
Արթիկ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Արթիկի գեղարվեստի դպրոցն անվանվել է ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Ս.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի անունով։
-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը։
«Հաճելի է, երբ նման պատվի են արժանացնում կենդանության օրոք, ինչը նաև շատ պարտավորեցնող է այն իմաստով, որ իմ կապն այս դպրոցի հետ էլ ավելի կսերտանա` վերածվելով լավ բարեկամության։ Կկազմակերպվեն վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, կփորձեմ իմ փորձը փոխանցել ապագա գեղանկարիչներին: Այս պատվավոր իրողության համար շնորհակալություն եմ հայտնում իմ գործնկերներին, որոնք դպրոցի անվանակոչման հարցում առաջադրել են իմ թեկնածությունը»,- ասել է Թադևոսյանը։
«Դպրոցի անվանակոչությունը հարգանքի և երախտիքի խոսք է Վարպետի ստեղծագործական ուղուն և կարևոր գործոն է համայնքի մշակութային կյանքի կայացման ճանապարհին»,- ասել է Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։
WhatsApp Image 2026-02-09 at 10.48.19.jpeg
Գույնի և բնության միջոցով մարդու ներաշխարհը բացահայտելու մեծ վարպետ Հրանտ Թադևոսյանի ավանդը չի սահմանափակվում միայն իր մեծածավալ ստեղծագործական արժեքով․ անգնահատելի է նրա դերը երիտասարդ սերնդին իր փորձը փոխանցելու և կրթելու գործում, ինչը վարպետը նվիրումով տասնյակ տարիներ իրականացնում է ՃՇՀԱՀ-ում։
«Այս անվանակոչությամբ մենք հաստատում ենք մի կարևոր սկզբունք․ կրթական և մշակութային համակարգը պետք է կարողանա գնահատել իրական վաստակը ժամանակին։ Սա ուղերձ է թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին, որ ազնիվ աշխատանքը, հետևողականությունն ու մասնագիտական նվիրվածությունը տեսանելի են և գնահատված»,- ասել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։

Հրանտ Թադևոսյանի անվան դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը էլ նշել է, որ իրենց դպրոցից են ստեղծագործական ուղին սկսել բազմաթիվ անվանի արվեստագետներ, որոնք տարիներ շարունակ ոչ միայն դասավանդել են դպրոցում, այլև այսօր էլ շարունակում են աջակցել, սատարել դպրոցին։ «Դպրոցն անվանակոչելով Հրանտ Թադևոսյանի անունով` վստահ ենք, որ այսուհետ առավել կամրապնդվի արվեստագետների համախմբվածությունն ու համագործակցությունը դպրոցի հետ, ինչը կնպաստի կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական հաջողություններին»,- ասել է Մերգելյանը։


































































































































































































































































































































































































































































































































