Կայացավ Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի մեկնարկին նվիրված գալա համերգը, որից առաջ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ներկաներին փոխանցեց նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը։
-ի հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների որոշումն անչափ պարտավորեցնող է հայկական կողմի համար: Այն ոչ միայն հերթական հնարավորությունն է ներկայացնելու հայկական մշակույթը, այլև խթանելու Մեղրի քաղաքի և մարզի ենթակառուցվածքների զարգացումը, աշխուժացնելու մշակութային և զբոսաշրջային կյանքը:
«Այսօր մենք մեկնարկում ենք Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը, որի շրջանակներում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ 3 տասնյակ միջոցառումներ, որոնց թվում՝ արհեստների փառատոնը, տարազ-ֆեստը, ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, արտագնա Երևանի գրքի փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի սկիզբին՝ Մեղրի քաղաքի օրվա միջոցառումներով և ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբի ելույթով, որում ընդգրկված են նաև Հայաստանի երիտասարդ երաժիշտ-կատարողները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նա ընդգծել է, որ մշակութային ծրագրերը ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում:
«Բացման արարողության ծրագիրը բավականին հագեցած էր: Դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալու Մեղրիի պատմամշակութային ժառանգությանը, մասնակցելու ծառատունկի, ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի բացմանը և Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարման արարողությանը: Համոզված եմ, այս երկու օրերը համայնքի բնակիչների համար կվերածվեն իսկական տոնի: Գիտեմ, որ արվեստի և երաժշտական դպրոցի սաները հնարավորություն կունենան ցանոթանալու ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի մասնակից երկրների ավանդույթներին, անգամ վարպետության դասեր ստանալ»,- նշել է Անդրեասյանը:
Նա հիշեցրել է, որ մշակութային մայրաքաղաքներ ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ: Ըստ նրա՝ վերջինս կարևոր հարթակ է մեր երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:












































































































































































































































































































































































































































































































































































































































































































































