Իրանի մշակույթը բզմաշերտ է ու սիրուն։ Շատ եմ ուզում, որ շփումների ընթացքում սովորենք իրարից, հատկապես այն, թե ինչպես են իրենց ինքնությունը պահում»,- ասում է իրանահայ գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը, ում հետ զրուցել ենք Իրանում բնակվելու տարիների, իրանահայերի կյանքի, Հայաստան վերադառնալու, Իրան-Հայաստան կապի ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Ձեր մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն անցել են Իրանում ինչպե՞ս կնկարագրեք այդ տարիները։

Դժվար հարց է։ Վայրիվերումներով տարիներ էին․ Իրան-Իրաք 8-ամյա պատերազմն էր, որի ժամանակ բանակում էի ծառայում և միակ նպատակս էր՝ ծառայությունից հետո անձնագիր ստանամ և գամ Հայաստան։ 1987 թիվն էր, երբ եկա ՀՀ՝ սովորելու ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Մեծ երազանք էր, որն իրականացավ։ Համայնքային կյանքը շատ հետաքրքիր է, կարծես փոքրիկ Հայաստան լինի, բայց պատանեկան տարիներին, երբ նոր սկսում ես քեզ ճանաչել՝ Իրանում հեղափոխություն եղավ։ 15-16 տարեկան էի այդ ժամանակ։ Իրանը, ինչպես Հայաստանը միշտ եղել է իրադարձությունների կիզակետում, և մեր կյանքը խաղաղ չի անցել այս տարիների ընթացքում։ Հեռանկար չի եղել․ պատերազմից հետո միշտ ուրիշ բան էր պատահում, հիմա էլ տեսնում եք, թե ինչ իրավիճակ է։ Հուսամ՝ գալիք սերունդներն այս տարածաշրջանում խաղաղ կապրեն, ու իրենց ապագան այդքան մշուշոտ չի լինի։

– Այդ մշուշոտ ապագայից ելնելո՞վ էիք ցանկանում Հայաստան գալ, թե՞ ուղղակի Հայրենքի հանդեպ ունեցած սերն էր կանչում։

– Երբ սկսել եմ ինձ ճանաչել՝ փորձել եմ ծանոթանալ իմ հայրենիքի հետ։ Այն ժամանակ կապ չկար։ Հարազատ քույրս հայրենադարձվեց, և ես իրեն չհանդիպեցի մոտ 30 տարի։ Իրանում հայկական ռադիոն կար, և երեկոյան ժամը 23։00-ին պարտադիր լսում էինք։ Հնչում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը․․․։ Հիշում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը երբ «Հուշարձաններն» էր երգում, ակամայից ոտքի կանգնեցի։ Այդ երգի մեջ այնքան հզորություն, հայրենասիրություն էի զգում։ Հայրենիքը մտավ իմ բջիջների մեջ, սկսեցի իր հետ ապրել։ Համայնքում կային և կան հայկական միություններ, որոնց համար խիստ կարևոր է հայապահպանումը, հայեցի դաստիարակությունը։ Ճամբարներ էին կազմակերպում աշակերտների համար, և առաջին հանդիպումս Հայաստանի հետ եղել է ճամբարներից մեկում։ Իրանում կա Սուրբ Թադեի վանքը, որի հարակից բակում՝ վրաններում, մեկ շաբաթ մնացինք ու վաղ առավոտյան 05։00-ին բոլորիս արթնացրեցին՝ ասելով, որ բարձրանում ենք մի բլուր, որպեսզի այնտեղից տեսնենք Արարատը։ Բարձրացանք, Մասիսի ձյունածածկ գագաթը տեսանք ու, պարզապես, քարացանք։ Լեռան մյուս կողմում Հայաստանն էր, Երևանը։ Այդ պատկերը միշտ ինձ հետ է, ոնց որ առաջին հանդիպումն էր, ու խորը հետք թողեց։ Ամբողջ կյանքում երազել եմ մեկ օր ոտք դնել Հայաստան։

