Մեզ մոտ ամեն ինչ լավ է, ապահով ենք, շարունակում ենք մարզումները եւ սպասում թռիչքների բացվելուն: Վախի եւ տագնապի մթնոլորտ չկա, միակ վախն այն է, որ կարողանանք Արթուր Ավետիսյանին շտապ ուղեւորել Հայաստան. մարտի 20-ին Արթուրի ամուսնությունն է: Գոնե մեկ թռիքչ լիներ, նա հասներ իր հարսանիքին:
Այս մասին -ի թղթակցի հետ զրույցում Կատարից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Տարածաշրջանում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարի մայրաքաղաք Դոհայից եւ բաց կթողնի Անթալիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը:
«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, ապահով տեղում ենք, շարունակում ենք մեր մարզումները: Չենք կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքներ չկան: Պետք է մասնակցեինք Թուրքիայի աշխարհի գավաթի երրորդ փուլին: Դուբայի, մյուս քաղաքների բոլոր թռիչքները չեղարկվում են: Մեր ֆեդերացիան տարբեր ճանապարհներով մի քանի անգամ տոմսեր գնեց, չվերթները նորից չեղարկվեցին: Այդ պահին դեռ չգիտենք, թե երբ կարող ենք վերադառնալ: Մինչեւ չբացվեն թռիչքները, չենք կարող դուրս գալ այստեղից: Ոչինչ պարզ չի: Ֆեդերացիան հետեւում է, թե երբ են բացվելու թռիչքները, որ անմիջապես տոմսեր գնի:
Մեր թիմը Գերմանիայում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Երկրորդ փուլը Բաքվում էր, որին չէինք մասնակցում, այդ պատճառով որոշեցինք գալ Դոհա, հավաք անել, մինչեւ Բաքվի փուլն ավարտվի եւ մեկնենք Թուրքիա՝ երրորդ փուլին: Մենք Դոհա ենք եկել փետրվարի 23-ին, տարածաշրջանում լարվածությունը սկսել է փետրվարի 28-ից:
Մեր թիմն ապահով վայրում է, տեսել ենք, լսել ենք հարվածները, պայթյունները, բայց վախի մթնոլորտ չկա: Ինչի՞ց վախենանք: Հեռախոսներին պարբերաբար գալիս են օդային տագնապի ազդանշաններ, զգուշացնում են: Ամեն ինչ տեսնում ենք եւ շարունակում ենք մարզվել: Համլետը նժույգի վարժությունն ավելի բարձր է անում, որպեսզի ռակետներն իրեն չդիպչեն, տակով անցնեն (ծիծաղում է,- խմբ.): Մեզ մոտ մարզումային պրոցես է:
Կատարի ֆեդերացիան մեզ ամեն ինչով աջակցում է, դահլիճային պայմանները շատ լավն են: Մեզ հետ հավաք էր անցնում նաեւ Ուզբեկստանի հավաքականը, բայց նրանք կարողացան մեկնել: Ուզբեկստանի դեսպանատունը կարողացավ կազմակերպել վիզաների հարցը եւ թիմին տանել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ, որտեղից նրանք այսօր երեկոյան կմեկնեն:
Մենք պատրաստ ենք ցանկացած պահի դուրս գալ եւ վերադառնալ Երեւան, երբ թռիչք լինի: Մեզ մնում է մասնակցել աշխարհի գավաթի երեք փուլի: Այս փուլերի միավորները իրավունք են տալիս մասնակցել աշխարհի առաջնությանը: Այս առումով մտավախություն չունենք, քանի որ տղաները առաջին փուլում 4-ն էլ եզրափակիչ էին դուրս եկել եւ միավորներ են վաստակել: Հաջորդ փուլերին էլ կմասնակցենք եւ կապահովենք մեր միավորները: Երեք փուլերը լինելու են Եգիպտոսում, Խորվաթիայում եւ երրորդը՝ Կատարում: Կասկածում եմ, որ Թուրքիայի գավաթին բոլոր թիմերը կարողանան մասնակցել: Գուցե այս առումով միջազգային ֆեդերացիան որեւէ որոշում կայացնի, որպեսզի լիարժեք մասնակցություն ապահովեն այն երկրները, որոնք բաց են թողել տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված: Անհասկանալի իրավիճակ է:
Միայն մեկ վախ ունենք, իրոք դա է վախենալու. Արթուր Ավետիսյանը մարտի 20-ին պետք է ամուսնանա: Նրա ամուսնության օրը նշանակված է եւ ամեն ինչ արդեն պատրաստ է, մնում է միայն Արթուրը կարողանա վերադառնալ Երեւան: Այսպիսի վիճակ է, չի կարողանում մարզվել այդ մտքից: Ասում եմ՝ գոնե մեկ թռիչք լինի, մեկ տոմս լինի Արթուրին ուղարկենք, ամուսնանա: Սա է վախենալուն, մնացած ոչնչից չենք վախենում:
Տղաները լավ են, վնասվածքներ չունենք, բոլոր շատ լավ մարզավիճակում են: Այստեղ ամառ է, մեր մարզումները շարունակում ենք: Մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում Կատարի ֆեդերացիան, այսօր եւս մի քանի օրով ապահովեցին հյուրանոցը: Մարզումներն ապահովում է այստեղի սպորտային մարմնամարզության հավաքականը, որի գլխավոր մարզիչը Գուրգեն Սիրեկանյանն է: Դե իսկ մեր ֆեդերացիան էլ ամեն ինչով պատրաստ սպասում է թռիչքների բացվելուն: Մի քանի անգամ բավականին թանկ գնեցին տոմսեր, չվերթները չեղարկվեցին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Լուսինե Շահբազյան










































































































































































































































































































































































































































































































































































































































