
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի երևանյան համերգը, որը պետք է կայանար ապրիլի 9-ին, երաժշտի առողջական խնդիրների պատճառով հետաձգվել է. սպասված երեկոն տեղի կունենա մայիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երկրպագուների ձեռք բերած բոլոր տոմսերն ուժի մեջ են։
-ի հաղորդմամբ՝ Մալիկյանն ափսոսում է, որ ստիպված են եղել հետաձգել համերգն ու խոստովանում է, որ անհամբեր սպասում է Հայաստանի երկրպագուների հետ հանդիպմանը, քանի որ հայ հանդիսատեսի ջերմությունն ու անկեղծությունն առանձնահատուկ են։

«Հայաստան գալն ինձ համար պարզապես աշխատանքային այց չէ. այն խորապես անձնական նշանակություն ունի։ Հայաստանն իմ հայրենիքն է, իմ արմատների մի մասն է։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս յուրահատուկ զգացում եմ ունենում. կարծես վերադառնում եմ տուն»,-ասում է ջութակահարն ու հավելում՝ աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունենալը մեծ երջանկություն է, բայց Հայաստանի հանդիսատեսը ոչ միայն լսում է երաժշտությունը, այլև ապրում է դրանով, իսկ այդ զգացմունքային խորությունն ու անկեղծությունը հազվադեպ հանդիպող երևույթներ են։
Նա հայաստանյան բեմում իրեն պարզապես արտիստ չի զգում, այլ մեծ ընտանիքի մի մաս։

Մալիկյանի համար յուրահատուկ է նաև Երևանը, որտեղ իրեն շատ հարմարավետ է զգում։ Սիրում է պարզապես քայլել, «կորել» փոքր փողոցներում և բացահայտել նոր անկյուններ։ «Քայլելիս զգում եմ քաղաքի հոգին, ինչը ինձ համար շատ կարևոր է, իսկ հայկական խոհանոցն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի։ Տոլման, խորովածը, լավաշը… Դրանք ոչ միայն ուտելիք են, այլև հիշողություններ և զգացողություններ, որոնք ինձ կապում են իմ արմատների հետ»,-ասում է Մալիկյանը։
Intruso World Tour-ի շրջանակում կազմակերպված երևանյան համերգին Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ երկար ճանապարհ է անցել։ Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:
Նույն երաժիշտների հետ նա երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023 և 2024 թվականներին՝ անմոռանալի հիշողություններ նվիրելով հանդիսատեսին:

«Սպասվող համերգային երեկոն յուրահատուկ է լինելու՝ լի տարբեր հույզերով, երաժշտությամբ և կենդանի էներգիայով։ Մենք պատրաստել ենք մի ծրագիր, որը միավորում է յուրահատուկ աշխարհներն ու պատմությունները։ Իհարկե, առանց անակնկալների չի լինի, բայց ամենամեծ անակնկալը հենց այն կապն է, որը ստեղծվում է երաժիշտների և երաժշտասերների միջև»,-նշում է ջութակահարը։
Ասում է՝ Intruso-ն ներքին ճանապարհորդություն է. պատմում է այն պահերի մասին, երբ քեզ օտար ես զգում աշխարհում, նույնիսկ՝ ինքդ քեզ հետ, բայց այդ օտարությունը վերածվում է ստեղծագործության. հենց այդ ապրումներից է ծնվում երաժշտությունը։

«Ուզում եմ, որ մարդիկ այդ պատմության մեջ տեսնեն նաև իրենց։ Կարծում եմ՝ բոլորս երբեմն մեզ intruso ենք զգում»,-ընդգծում է երաժիշտը։
Շրջագայության ընթացքում երաժիշտը շատ երկրներում է եղել։ Նրա խոսքով՝ ճանապարհորդելն իր համար ոչ միայն տեղաշարժ է, այլև ներքին շարժում։ Ըստ Մալիկյանի՝ ամեն երկիր իր գույնն ու ձայնն ունի, որոնք փորձում է լսել ու զգալ։
«Վերջին ամիսներին եղել եմ տարբեր երկրներում, և այդ հանդիպումները, մշակույթները, մարդիկ թողել են իրենց հետքը։ Այդ ամենը բնական կերպով վերածվում է երաժշտության։ Ծնվել են ստեղծագործություններ, որոնք այդ ճանապարհների պատմությունն են»,-շեշտում է ջութակահարը։

Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարությունից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։
Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։
Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։

2019-ին Մալիկյանի Royal Garage համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը:
Արա Մալիկյանի Petit Garage շրջագայությունն էլ համաճարակի և նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի և ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել սահմանափակ տարողությամբ դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչև Մեքսիկայի Միչոական և Մադրիդի թագավորական պալատ։







































































































































































































































































































































































































































































































































































































































































































