Իրանը սիրում եմ, իմ հայրենիքն եմ համարում, բայց կարոտում էի Հայաստանը, ու 1987թ․, երբ մտա ՀՀ, ուղղակի ուժասպառ եղա։ Հայաստանը, որն առաջին անգամ տեսա, այն էր, որի մասին երազում էի։ Երբ հետո, գործի բերումով վերադառնում էի Իրան՝ ՀՀ-ի հետ սահման չկար և Գյումրիից գնում էինք Կարս, ու, երբ գնացքը շարժվեց՝ ուշաթափվեցի։ Միայն հիշում եմ, որ ջուր էին ցողում երեսիս, որ ուշքի գամ։ Այդ պահին զգացի, որ մեկն ինձ արմատից հանեց ու դուրս շպրտեց։ Սարսափելի զգացողություն է, մորից բաժանվելու նման։ Ամբողջ ճանապարհին լացել եմ։ 4 տարի անց վերադարձա՝ կրթությունս կիսատ էր մնացել, պետք է լրացնեի։

Հայրենասեր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։

– Հայրենիքն իմ ինքնությունն է։ Քուրդ ընկեր ունեմ, ում հետ զրույցում պատմում էի Հայաստանի դժվարությունների, բազում խնդիրների մասին, և երբ խոսքս ավարտեցի՝ նայեց ու ասաց․ «Երանի ես էլ հայրենիք ունենայի, նստեի ու խնդիրները քեզ պատմեի»։

Ինձ թվում է՝ դրանից ավելի վատ բան չկա, որ մեկին ասեն՝ անհայրենիք։ Սարսափելի բան է։ Մեկ-մեկ, երբ ասում են, թե ինչո՞ւ եկար ՀՀ, պատասխանում եմ, որ պատկանելիության զգացողություն ունեմ։ Հայաստանը փոքր է, ու դա էլ է ինձ դուր գալիս։ Քեզ թվում է՝ փողոցում բոլորին ճանաչում ես, այն կնոջը երեկ էլ ես հանդիպել ու իրականում այդպես էլ եղել է։ Թվում է՝ կարող ես մեկի դուռը թակել ու մեկ բաժակ ջուր ուզել։ Պատկանելիության զգացողությունը սրբության պես բան է ինձ համար։ Շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Այն օրվանից, երբ եկա Հայաստան՝ լիարժեք վայելում եմ պատկանելիության զգացողությունը։ Սա այն է, որ ոչ մի բանի հետ չեմ փոխի։

– Երբ եկել եք ՀՀ բնակվելու՝ բնականաբար եղել են դժվարություններ, բայց հետ չեք վերադարձել, որ վատ օրինակ չդառնաք մյուսների համար։ Մեզ համար օդ ու ջրի պես կարևոր է հայրենադարձությունը, սակայն, թե՛ Իրանից, թե՛ այլ երկրներից ո՞ր դեպքում հետ կվերադառնան։

– Հայաստան գալը նույնիսկ որոշում էլ չէ։ Կամ զգում ես, որ պետք է գնաս տուն, կամ թափառական լինես՝ ինչքան էլ լավ կյանք ունենաս։ Բոլորովին չեմ մեղադրում նրանց, ովքեր գնացել են․ պատճառները տարբեր են։ Եկա ՀՀ, երբ պահը հասունացավ։ Իրանում շատ լավ ապրում էի, աշխատում էի տեղի հանրային հեռուստաընկերությունում, հաղորդավար էի, բարձր աշխատավարձ էի ստանում, բայց մի պահ զգացի, որ էլ չեմ կարող։ Չեմ մտածել, թե ոնց եմ ապրելու, շատ ինքնավստահ էի գալիս։ Ինձ հետ այլ մարդիկ էլ էին եկել, շատերը վերադարձան, բայց ես այդ օրը եկա ու վառեցի վերադարձի բոլոր կամուրջները, չնայած այնպիսի իրավիճակներում հայտնվեցի, որ գուցե ելքը վերադարձն էր, սակայն ուրախ եմ, որ հաղթահարել եմ։

