Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն արձագանքել է օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլի վերաբերյալ մեկնաբանությանը:
Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանը Իտալիայում դեկտեմբերի 31-ին անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի «Ադրբեջան» անունը, որի համար տուգանվել է միջազգային ֆեդերացիայի կողմից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանը ստանալուց հետո նոր կհայտնի իր դիրքորոշումը, բայց՝ «Սպորտը պետք է լինի սպորտի մասին»:
«Մենք ստացել ենք նախարարության հարցումը եւ անմիջապես պատասխանել ենք: Քանի որ Միքայելի քայլը համազգային արձագանք ստացավ եւ հանրային մեծ քննարկման առիթ դարձավ, խոստանում եմ հրապարակել նախարարության հարցումն ու ֆեդերացիայի պատասխանը, որը պատասխանել եմ անձամբ ես որպես ֆեդերացիայի նախագահ:
Շատ հետաքրքիր էր տիկին նախարարի արձագանքը Միքայելի քայլի հետ կապված: Նախարարն ասաց, որ սպորտը պետք է լինի սպորտի մասին:
Տիկին նախարարն, առավել քան երբեւէ, իրավացի է: Դիմում եմ անձամբ տիկին նախարարին. այ՛ո, սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ դրան է նվիրված մեր կյանքի ամենամեծ մասը, մենք դրանով ապրում ենք մեր էությամբ, որ սպորտը լինի սպորտի մասին: Մարզական կրթությունում, գիտությունում եւ մասնագիտությունում սպորտը պետք է լինի սպորտի մասին: Շատ կուզեմ, որ Հայաստանում սպորտի համակարգը չմնա կիսասովետական: Բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ կամավորական հիմքերով օգնել ձեզ՝ սպորտը դարձնել 21-րդ դարին համահունչ: Դուք շատ ճիշտ եք, որ սպորտը պետք է լինի սպորտի մասին:
Հարգելի նախարար, այս տարիների ընթացքում բազմաթիվ նամակներ ենք գրել նախարարությանը, բարձրաձայնել խնդիրներ, որոնք վերջին շրջանում վերաբերել են հատկապես 2026 թ. ձմեռային Օլիմպիական խաղերին: Արդյունք՝ զրո, չի փոխվել ոչինչ:
Ձմեռային մարզաձեւերի ազգային հավաքական թիմերը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մի քանի տարի պետությունից մարզահագուստ չէին ստանում: 2025 թ. աշխարհի առաջնության համար մեր մարզիկները վերջապես ստացան մարզահագուստ, բայց պարզվեց, որ այդ այն նախատեսված է ամառային մարզաձեւերի համար: Եթե չեմ սխալվում՝ Կառավարության հրամանում է գրված, որ մարզիկները պետք է պատշաճ ներկայացնեն մեր երկիրը: Եթե ձմեռային մարզաձեւերում, դահուկավազքում օրինակ, մեր մարզիկները պատշաճ ներկայանալու համար պետք է կրեն ամառային մարզաձեւերի մարզահագուստ, ուրեմն վստահաբար, դուք իրավացի եք՝ սպորտը պետք է լինի միայն սպորտի մասին:
Ի սկզբանե, սպորտում դրվում են անհավասար պայմաններ ամառային եւ ձմեռային մարզաձեւերի միջեւ: Մեզ ասում են՝ ձեր ֆինանսավորումը կավելանա, եթե ցույց տաք արդյունքներ: Անհավասար պայմաններում կոնկրետ մեր դեպքում հնարավոր չի արդյունք ցույց տալ: Դահուկային մարզաձեւերը զարգացնելու մասին խոսում եք այն դեպքում, երբ ունենք երկու մարզադպրոց՝ Ծաղկաձորում լեռնադահուկի եւ Գյումրիում դահուկավազքի: Նույն ժամանակ ամառային մարզաձեւերը Հայաստանում ունեն տասնյակ մարզադպրոցներ: Այս պարագայում դահուկային մարզաձեւերում արդյունքի մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով քննարկումների առիթ է դարձել Միքայել Միքայլեյանի արդյունքն այդ մրցաշարում, որտեղ դահուկորդը փակել է «Ադրջեբան» անվանումը:
