
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը «Ալաշկերտի» դեմ խաղից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլի խնդիրներին՝ դժգոհություն հայտնելով հատկապես մրցավարների աշխատանքից։
«Մեր ակումբն այս տարի միակն է, որ դուրս է եկել եվրոպական մրցաշարի խմբային փուլ։ Ո՞ւմ համար ենք խաղում՝ հայկական ֆուտբոլի՞, թե՞ ոչ։ Այո՝ հայկական ֆուտբոլի։ Եթե մենք կարողանանք միավորներ հավաքել, մեծ հնարավորություն կա, որ հաջորդ տարի Հայաստանի առաջնության երկրորդ տեղը գրաված ակումբը որակավորման փուլը կսկսի Եվրոպայի լիգայից։ Իսկ ի՞նչ ունեցանք այսօր։ Սա հարգա՞նք էր։ Չորս 11-մետրանոց, որից երեքը՝ բացարձակապես 11-մետրանոց չէին: Եվ ես անգամ չեմ խոսում առաջին խաղակեսի վերջին րոպեին մեր օգտին չնշանակված 11-մետրանոցի մասին, որ մրցավարը պարզապես չցանկացավ տեսնել։ Դրա մասին լռում եմ։ Խոսում եմ միայն մեր դեմ նշանակվածների մասին։
Մեր նախագահը կառուցում է նոր ստադիոն։ Ասեք, դուք այստեղից եք, վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում կառուցվել նոր ստադիոն։
Ոչ ոք չի հիշում, չէ՞։ Եվ հիմա երկիրը ունենալու է նոր, ժամանակակից, բարձրակարգ ստադիոն, որով յուրաքանչյուր հայ կհպարտանա։ Ու մի բան անհանգստացնում է․ ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ մեկն ամեն ինչ անում է, որպեսզի նման մարդը մի օր արթնանա ու ասի. «Ինձ սա ինչու՞ է պետք»։ Նա հաջողակ մարդ է, ունի ամեն ինչ՝ ընտանիք, բիզնես, կյանք։
Ի՞նչի համար է նրան պետք ֆուտբոլը, այսպիսի վերաբերմունքի՞։
«Նոա»-ն ապրելու է։ Բայց այս իրավիճակը բերել է նրան, որ արդեն հինգ տարի Մ-21 հավաքականը չի կարողանում հաղթել. հինգ տարի։ Տաղանդ կա։ Լավ մարզիչներ կան։
Բայց առաջնությունը պետք է լինի մաքուր։ Ոչ ինձ համար, այլ` հայ երեխաների»,- ասել է նա։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում «Նոա»-ն մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:


















































































































































































