– Պատմվածքներում անդրադառնում եք իրանահայերի առօրյային որքանո՞վ է տարբերվում մեր առօրյայից։

– Ընդհանրապես մարդկանց առօրյան շատ եմ սիրում (Ծիծաղում է.- Ա․Կ)։ Մեկ բաժակ սուրճ, թեյ խմելը, գաթայի բույրն ասոցացվում է հայկականության, մանկության հետ։ Շատ նման են իրար։ Կոնկրետ ժամը 10։00-ին պետք է սուրճ խմեն։ Մայրս ուներ զրադաշտ, քուրդ, մուսուլման, իհարկե, և հայ ընկերուհիներ, որոնք հավաքվում էին մեր տանը, սուրճ խմում, պարտադիր բաժակ նայում։ Այդ ամենն ինձ ջերմություն էր փոխանցում։

Սեղան են բացում, խորոված սարքում․․․ դա շատ եմ սիրում։ Մեծ գերդաստան էինք, հավաքվում էինք, ամեն կենացից հետո երգում, արտասանում։ Կրկնակի այդ ջերմությունը զգացի այստեղ, որովհետև վերջին տարիներին կորցրել էի այդ ամենը, քանի որ մեծերը մահացան, երեխա, թոռ՝ աշխարհով մեկ ցրվեցին, և չկար այդ գերդաստանային զգացողությունը։

Տարիներ առաջ Իրանում եղել է ինքնության պահպանման խնդիր, անգամ աշխատել են, որպեսզի հայ աղջիկներն իրանցիների հետ չամուսնանան հիմա մենք ունե՞նք այդ խնդիրը։

– 17-րդ դարում՝ բռնագաղթի արդյունքում, երբ հայերը հայտնվում են Իրանում, անսովոր է եղել. փոքրիկ համայնք ու մի աշխարհ մուսուլման։ Առաջին տեղը, որտեղ մեծ համայնք են կառուցել՝ Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասն է, ու այնտեղ 25 եկեղեցի են կառուցել, որից 13-ը հիմա գործում է։ Ինձ թվում է՝ ինքնապաշտպանվելու զգացողություն է եղել։ Լավ հիշում եմ՝ հայկական թաղամաս պարսիկ տղաները չէին կարողանում մտնել՝ վախենում էին հայ տղաներից։ Նրանք չէին կարող գալ, շփվել հայ աղջիկների հետ։ Պատահում էր, որ սիրահարվում էին, բայց ընտանիքը նրան լքում էր։ Այն ժամանակ, եթե հայ աղջիկն ամուսնանում էր պարսիկ տղայի հետ՝ ասում էին թուրքացել է։ Սարսափն ուզում էին ավելի ընդգծել։ Կարծում եմ՝ միշտ էլ ինքնության խնդիր են ունեցել իրանահայերը և, հատկապես, Միջին Արևելքում ավելի է ընդգծվել․ դրա համար շատերը զարմանում են, երբ Իրանից մարդիկ գալիս են ու հեշտությամբ խոսում են հայերեն։ Պատճառն այն է, որ բոլորի տանն արգելված է եղել պարսկերեն խոսելը։ Դու չես կարող պարսկերեն բառ փոխանակել տանը։

Հիմա համայնքները դատարկվել են, նույն փողոցում եթե ծայրից ծայր հայեր էին ապրում, այժմ կարող է 5 ընտանիք լինել, մնացածն այլազգի։ Կորցրել ենք մի քանի թաղամասեր։ Ունեինք Հեշնաթիե թաղամասը, որը հայերը Սարդարապատ էին ասում, բայց գրեթե հայ չի ապրում այնտեղ։ Հայկական թաղամասերը կամաց-կամաց իրենց դեմքը փոխում են, կորցնում առաքելությունը։ Երիտասարդները ձգտում են ուրիշ թաղամասեր, ցրվում են անընդհատ։

