Հայաստանի չեմպիոն «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչն անդրադարձել է շոտլանդական «Աբերդինի» հետ 1:1 հաշվով ոչ-ոքիին Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում։ Շոտլանդիայում կայացած մրցավեճում հայկական ակումբի գոլը խփել էր Մուլահուսեյնովիչը, որը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի էր ընկել չորրորդ խաղում անընդմեջ ()։

«Այսօր շատ բարդ հանդիպում ստացվեց։ Գիտակցում էինք դա և պայքարեցինք մինչև վերջ։ Կարծում եմ՝ ընդհանուր լավ հանդես եկանք։ Երկրորդ խաղակեսը շատ լավն էր։ Իմ կարծիքով, այս միավորը մեծ ձեռքբերում է մեր թիմի համար։ Պետք է ցուցադրենք մեր որակները հաջորդ խաղում և պայքարենք մինչև վերջ։

Երբ դուրս եմ գալիս մարզադաշտ ու տեսնում եմ մեր երկրպագուներին, հպարտանում եմ նրանցով, քանի որ յուրաքանչյուր խաղում մեզ աջակցում են, իսկ դա մեծ բան է մեզ համար։ Երբ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ և տեսնում այդ մարդկանց, դա մեզ ավելի շատ հանգստություն է տալիս լավ հանդես գալու համար։

Գոլ խփելն իմ աշախատանքն է։ Այաշը հիանալի փոխանցում կատարեց ինձ, և ես դարձա գոլի հեղինակ։ Սակայն միավորն ավելի կարևոր է, և մենք պետք է շարունակենք այսպես առաջ շարժվել»,- ասել է Նարդին Մուլահուսեյնովիչը։

4 խաղից հետո «Նոան» ունի 5 միավոր և 23-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 1-24-րդ տեղ գրաված թիմերը։ Լիգայի փուլում երևանյան ակումբը հյուրընկալելու է նաև լեհական «Լեգիային» (դեկտեմբերի 11) ու արտագնա հանդիպում է անցկացնելու Կիևի «Դինամոյի» (դեկտեմբերի 19) հետ։