
Երևանի Կենտրոնի թիվ 22 գրադարանում Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում բանախոսությամբ հանդես է եկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ -ի հաղորդմամբ՝ միջոցառումից առաջ մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Արեգ» թատերախմբի սաները հանդես են եկել փոքրիկ ներկայացմամբ։
Բանախոսության ընթացքում Վարդան Մկրտչյանը խոսել է թատրոնի, արվեստի դերի և անձնական պատասխանատվության մասին։

«Թատրոնը մի ոլորտ է, որը համախմբում է և իր մեջ ներառում է արվեստի բոլոր տեսակները։ Թվում է՝ շատ հասանելի է, բայց իրականում շատ բարդ արվեստի տեսակ է և ոչ այնքան մատչելի»,-նշել է նա։
Մկրտչյանի խոսքով՝ թատրոնի մասին կարծիքներ հաճախ հնչում են շատ հեշտ, ինչը մասնագետների համար բախումների պատճառ է դառնում։
«Թատրոնի մասին կարծիքները շատ հեշտ են հնչում, շատ թեթև են հնչում, և այստեղ է, որ մասնագետն ունենում է լուրջ բախումներ»,-ասել է նա։
Անդրադառնալով պաշտոնների ընկալմանը՝ Մկրտչյանը նշել է, որ իր կարծիքով վաղուց ժամանակն է, որպեսզի պաշտոնը ընկալվի որպես ծանր պատասխանատվություն, այլ ոչ թե վայելքի միջոց։
Նա ընդգծել է, որ փոփոխություն իրականացնելու համար պարտադիր չէ պաշտոն ունենալ։

«Որևէ մեկը որևէ բան փոխելու համար կարիք չունի ունենալ պաշտոն կամ դիրք»,-ասել է նա՝ օրինակ բերելով թատրոնի պատմության հայտնի գործիչներին։
Մկրտչյանի խոսքով՝ իրական փոփոխության հիմքում երեք հիմնական արժեքներ են ազնվությունը, սերը և աշխատանքը։
«Ես ազնիվ եմ իմ գործի նկատմամբ, ես սիրում եմ իմ գործը և աշխատում եմ դրա համար։ Այս երեք հատկությունները միասին փոխում են ցանկացած միջավայր»,-նշել է նա։
Որպես օրինակ նա հիշատակել է նաև Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով անկեղծության կարևորությունը։
«Մենք երբեք չպետք է վախենանք անկեղծությունից և պարզությունից»,- ասել է Մկրտչյանը։
Բանախոսության ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսին։
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի նշվում է ապրիլի 25-ին։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն ՀՀ շուրջ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով՝ ընդգրկելով կրթական, երիտասարդական և մշակութային բաղադրիչներ։







































































































































































































































































































































































































































































































































































































































































































































