Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը, որը սեպտեմբերի 24-ից հյուրընկալել էր բարձրակարգ երաժիշտների Հայաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և այլ երկրներից, եզրափակվեց տպավորիչ համերգային ծրագրով՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին:

Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երեկոյին Բախի ստեղծագործություններով հանդես եկան ուսանողներ և հայ երգեհոնային դպրոցի վարպետներ: Հրաշալի կատարումներով հանդիսատեսին հոգևոր մեծ հարստություն նվիրեցին երգեհոնահարներ Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Լուսին Սարաջյանը, Աննա Առուստամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա), Նելլի Քալաշյանը (սոպրանո), Տիգրան Վարդանյանը (հոբոյ)։

-ի թղթակցի հետ զրույցում Կարինե Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնը մեծ դերակատարություն է ունենում երգեհոնային արվեստի հանրայնացման գործում, փորձի փոխանակման հարթակ է դառնում տեղի և արտերկրի երգեհոնահարների համար: «Մենք երգեհոնային արվեստի լավ դպրոց ունենք և չենք զիջում արտերկրի երաժիշտներին, սակայն երգեհոնը նրանց արվեստն է: Ե՛վ գործիքը, և՛ նվագացանկը ծնվել են Եվրոպայում, սակայն նրանց շատ հետաքրքիր է, թե ինչպես է այդ երաժշտությունը մատուցվում մեր երկրում»,-նշեց երգեհոնահարը:

Անդրադառնալով Բախին՝ Հովհաննիսյանը շեշտեց՝ ապշեցուցիչ է, որ ավելի քան 300 տարի Բախի գործերն արդիական են, երբեք չեն ձանձրացնում և մշտապես նորովի են բացահայտվում: «Ամեն անգամ Բախի գործերը լսելիս և նվագելիս մտածում եմ՝ Աստված իմ, ինչպե՞ս է նա դա արել: Նվագելիս ցանկանում ես հանդիսատեսին հասցնել այդ կախարդանքը, ասել՝ ժողովուրդ, տեսեք, թե ինչ է նա գրել, որքան հիասքանչ է»,-ընդգծեց Կարինե Հովհաննիսյանը, որն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, սակայն իր պրոֆեսորի հորդորով սկսել է երգեհոն նվագել և չի փոշմանել:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը վստահ է՝ փառատոնն այս տարի ևս հաջողեց, ինչի մասին են վկայում լեփ-լեցուն դահլիճներն ու հանդիսատեսի բուռն արձագանքը:

«Այս տարի հրավիրել էինք բացառիկ ու աշխարհով մեկ հայտնի երաժիշտների, որոնց ներկայությունը շատ պատվաբեր է երգեհոնային ցանկացած փառատոնի համար: Նրանք էլ պատիվ էին համարում մեր փառատոնին մասնակցելը, ինչը մեզ ուրախացնում է: Երաժիշտներն իրենց հետ Հայաստանից շատ կարևոր մասնիկ էին տանում՝ այն դարձնելով հանրայնացման նյութ: Փառատոնին հյուրընկալված բրիտանացի երգեհոնահար Ջոնաթան Սքոթն իր եղբոր հետ ֆիլմ նկարահանեց Հայաստանի մասին: Նրա յութուբյան ալիքը 100 միլիոնից ավելի դիտումներ ունի: Փառատոնը նաև անուղղակիորեն է նպաստում մեր երգեհոնային արվեստի հանրահռչակմանը»,-շեշտեց Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ երաժիշտներից յուրաքանչյուրն իր հետ Հայաստան բերեց իր երաժշտությունն ու մոտեցումները, որոնց պակասը կա. փառատոնին հնչել են բազմաթիվ պրեմիերաներ: Նրանք նաև շատ բան են տարել Հայաստանից, քանի որ յուրաքանչյուր համերգի եզրափակիչ հատվածում օտարազգի երաժիշտները կատարում էին հայ հեղինակների գործեր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան և այլք:

Ջոնաթան Սքոթը մշակել է Կոմիտասի «Շուշիկին» և այդ կատարումը հրապարակել իր յութուբյան ալիքում: Կատարումը մեծ արձագանք է գտել: Բազմաթիվ հետևորդներ են սկսել հետաքրքրվել Կոմիտասով ու նրա արվեստով:

Փառատոնի եզրափակիչ համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա հիշեց՝ երեք տարի առաջ, երբ մեկնարկել է փառատոնը, շատերը չեն հավատացել նրա հաջողությանը, իսկ այսօր փոխնախարարը հպարտությամբ է փաստում, որ փառատոնը կայացել է ու դարձել է տարածաշրջանի մշակութային կյանքի կարևոր մասնիկը:

«Այս տարի փառատոնի ծաղկաբույլը հիանալի էր, քանի որ հյուրընկալեցինք նշանավոր երգեհոնահարների Փարիզի Աստվածամոր տաճարից, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայից: Կարևորագույն իրադարձություննեից էր այն, որ համերգներ են կազմակերպվել նաև մարզերում, որտեղ հանդես են եկել արտերկրի հյուրերը: Տարբեր համերգներով ներկայացան մեր երգեհոնահարները, որոնց շնորհիվ վերականգնվում և զարգանում է մեր կատարողական դպրոցը»,-ասաց Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի նախաձեռնողներին, որոնց ջանքերով Երգեհոնային փառատոնը դառնում է մարզերը, Երևանն ու արտերկիրը միովորող բացառիկ երևույթ:

Երրորդ փառատոնին համերգներ են կազմակերպվել ոչ միայն Երևանում, այլև Չարենցավանում և Կապանում։ Հայաստան էին ժամանել Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։

Հնչել են դասական երգեհոնային ստեղծագործություններ, հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Փառատոնին, որն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կայացել է տասը համերգ։

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը
Արվեստը չի փոխարինվում, այն վերափոխվում է. ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Նկարիչների միջազգային օրը
Հայաստանի նկարիչների միությունը մասնագիտական տոնը նշեց «Սալոն 2025» ցուցահանդեսի բացմամբ
«Թրամփի ուղի» նախագիծը կարող է դառնալ Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. ՀՀ վարչապետ