Ֆրանսիական ՊՍԺ-ն նվաճեց հերթական տիտղոսը՝ դառնալով Միջմայրցամաքային գավաթի հաղթող։

Կատարում կայացած մրցաշարի եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Լիբերտադորեսի գավաթի հաղթող բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ, որը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ()։ Բրազիլական ակումբի պատասխան գոլը 62-րդ րոպեին խփեց «Նապոլիի», «Չելսիի», «Արսենալի» ու Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորժինյոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը ()։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում փարիզյան ակումբը հաղթեց 2։1 հաշվով ()։ «Ֆլամենգոն» 5 հարվածից 4-ը ձախողեց։ ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետ մղեց 4 հարված։ Փարիզյան գրանդի կազմում դիպուկ էին պորտուգալացիներ Վիտինյան ու Նունու Մենդեշը, իսկ ֆրանսիացի հարձակվողներ Ուսման Դեմբելեն ու Բրեդլի Բարկոլան չկարողացան գրավել դարպասը։

ՊՍԺ-ն 6-րդ տիտղոսը նվաճեց 2025 թվականին։ Անցած մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ օգոստոսին նվաճել էր նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։