Շատ կուզեմ, որ վաղը լեփ-լեցուն մարզադաշտ լինի, որովհետեւ երկրպագուների աջակցությունը շատ է օգնում տղաներին: Ովքեր ցանկություն չունեն գալ խաղադաշտ, իրենք մեղավոր չեն, մենք ենք մեղավոր, որովհետեւ ունենք պարտություններ: Պետք է հաղթանակներ ունենանք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին:

Այս մասին լրագրողների հետ նախախաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ:

«Մեծ փոփոխություններ են ազգային հավաքականում: Այդպես ստացվեց: Կային ֆուտբոլստներ, որոնց համար եկել էր ժամանակը գնալու, եւ կան ֆուտբոլիստներ, որոնց համար եկել է ժամանակը՝ գալու: Եթե հրավիրվել են հավաքական, ուրեմն արժանի են: Պետք է վաղվա եւ մյուս խաղերում ցույց տան, թե որքանով կարող են իրենց տեղն ամրապնդել հավաքականում:

Այս մեկ ընկերական խաղով չեմ կարող ստանալ եւ տեսնել այն, ինչ ուզում եմ: Ունենք այն, ինչ ունենք: Չեմ ուզում բողոքել: Պատրաստ ենք վաղվա խաղին փորձարկումներով, կտեսնենք, այն ինչ ուզում ենք տեսնել: Այս ընթացքում չենք ունեցել խաղ, բայց ուրիշ ուղղություններով ենք աշխատել: Կորած օրեր չենք ունեցել:

Վաղվա խաղը ցույց կտա, թե կարողացանք փակել Բելառուսի ուժեղ կողմերը, թե ոչ:

Մեկ օր էլ ժամանակ ունենք, որպեսզի հասկանանք, Էդուարդ Սպերցյանը կմտնի խաղադաշտ, թե ոչ: Առայժմ աշխատանք է գնում, զննում ենք: Վաղը պարզ կլինի, նա կխաղա, թե ոչ:

Հավաքի ընթացքում ունեցել ենք միմյանց միջեւ խաղ: Հասկացա, որ կա մրցակցություն, բոլորն էլ ուզում են իրենց ցույց տալ: Այս պահին տեսնում եմ խնդիրներ, որոնց առջեւ կանգնած ենք: Հավաքականում կան «պրինցիպներ», որոնք հաղթահարելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ: Վաղը 8 փոփոխության հնարավորություն ունենք, կփորձենք օգտագործել եւ փորձարկել բոլորին, տեսնել նրանց խաղադաշտում:

Կառլեն Հովհաննիսյանին հավատում եմ, մեծ ապագա ունի: Վաղվա խաղում գուցե լինի խաղադաշտում:

Լուկաս Սելարայանին փոխարինող գտնել շատ արագ եւ այդ հարցերը փակել կարճ ժամանակում դժվար է:

Ես եմ ընտրել ընկերական խաղերի մրցակիցներին: Սեպտեմբերից ունենք Ազգերի լիգայի խաղեր եւ գիտենք, թե ինչ մրցակիցների դեմ կարող ենք խաղալ: Այս ընտրությունը նպատակային է, որպեսզի որոշ չափով պատրաստ լինենք այդպիսի թիմերի դեմ պայքարին: Շատ ուժեղ մրցակիցներ ընտրելուց ավտոմատ կխաղայինք երկրորդ համարով, որը մեզ պետք չէր:

Շատ կուզեմ, որ վաղը լեփ-լեցուն մարզադաշտ լինի, որովհետեւ երկրպագուների աջակցությունը շատ է օգնում տղաներին: Հուսամ՝ վաղը կլինի շատ երկրպագու եւ մեզ կաջակցեն: Ովքեր ցանկություն չունեն գալ խաղադաշտ, իրենք մեղավոր չեն, մենք ենք մեղավոր, որովհետեւ ունենք պարտություններ: Պետք է հաղթանակներ ունենանք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին:

Նայել եմ Մ19 հավաքականի երեկվա Թուրքիայի դեմ խաղը: Խոսել եմ հավաքականի ավագ մարզիչի հետ: Այս պահին տղաներից որեւէ մեկը դեռ պատրաստ չի հավաքականը համալրել: Տղաների լուսանկարը զինվորական ողջույնով չեմ ցանկանում մեկնաբանել: Տղաներ են, ուզել են այդպիսի լուսանկար ունենալ: Չէի ցանկանա քաղաքականացնել»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Հայաստան – Բելառուս հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի