Մեզ համար ընկերական խաղեր չկան, կա հերթական խաղ։ Բոլորիս գլխավոր խնդիրը հաղթանակն է: Ես նույն մոտիվացիայով եմ մտնում խաղադաշտ այնպես, ինչպես առաջին անգամ:

Այս մասին լրագրողների հետ նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի եւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը:

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականն Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ:

«Մենք պատրաստվել ենք վաղվա խաղին՝ ուսումնասիրելով Բելառուսի վերջին հանդիպումը: Չեմ կարող գնահատել իմ մարզավիճակը: Իմ ակումբում ավելի արդյունավետ եմ հանդես գալիս վերջին շրջանում: Կարծում եմ՝ մարզիչը կգնահատի, թե ինչ մարզավիճակում եմ այժմ: Պատրաստվել ենք այնքան, որքան մեր առջեւ խնդիր է դրել մարզչական շտաբը:

Ընկերական խաղերը մեր հավաքականի համար ընկերական չեն: Մենք խաղում ենք մեր հավաքականի, մեր երկրի համար, գալիս ենք խաղալու մեր ազգի համար: Բոլորիս առջեւ մեկ խնդիր է՝ հաղթանակ: Մեզ համար ընկերական խաղեր չկան, կա հերթական խաղ, որին կգան երկրպագուները դիտելու մարզադաշտում, իրենց տանը՝ հեռուստացույցների առջեւ: Բոլորիս գլխավոր խնդիրը հաղթանակն է, մեր երկրպագուներին ուրախացնելը:

Մեր հավաքականը երիտասարդացել է, շատ են նոր ու երիտասարդ խաղացողները: Ես նույն պատասխանատվությամբ եւ մոտիվացիայով եմ մտնում խաղադաշտ, ինչպես առաջին անգամ: Ամեն ինչ փորձում եմ անել խաղադաշտում, որպեսզի հնարավորինս օգնեմ թիմին:

Երկրպագուներին մոտիվացնելու եւ ուրախացնելու համար մենք ունենք գլխավոր խնդիր՝ հաղթանակը: Մենք կարող ենք վաղը ցույց տալ լավ խաղ, հասնել հաղթանակի եւ ուրախացնել մեզ ու երկրպագուներին: Այս փուլում այս ընկերական խաղում, ամառային հավաքի շրջանում փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի լավ արդյունքների հասնենք եւ Ազգերի լիգայում լավ հանդես գանք, հաղթանակով դուրս գանք խմբից»,- ասաց Նաիր Թիկնիզյանը:

Հայաստան – Բելառուս հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի