Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է ժամանակակից երաժշտության փառատոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը մեկնարկել է փետրվարի 21-ին և կանցկացվի մինչև մարտի 30-ը։ Ինչպես -ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնային ծրագրում ներառված յոթ համերգներում ներկայացվում են 20-րդ դարի, ինչպես նաև՝ արդի անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում՝ համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։

Փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի է ունեցել Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև Ալեքսանդր Աճեմյանի Տոնական նախերգանքը։ Ի նշանավորումն Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյա հոբելյանի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան, որը տասնամյակներ շարունակ չէր հնչել հայկական բեմում։

Փառատոնի շրջանակում կայացել է նաև ժամանակակից հայտնի թավջութակահար Մարիո Բրունելլոյի մենահամերգը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է և հայ հանդիսատեսին ներկայացրել է «Բախ-Վայնբերգ» համերգային ծրագիրը։

Փառատոնային ծրագրի հաջորդ համերգային ծրագրում հնչել են Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Արթուր Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լևինգսթոն ճայը» գրական երկի հիման վրա։ Նվագախումբը ներկայացրել է նաև Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Հնչել է նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կատարվել է առաջին անգամ (մենակատար՝ Մարիո Բրունելլո)։

Ժամանակակից երաժշտության փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 5-ին դիրիժոր՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Ֆերնանդո Օսկար Գաջին, մենակատար՝ Հեղինե Ռափյան (դաշնամուր)։

Փառատոնային մյուս համերգները տեղի կունենան մարտի 16-ին, 17-ին և 30-ին:

Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստն ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։

Ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։

Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ նպատակով իրականացվում են հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված մի շարք աշխատանքներ՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրում, տեսագրում և միջազգային հարթակներում թողարկում, նոտաների թվայնացում և հրատարակում:

Հայաստանի թիմը՝ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթող
Գրողներն անմահություն են ստեղծում. հայ հեղինակները գրական միջոցառմամբ տոնեցին մասնագիտական օրը
Միրզոյանը և Բարոն հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Հայաստանի վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի գործընկերոջ հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է 20-ամյակը. սպասվում են նոր ծրագրեր և Լանգ Լանգի մասնակցությամբ համերգ

Քսան տարվա ստեղծագործական ընթացքը, բեմերից հնչած հարյուրավոր համերգներն ու նոր սերնդին դասական երաժշտությանը կապելու ձգտումը միավորվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական տարում։ Տոնական ծրագրերի շարքում առանձնանում է ապրիլի 14-ի համերգը՝ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ, որը խոստանում է դառնալ տարվա ամենանշանակալի երաժշտական իրադարձություններից մեկը։

-ի հաղորդմամբ՝ նվագախմբի 20-ամյակին նվիրված ասուլիսի ընթացքում ներկայացվեցին հոբելյանական տարվա ծրագրերը՝ անդրադառնալով ինչպես անցած ուղուն, այնպես էլ առաջիկա նախաձեռնություններին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ Պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի լավագույն մշակութային կառույցներից: Նրա խոսքով՝ արդեն 20 տարի նվագախումբը հանդես է գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում՝ ակտիվ գործունեություն ծավալելով նաև մարզերում, ինչը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։

«Պետությունը շարունակաբար աջակցում է նման կառույցներին՝ նպաստելով դրանց զարգացմանը. միայն անցած տարի նվագախումբը Գերմանիայում հանդես է եկել մի շարք համերգներով, որոնց մի մասը ֆինանսավորվել է պետության կողմից։ Նախատեսվում են նոր ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում և այլ տարածաշրջաններում»,-ասաց նախարարի տեղակալը։

Դանիելյանը կարևորեց նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցումն ու հանրահռչակումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ իրականացվում են պետականորեն աջակցվող ծրագրեր, այդ թվում՝ ժամանակակից կոմպոզիտորների փառատոնը։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունները նպաստում են հայկական մշակույթի միջազգային դիրքերի ամրապնդմանը և այն փաստին, որ Հայաստանը ներկայանում է որպես համաշխարհային մշակութային քարտեզի լիարժեք մաս։

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ տարբեր նախագծերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս հասնել սահմանված նպատակներին և միջազգային հարթակներում ներկայացնել հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստը։

«20-րդ հոբելյանական համերգաշրջանը, որը մեկնարկել է սեպտեմբերից, ներառում է բազմաբնույթ ծրագրեր Երևանում, մարզերում և արտերկրում։ Վերջին տարիներին իրականացված նախագծերը զգալիորեն նպաստել են երիտասարդ հանդիսատեսի ներգրավմանը․ որոշ համերգների ընթացքում երիտասարդների մասնակցությունը հասել է մինչև 60 տոկոսի, ինչը կարևոր ձեռքբերում է»,-ասաց նա:

