկրի տարածքը։

Միևնույն ժամանակ, Կամբոջային սահմանակից Թաիլանդի մի շարք նահանգներում սահմանվել է պարետային ժամ՝ ժամը 19։00-ից մինչև 05։00-ը։ Նախօրեին Կամբոջան փակել էր Թաիլանդի հետ սահմանային անցակետերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների՝ Անութհին Չանվիրակուլի և Հուն Մանետի հետ, որից հետո հայտարարել է, որ երկու երկրները նույն օրվանից՝ դեկտեմբերի 12-ից, պայմանավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։

Սակայն ոչ Անութհինը, ոչ էլ Հունը իրենց հայտարարություններում նման համաձայնության մասին չեն հիշատակել։ Թաիլանդի վարչապետը բացահայտորեն հերքել է հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։

«Թաիլանդը կշարունակի ռազմական գործողությունները այնքան ժամանակ, մինչև զգանք, որ մեր երկրի և մեր ժողովրդի համար սպառնալիքն ու վտանգը վերացել են»,-գրել է նա Facebook-ում։

Կամբոջայի կառավարության ղեկավարը Facebook-ում իր գրառման մեջ նշել է Թրամփի հետ ունեցած զրույցի մասին, սակայն հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է խաղաղ լուծում փնտրել՝ հոկտեմբերին Կուալա Լումպուրում ստորագրված համաձայնագրի հիման վրա։