Մատենադարանի «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական կրթական ծրագիրը հնարավորություն կտա ձեռագրաստեղծման արվեստին ծանոթանալ շոշափելի կրկնօրինակների միջոցով (կաշվե կազմ, եղեգնյա և փետուրե գրիչներ, մագաղաթի նմուշ, վուշե թելեր, կապտալ, միջուկ տախտակ, աստառ, տողաշար)։
Այդ նպատակով թանգարանում տեղադրվել են շոշափելի առանցքային ցուցադրության որոշ նմուշների շոշափելի մանրակերտեր: Պատրաստվել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Մալաթիայի Ավետարանի, Ֆիրդուսիի «Շահնամե»-ի շոշափելի կրկնօրինակները։
«Սա քաղաքակրթական հայտ է։ Յուրաքանչյուր հասարակություն, ազգային միավորում իր քաղաքակրթված լինելու չափանիշը և չափորոշիչը նաև որոշարկում է այն հանգամանքով, թե որքանով են հասանելի մշակույթն ու կրթությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ սեռական պատկանելությունից, տարիքից, ֆիզիկական հնարավորություններից և այլն։ Այն, որ այսօր իրականացնում ենք քաղաքակրթական ցատկ, թեկուզ դեռ չորս շոշափական նմուշ ներկայացնելով՝ փաստ է»,–ի հաղորդմամբ՝ հունվարի 29-ին ասաց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ ազդարարելով ներառական ծրագրի մեկնարկը։
Նա ընդգծեց, որ ներառականությունը նաև Մատենադարանի զարգացման ծրագրում է, որը կազմվել է՝ պետական քաղաքականությամբ առաջնորդվելով։
Խզմալյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում բարեփոխումներ են տեղի ունենում Մատենադարանի տարբեր ոլորտներում. 2,5 տարվա ընթացքում բացել են ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման լաբորատորիա, վերականգնողական թղթի արտադրամաս, շուտով կբացվի նաև արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիա։ ԵՄ աջակցությամբ առաջին հարկում գործում է միջնադարյան արվեստների, արհեստների և բժշկագիտության լաբորատորիան։
«Այս ամենի համատեքստում Մատենադարանի աշխատակիցների համար բարոյահոգեբանական առումով «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական կրթական ծրագրի մեկնարկն անհամեմատելի, անզուգադրելի իրադարձություն է»,-նշեց Մատենադարանի տնօրենն ու հայտնեց, որ կառույցի երկու սրահ մոտ ապագայում վերածվելու են քարտեզների սրահների, և յուրաքանչյուր ցուցադրության մեջ նախատեսում են նաև շոշափական նմուշներ ներառել։
ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներառականությունն իր կարևորությամբ անգերազանցելի է հանրային զարգացման համար։ «Ներառականությունն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց ներառման մասին չէ միայն. դա առաջին հերթին պետք է մեզ՝ որպես հանրություն։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր գործընթաց, որ իրականացնում ենք այս ուղղությամբ, էապես փոխում է բոլորիս, թույլ է տալիս նկատել բաներ, որոնք առօրյայում չենք տեսնում, ինչը սահմանափակում է մեզ, ոչ թե մյուսներին։ Այդ նրբանկատությունը, համադրելի մոտեցումները, որոնք Մատենադարանը դարձնում են բոլորի Մատենադարանը, իրականում այս կառույցը վերադարձնում է մեզ»,-հավաստիացրեց նախարարը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս ներկա էր միջոցառմանը։ Նա ընդգծեց այն հանգամանքը, որ մարդիկ համախմբվել են կարևոր խնդիրներ լուծելու համար։ Ըստ Մանասյանի՝ անհնար է ունենալ իրավական, մարդակենտրոն, արժեքահեն պետություն առանց բոլորի համար հավասար հնարավորությունների երաշխավորման։
«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ծրագրի իրականացման ընթացքում ոլորտի փորձագետներն ընթացիկ խորհրդատվություններ կանցկացնեն՝ կապված ցուցանմուշների և կրթական ծրագրի նախապատրաստական աշխատանքների հետ։
Ծրագրի հիմնական և ուղղակի նպատակային խումբը Երևանում և ՀՀ-ի մարզերում բնակվող տեսողության 1-ին և 2-րդ աստիճանի խանգարում ունեցող 4 տարեկանից բարձր անձիք են:




























































































































































































































































































































































































































































