Ռուսական արվեստի թանգարանը ԱՄԷ-ում մասնակցել է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» միջազգային համաժողովին

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) նոյեմբերի 12-15-ը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կազմակերպված Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» 27-րդ միջազգային համաժողովին և դրա շրջանակում անցկացված ICOM Museum Fair 2025 միջազգային թանգարանային էքսպոյին։

-ին թանգարանից հայտնում են, որ ԻԿՕՄ-ի եռամյա համաժողովների պատմության ընթացքում առաջին անգամ էր, որ միջազգային թանգարանային էքսպոյի տաղավարներից մեկը ներկայացնում էր Հայաստանը` ի դեմս Ռուսական արվեստի թանգարանի։

Թանգարանը ICOM Museum Fair 2025 թանգարանային էքսպոյին ներկայացել է Moment of Art ծրագրով, որը արվեստի և նորաձևության համագործակցության մասին է` ոգեշնչված արվեստի գործերից։

Moment of Art ծրագիրը ստեղծվել է MOMENT of WHITE նորաձևության բրենդի հետ համագործակցությամբ։ Դիզայները, ներշնչված Ալեքսանդր Դրևինի և Սոլոմոն Նիկրիտինի ստեղծագործություններից, ներկայացրել է հագուստի յուրահատուկ և սահմանափակ հավաքածու։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է թանգարանը դուրս գալ ավանդական շրջանակից և վերածվել արվեստի ու նորաձևության միջև ստեղծարար երկխոսության հարթակի։

ICOM Museum Fair 2025 միջազգային էքսպոյին մասնակցել են ավելի քան 50 թանգարաններ, միջազգային հեղինակավոր ընկերություններ Քաթարից, Օմանից, Չինաստանից, Գերմանիայից, Թայվանից, Իտալիայից, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և այլ երկրներից։

ICOM Museum Fair 2025 Ռուսական արվեստի թանգարանը մասնակցել է ԻԿՕՄ Հայաստանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջնորդությամբ և Lunaria ընկերության հովանավորությամբ։ Թանգարանի տաղավարի գեղարվեստական համադրողը նկարիչ, դիզայներ Սարգիս Հովհաննիսյանն է եղել։

Ռուսական արվեստի թանգարանը վեհաժողովին մասնակցել է նաև զեկուցումներով՝ ի դեմս տնօրեն Մարինե Մկրտչյանի և ցուցահանդեսների համակարգող Օվսաննա Հարությունյանի։

Նոյեմբերի 13-ին Օվսաննա Հարությունյանը ԻԿՕՄ-ի հաղորդակցության և հանրահռչակման միջազգային կոմիտեի նիստում (ICOM COMMS) հանդես է եկել «Թանգարանների ներգրավվածության ընդլայնումը Հայաստանում վիրտուալ իրականության միջոցով» թեմայով զեկուցմամբ։

Նոյեմբերի 15-ին Մարինե Մկրտչյանը որպես խոսնակ մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) մաս կազմող Թանգարանային կառավարման միջազգային կոմիտեի (INTERCOM) պանելային քննարկմանը, որի թեման եղել է «Երիտասարդ առաջնորդներ, որոնք ձևավորում են թանգարանների ապագան»։

Վեհաժողովին ակտիվ ներգրավվածությունն ու մասնագիտական ներկայությունը հնարավորություն են տվել առավել լայն ներկայացնել Ռուսական արվեստի թանգարանի գործունեությունը, նորարարական ծրագրերը և միջազգային հարթակում համագործակցության հեռանկարները։

Բրիջիթ Բարդոն հոսպիտալացվել է
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