Սալոնիկի քաղաքապետարանի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության աջակցությամբ Սալոնիկի քաղաքապետարանի մեծ սրահում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես՝ «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ։

Ինչպես -ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսն իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են շուրջ 100 նկար՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի բացման ուղերձներով հանդես են եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Սալոնիկի փոխքաղաքապետ Սպիրոս Ցելեպիսը։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ցուցահանդեսի կազմակերպման նախապատմությունը՝ ընդգծելով է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի դերը տաղանդաշատ երեխաներին ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելու համար։ Դեսպանը կարևորել է հայաստանյան արվեստի դպրոցների սաների այս բացառիկ ցուցահանդեսը, որը միտված է հայ և հույն ժողովուրդներին ավելի փոխադարձ ճանաչելի դարձնելուն և միմյանց ավելի սերտացնելուն։

Նա նաև հավելեց, որ դեսպանությունը Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում առաջ է մղում մշակութային դիվանագիտության նախաձեռնություններ, որոնք Հայաստանին ավելի տեսանելի են դարձնում բարեկամ հույն ժողովրդի համար։

Նորարարության, ձեռներեցության և երիտասարդության հարցերով Սալոնիկի փոխքաղաքապետ Սպիրոս Ցելեպիսը ողջունեց Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությունը Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսի անունից, և միաժամանակ բարձր գնահատեց հայաստանյան արվեստի դպրոցի սաների աշխատանքը։ Նա նշեց, որ երկու երկրների՝ Հայաստանի և Հունաստանի, առասպելաբանությունները զբաղեցնում են առանձնահատուկ տեղ մշակութային ավանդույթում և պահպանում են իրենց ուղերձների արդիականությունը՝ միաժամանակ առաջարկվող գեղագիտական հաճույքի միջոցով։ Ըստ նրա, առասպելները երբեք չեն բացակայել որևէ պատմական ժամանակաշրջանից. դրանք պահպանվել և պահպանվում են հազարամյակներ շարունակ, ինչը ընդգծում է դրանց կարևորությունը։

Միաժամանակ փոխքաղաքապետ Ցելեպիսը հավելեց, որ չնայած երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հայկական առասպելաբանությունը հույների համար հիմնականում անհայտ է, և նման նախաձեռնությունների միջոցով է նաև, որ հայկական ավանդույթները և մշակույթը ճանաչելիություն են ձեռք բերվում և արժանվույնս գնահատվում։

Ցուցահանդեսին ներկա էին Սալոնիկի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի պատասխանատուն, Հունաստանի խորհրդարանի անդամներ, Մակեդոնիա և Թրակիա շրջանի ռազմական, քաղաքական և կրոնական վերնախավի ներկայացուցիչներ, Սալոնիկում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, պատվո հյուպատոսներ, մտավորականներ, լրագրողներ։

Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդեց ընդունելություն։

Ցուցահանդեսը Սալոնիկում բաց կլինի մինչև փետրվար ամսվա վերջ։