«Իմ գույնը կարևոր է». Ֆոտոնախագիծ՝ նվիրված Արվեստի համաշխարհային օրվան

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ, ներկայացնում է «Իմ գույնը կարևոր է» խորագրով ֆոտոնախագիծը՝ ևս մեկ անգամ կարևորելով մշակութային կրթության, ներառականության և հավասարության արժեքները։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արդեն 35 տարի կենտրոնն իրականացնում է իր բացառիկ առաքելությունը՝ ապահովելով անվճար գեղարվեստական կրթություն հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 960 երեխայի համար։ Կենտրոնի 148 ստեղծագործական խմբակները, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, դարձել են այն կարևոր հարթակը, որտեղ բազմազան կարիքներ ունեցող խմբերի երեխաները գտնում են ինքնահաստատման ուղին և սոցիալական ներառման իրական հնարավորությունը։

Այս տարի կենտրոնը նշում է իր գործունեության հոբելյանական՝ 35-ամյակը, ինչը կարևոր առիթ է վերահաստատելու ներառական կրթության և մշակութային զարգացման սկզբունքներին իր հանձնառությունը։

«Մեր կենտրոնի յուրաքանչյուր սան արվեստի միջոցով արտահայտում է իր ներաշխարհը, իր զգացողություններն ու երազանքները։ «Իմ գույնը կարևոր է» նախագիծը հենց այդ մասին է՝ յուրաքանչյուր երեխայի անհատականությունը, նրա ձայնն ու գույնը տեսանելի դարձնելու մասին։ Մենք հավատում ենք, որ արվեստը միավորում է, ուժ է տալիս և ստեղծում հավասար հնարավորություններ բոլորի համար»,- նշում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնի առաքելությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ տարբերությունները ոչ թե բաժանում, այլ հարստացնում են հասարակությունը՝ նպաստելով փոխադարձ հարգանքի, մարդասիրության և քաղաքակրթական արժեքների ամրապնդմանը։

Ֆոտոնախագծում ներկայացված են կենտրոնի սաները, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ գույնն է հաղորդում արվեստի աշխարհին։ Հենց այս գաղափարից էլ ծնվել է նախագծի անվանումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ինքնարտահայտումը կարևոր է և անփոխարինելի։

Նախագծի լուսանկարները հանրությանը կներկայացվեն նաև հանրային տարբեր վայրերում։ Դրանք ուղեկցվում են մշակույթի, հավասարության և ներառականության մասին ուղերձներով, որոնք, վստահաբար, անտարբեր չեն թողնի արվեստասեր հասարակությանը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ հասարակությունը ոչ միայն տեսնի երեխաների ստեղծագործական ներուժը, այլև զգա, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը մեր մշակութային կյանքում»,- ընդգծում է տնօրեն Աննա Կարապետյանը։

Վիրտուոզ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ շքեղ համերգով Սիմֆոնիկ նվագախումբը տոնեց 20-ամյա հոբելյանը
ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա առթիվ