Բալբաբյանը կարևորեց նաև կրթական ծրագրերը, մասնավորապես դպրոցներում իրականացվող «Սիմֆոնիկ ԴասA» նախաձեռնությունը, որն ուղղված է երիտասարդներին դասական երաժշտությանը մոտեցնելուն։ Նա նշեց, որ մարզերում անցկացվող համերգները հաճախ ուղեկցվում են կրթական բաղադրիչով՝ առավել խոր ազդեցություն ապահովելու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ընդգծեց, որ նվագախմբի գլխավոր ձեռքբերումներից մեկը ակտիվ և արժեքներ ստեղծող թիմ ունենալն է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին նվագախումբը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ մեկ տարվա ընթացքում անցկացնելով հարյուրից ավելի համերգներ Հայաստանում և արտերկրում։

«Նվագախումբը ոչ միայն ներկայացնում է համաշխարհային դասական երաժշտություն, այլև կարևորում է հայկական նոր ստեղծագործությունների հնչեցումը՝ ցույց տալով, որ Հայաստանն ունի ժամանակակից և մրցունակ մշակութային ներուժ։ Կարող եմ ասել, որ հայկական մշակույթը վաղուց դուրս է եկել «իզոլացված» լինելու սահմաններից և ներկայանում է որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մաս»,-ասաց նա:

Սմբատյանն առանձնահատուկ կարևորեց ապրիլի 14-ին կայանալիք համերգը՝ նշելով, որ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությունը մեծ իրադարձություն է ոչ միայն նվագախմբի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նա ընդգծեց, որ նման մակարդակի արտիստների ներկայությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանում ձևավորվել է բարձրակարգ գործընկերային միջավայր։

«Լանգ Լանգի հետ նախատեսում ենք կատարել Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը։ Ընտրությունը պատահական չէ, քանի որ այն դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատ կատարվող գործերից է, որը սիրված է նաև հանդիսատեսի կողմից»,-ասաց նա:

Սմբատյանը նշեց, որ թեև նման մակարդակի արտիստները հաճախ նախընտրում են նոր կամ քիչ կատարվող ստեղծագործություններ, այս դեպքում կարևոր է եղել ներկայացնել այնպիսի գործ, որը թույլ կտա առավել ընդգծել համերգի հանդիսավորությունն ու հասանելիությունը լայն լսարանի համար։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն անդրադառնալով նվագախմբի ստեղծման պատմությանը, նշեց, որ այն ձևավորվել է գաղափարի և թիմային աշխատանքի արդյունքում՝ դեռ ուսանողական տարիներին։ Նրա խոսքով՝ սկզբում երիտասարդ երաժիշտների մի խումբ, միավորված երաժշտության հանդեպ սիրով, նախաձեռնել է ստեղծել ուսանողական նվագախումբ, որը հետագայում, գրանցած հաջողությունների շնորհիվ, վերաճել է պետական կառույցի։

«Նվագախմբի կայացման ճանապարհը հեշտ չի եղել, սակայն թիմի հավատը և միասնական տեսլականը հնարավորություն են տվել հաղթահարել դժվարությունները։ Դեռ առաջին ելույթներից հետո, այդ թվում՝ արտերկրում, մասնավորապես Բեռլինում ունեցած հաջողությունները, մեծ խթան են դարձել զարգացման համար»,-ասաց Սմբատյանը:

Նա նշեց, որ 2011 թվականին նվագախումբը ստացել է պետական կարգավիճակ, ինչը նոր հնարավորություններ է բացել՝ Հայաստանը ներկայացնելու որպես բարձրակարգ կատարողական արվեստ ունեցող երկիր։ Սմբատյանի փոխանցմամբ՝ իրենց հիմնական նպատակը եղել է ցույց տալ, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ երիտասարդներ, որոնք ունակ են մրցունակ ներկայանալ միջազգային հարթակներում։

Դիրիժորի խոսքով՝ տարիների ընթացքում ձևավորվել է կայացած կոլեկտիվ, որն արդեն ոչ միայն ներկայացնում է Հայաստանը, այլև որոշ դեպքերում թելադրում է երաժշտական օրակարգ՝ համադրելով դասական և ժամանակակից մոտեցումները։ Նա հավելեց, որ այս ամբողջ ճանապարհի հիմքում եղել է հավատը, որ Հայաստանը կարող է ունենալ ուժեղ սիմֆոնիկ մշակույթ և զարգացող կատարողական արվեստ:

Նրա խոսքով՝ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում են նաև նոր ձևաչափերի համերգներ և միջազգային համագործակցություններ, որոնք միտված են սիմֆոնիկ արվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը։