«Դահուկային մարզաձեւերում կա մասսայական ստարտ, որին կանգնում են աշխարհի հարյուրավոր ուժեղագույն դահուկորդներ, այդ թվում՝ Միքայել Միքայելյանը: Մասսայական ստարտի մեկնարկները տրվում է ըստ վարկանիշային միավորների: Չունենալով բավարար վարկանիշային միավորներ, Միքայել Միքայելյանն իր վարկանիշային միավորներով մեկնարկել է 80-րդը:
Միքայելի վարկանիշային միավորները կարող էին լինել շատ ավելի լավը եւ նա կարող էր ավելի արդյունավետ դիրքում լիներ մեկնարկում, եթե ունենայինք պատշաճ ֆինանսավորում, իսկ մարզիկները տարվա մեջ մասնակցեինք ոչ թե 2-3 աշխարհի գավաթի փուլերին, այլ գրեթե բոլորին:
Միքայելը գրանցել է 72-րդ տեղի արդյունք, որն ընդհանուր հաշվարկի արդյունք է: 20 կմ մասսայական մեկնարկում Միքայելն առաջին տեղը գրավողին պարտվել է 2 րոպե: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ երկրորդ տեղը գրավող դահուկորդը հաղթողին պարտվել է 1 րոպե: Այսինքն՝ Միքայելն ուժեղագույնների հետ պայքարում է 72-րդն ավարտել»,- մեկնաբանել է Գագիկ Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ հետագայում տուգանվելու դեպքերի կրկնվելու դեպքում ֆեդերացիան պատրաստ է միշտ վճարել:
«Շատ են հարցերը, թե ինչ կլինի հետո, երբ մեր մարզիկները նորից որոշեն փակել «Ադրբեջան» անվանումն իրենց շապիկների վրայից: Ֆեդերացիան, մեր մարզիկները միայնակ չեն: Այս ընթացքում մենք ստացել ենք ամբողջ աշխարհի հայության աջակցությունը: Չեմ կարծում, որ գործնականում կունենանք լուրջ խնդիրներ: Միքայել Միքայելյանին եւ, առհասարակ, մեր մարզիկներին չեն կարող որակազրկել հովանավորի անունը փակելու համար: Կանոնակարգով նման բան չկա, որովհետեւ դահուկավազքում որակազրկում են միայն այն դեպքում, երբ քո արարքը խոչընդոտել է մեկ այլ մարզիկի կամ ազդել նրա ցույց տված արդյունքի վրա: Նման դեպքում Միքայելի արարքը որեւէ մեկի արդյունքի վրա չի ազդել: Առավելագույնը կարող են տուգանել, մենք էլ սիրով ամեն անգամ պատրաստ ենք վճարել այդ գումարը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի բոլոր մարզիկները կրում են մարզահագուստ, որոնց վրա բացառապես գրված է «Հայաստան» կամ «Armenia»: Մեր ազգային հավաքականներից առաջինն ենք, որ մրցումային մարզահագուստի վրա ունենք հայերեն գրված «Հայաստան»: Թյուրիմածություն կա այս հարցում. հովանավորի անունը ոչ թե Միքայել Միքայելյանի մարզահագուստի վրա է գված եղել, այլ համարը կրող էլաստիկ շապիկի վրա: Այդ շապիկը կրում են մրցումային համազգեստի վրայից:
Չգիտեմ՝ պատահականություն էր, թե ոչ, բայց Միքայելի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հաջորդ օրը Հայաստանի հավաքականի առաջատարը մրցումային համարը ստանալիս արձանագրել է, որ շապիկի վրա այլ հովանավորի անուն է գրված: Գուցե Միքայելի հետ խնդրից հետո են որոշել փոխել հովանավորի անունը, կամ՝ նախապես է որոշված եղել երկրորդ մրցումային օրը այլ հովանավորի անուն լինի»,- պարզաբանեց Գագիկ Սարգսյանը:



























































































































































































































































































































































































































































