«Իմ սեր, Ավետիք․․․» ժողովածուն, որը լույս է տեսել մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ, ընդգրկում է հեղինակի սիրային նամակները, գրքի հերոսուհիներին նվիրված բանաստեղծությունները, սիրո մասին հեղինակի աֆորիզմները։

-ի հաղորդմամբ՝ նամակների մի մասը հրապարակվում է առաջին անգամ։

Շնորհանդեսին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին Գրականության և արվեստի թանգարանում, թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ գիրքը ոչ միայն գրական ժողովածու է, այլև սիրո այբբենարան։ «Այս նամականին սովորեցնում է, թե ինչպես է պետք սիրել։ Ընթերցողը նորովի է բացահայտելու Ավետիք Իսահակյանին»,-նշեց տնօրենն ու հավելեց՝ թանգարանում պահվում են Իսահակյանի ինքնագրերը, անձնական իրերը։ Վստահեցրեց՝ բնօրինակ նամակների ընթերցումից են ծնվում հրաշալի գաղափարները։

Ավետիք Իսահակյանի թոռան՝ գրականագետ Ավիկ Իսահակյանի խոսքով՝ հայ մարդու համար շատ հետաքրքիր կարող են լինել մեծագույն գրողներից մեկի սիրային նամակները։ «Այստեղ հանդիպում ենք ոչ թե քաղաքական գործիչ, հայրենասեր բանաստեղծ Ավետիք Իսահակյանին, այլ սիրահար մարդու և զարմանում ենք, թե որքան կրքոտ, կնամեծար է նա եղել։ Քիչ չեն նաև դժբախտ սիրո պատմությունները։ Իսահակյանի ամբողջ պոեզիան հենված էր սիրո վրա։ Վարպետը զգում է մի բան, որ սիրո մեջ երջանկությունն անհնարին է։ Դա անհասանելի տենչանք է»,-շեշտեց նա։

ԳԱԹ-ի գիտաշխատող, ժողովածուի կազմող Լաուրա Վիրաբյանը հիշեցրեց, որ 2020 և 2021 թվականներին երկու հատորով ամբողջությամբ հրատարակվել են Իսահակյանի նամակները։ Ժողովածուներում ընդգրկվել է մոտ 850 նամակ, սակայն մնացել են նամակներ, որոնք առաջին անգամ տպագրվում են «Իմ սեր, Ավետիք․․․» գրքում։

«Այս գրքում զետեղվել է 124 նամակ։ Ներառվել են Իսահակյանի մեծագույն սիրո՝ Շուշանիկ Մատակյանի տասը նամակները՝ ուղղված վարպետին, որոնք պահվում են Իսահակյանի ընտանեկան արխիվում։ Վերջերս Սարգիս և Վավա Խաչատրյանների ֆոնդում Վավայի ձեռագրով մի սևագիր նամակ գտանք, որը գրեթե անընթեռնելի էր, սակայն մեծ դժվարությամբ վերծանեցինք ու պարզվեց, որ շատ հետաքրքիր նամակ է, որը ևս ներառել ենք գրքում և ընդգրկել նաև այն արձակ ստեղծագործությունը, որի մասին խոսվում է նամակում»,-պատմեց Վիրաբյանը։

Նա կրկնեց, որ վարպետի մեծագույն սերը եղել է Շուշանիկ Մատակյանը, որին հիշել է մինչև կյանքի վերջը, ուստի վարպետի՝ Շուշանիկին նվիրված բանաստեղծությունները մեծ մաս են կազմում։ «Սիրային նամակագրության ժանրում շատ հետաքրքիր են Շուշանիկի քրոջը՝ Աննա Մատակյանին նվիրված նամակները։ Նրանց նամակագրական կապը եկել է 1904-1905 թվականներին։ Այդ նամակները շատ գեղեցիկ են, ավելի հասուն են. պոետն արդեն կորցել էր իր մեծ սիրուն, և այդ մասին ևս խոսում է Աննայի հետ, իսկ իր կնոջը՝ Սոֆյա Իսահակյանին ուղղված նամակներն ավելի կենցաղային բնույթի են և ցույց են տալիս վարպետի հոգատարությունն ընտանիքի՝ կնոջ, որդու նկատմամբ»,-ընդգծեց Վիրաբյանը։

Գրքի կազմողը կարծում է, որ ժողովածուին ծանոթանալով ևս մեկ անգամ կփաստենք, որ Ավետիք Իսահակյանը կյանքին ու սիրուն փիլիսոփայորեն էր մոտենում, ինչը հատկապես ընդգծվել է Ջավահիր Ներսիսյանին ուղղված նամակներում։ Այդ նամակներում Իսահակյանը նշում է, որ տղամարդը կարող է ընկերություն անել կնոջ հետ, ոչ միայն սիրել նրան այնպես, ինչպես արուն սիրում է էգին։

Միջոցառմանն Իսահակյանի նամակներից ու ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին Իննա Խոջամիրյանը, Գայանե Սամվելյանն ու Սամվել Բաղինյանը։

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գյումրու դարբնության ավանդույթը»  թեմայով նամականիշը
Քննարկվել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների խորհրդատվական ֆորումի կազմակերպման հարցերը
Ֆասթ Բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը
Ադրբեջանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական նիստը