Բանախոսները միաձայն նշեցին, որ նվագախմբի գործունեությունը շարունակելու է զարգանալ՝ պահպանելով դասական արժեքները և միաժամանակ բաց լինելով նորարարական մոտեցումների համար։ Նրանք վստահեցրին, որ 20-ամյակը նոր փուլ կդառնա նվագախմբի պատմության մեջ՝ առավել ընդլայնելով նրա միջազգային ներկայությունն ու լսարանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանի մարզային այցելությունների շարքը մեկնարկեց Գյումրիից

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանի մարզային այցելությունների շարքը հանդիսավորությամբ մեկնարկեց Գյումրիից: Մարտի 26-ին Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարկի տակ հնչեցին Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոյի և թատրոնի համար գրված անմահ մեղեդիները։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը, որն արդեն յոթ տարվա պատմություն ունի, հաստատվել է անձամբ Մաեստրոյի կողմից: «Սիմֆոնիկ Մանսուրյան. կինոերաժշտությունը Գյումրիում» համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Հատկանշական է, որ ներկայացված ստեղծագործություններից շատերի հիմքում ընկած ֆիլմերը նկարահանվել են հենց Գյումրիում՝ երեկոն էլ ավելի հարազատ դարձնելով տեղի հանդիսատեսի համար։ Համերգային ծրագիրն աչքի ընկավ ինտերակտիվ լուծումներով։ Երեկոյի ամենասպասված պահերից մեկը հանդիսատեսի անմիջական մասնակցությունն էր. համերգային թերթիկների վրա զետեղված QR կոդերի միջոցով ունկնդիրները հնարավորություն ստացան քվեարկել իրենց սիրելի ստեղծագործության օգտին։ Արդյունքում՝ երեկոյի ավարտին նվագախումբը կատարեց առավելագույն ձայներ հավաքած «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը։

Կենդանի կատարումներն ուղեկցվում էին ֆիլմերից հատվածների ցուցադրությամբ, ինչն ավելի էր ամբողջացնում մանսուրյանական մթնոլորտը։ Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը -ի թղթակցին ասել է, որ սա իրենց ամենապահանջված ծրագրերից է: «Մանսուրյանի երաժշտությունը շատ սիրված է հայ ունկնդիրների և հատկապես գյումրեցիների կողմից։ Ուրախալի է, որ շատերը նույնիսկ Երևանից էին եկել Գյումրի՝ հատուկ այս համերգի համար. սա մշակութային տուրիզմի կարևոր դրսևորում է»,-հավելել է Սարգիս Բալբաբյանը։

Գյումրիում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները միայն այսքանով չեն ավարտվում. նվագախումբը շարունակում է իրականացնել նաև գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հեղինակած «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը, որի նպատակն է ձևավորել մշակութապես կիրթ և իրազեկ սերունդ։ Ծրագրի առաջին փուլին Գյումրիում մասնակցել է շուրջ 3000 մասնակից, կայացել է ավելի քան 30 ինտերակտիվ դաս և ամփոփիչ 5 համերգ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին Չինաստանում է, որտեղ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագակցում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողից։ Այս տարի այն անցկացվում է «թավջութակ» անվանակարգում։ Մասնակցում են թավջութակահարներ աշխարհի տարբեր ծայրերից։

Հարկ է նշել, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այն եզակի մշակութային նախագծերից է, որն ունի լայն աշխարհագրություն և իրականացվում է նաև Հայաստանից դուրս։ Արդեն երրորդ տարին է, որ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ջանքերով և չինացի գործընկերների հետ համագործակցությամբ մրցույթը կազմակերպվում է նաև Չինաստանում՝ այս երկրում Արամ Խաչատրյանի անվան շուրջ համախմբելով մեծաթիվ երաժիշտների ու աշխարհին ներկայացնելով հայ մեծ կոմպոզիտորի մշակութային ժառանգությունը, ինչը մեծ ձեռքբերում է Խաչատրյանի արվեստը հանրայնացնելու ճանապարհին։ Մրցույթի գալա համերգն ու պարգևատրման արարողությունը կկայանան դեկտեմբերի 27-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առանձին համերգներով հանդես կգա նաև Չինաստանի երեք քաղաքներում։

Մրցութային փուլերը և հունվարի 1-ին կայանալիք համերգը հեռարձակվում են չինական հեռուստաընկերություններով ու դասական երաժշտության այլ հարթակներով՝ բազմահազարանոց լսարանին նույնպես առցանց տիրույթում հաղորդակից դարձնելով համերգներին։

Վիգեն Չալդրանյանը հոբելյանի առթիվ պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալով
Կինոյի և թատրոնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը տոնում է 70-ամյակը
Նոր հասցեում փաստացի հաշվառվելն այսուհետ կարող է իրականացվել առցանց եղանակով