– Եթե տեղափոխվում են այլ թաղամասեր, ապա հայկական դպրոց չի լինի։

– Այո, հայկական դպրոցներն էլ են զիջել իրենց դիրքերը։ Մի մասն արդեն փակվել է։ Իրանում հայերը միշտ էլ կարևորել են կրթությունը, որն ինքնությունը պահպանելու մեկ այլ ձևն է եղել․ պետք է շատ լավ բժիշկ, արհեստավոր, ինժեներ լինես, որ պարսիկների մեջ կարողանաս գլուխդ պահել։ Դպրոցները սկսեցին նահանջել, քանի որ հնարավորություններն էին պակասել, մահացել են, չկան բարերարներից շատերը, ովքեր օգնում էին, այլևս չեն աշխատում բարեգործական միությունները, ուստի հայ երիտասարդ ընտանիքները ձգտում են երեխաներին տանել պարսկական մասնավոր դպրոցներ, որտեղ կրթական մակարդակն ավելի բարձր է։ Բայց ընտանիքում դաստիարակվում են հայեցի։

– Իրանում հայերի ունեցած ներդրման մասին խոսենք որքանով տեղյակ եմ՝ անգամ առաջին շուրջօրյա դեղատունն այնտեղ հայ է բացել։

– Իզուր չէ, որ իրանցիները շատ են սիրում հայերին։ Նորություն չեմ ասի, բայց հայ լինելն Իրանում բրենդի պես մի բան է։ Բոլորը ձգտում են հայ ընկեր ունենալ, ինչ-որ ձևով շփվել հայկական ընտանիքի հետ։ Հայերը շատ մեծ բաներ տվեցին Իրանի հասարակությանը՝ սկսած սեղան-աթոռից օգտվելուց, որովհետև իրանցիները սովորություն ունեն՝ գորգին են նստում։ Առաջին սրճարանները հայերը բացեցին, իրենց հետ տարան թխվածքի մշակույթը։ Արմեն Մինասյանն առաջին շուրջօրյա դեղատունը հիմնեց։ Առաջին բարեգործական ծերանոցը, քառաձայն երգչախումբը հայերը հիմնեցին Իրանում։ Ռուբեն Համբարձումյանն առաջինն էր, որ պարսկական ժողովրդական երգերը քառաձայն ներկայացրեց։ Առաջին կինոն՝ «Աբի-ռաբի» անունով՝ Հովհաննես Օհանյանն էկրանավորեց, առաջին դերասանուհին հայուհի էր՝ Լորետա Հայրապետյանը, որովհետև պարզ էր՝ իսլամական երկրում կինն այդքան հեշտությամբ չէր կարող բեմ դուրս գալ, և դերերը ստանձնում էին հայ կանայք։ Բրիտանիայում առաջին դեսպանը Հովհաննես Խան-Մասեհյանն է եղել, ով հետագայում Շեքսպիրի գործերը թարգմանեց, որը դասավանդվում է բուհերում։

– Որպես հարևաններ՝ իրար լավ ճանաչո՞ւմ ենք։

– Ոչ։ Հարաբերությունները պետք է զարգանան, ու առաջին հերթին հնարավորությունների մասին պետք է իմանանք։ Գործարարները հասկացել են, որ պետք չէ հասնել Դուբայ, եթե հարևան երկիրը մեծ հնարավորություններ ունի, և ավելի մատչելի է ապրանքը։ Սալիկների 90 տոկոսը սկսեցին Իրանից բերել, երբ հասկացան, որ ուրիշ տեղերից բերելու համար մեծ ծախսեր պետք է անեն, ավելին, փշրվում է, մինչև տեղ է հասնում։ Իրանի 85 միլիոնանոց շուկան մեզ համար կարևոր է։ Հույսներս չպետք է դնենք ՌԴ վրա, Իրանի շուկան շատ կենսունակ է։ Կարող ենք մեր ապրանքները արտահանել Իրան՝ հասկանալով շուկայի պահանջները։ Երբ խանութներում նայում ես՝ հայկական լավաշ է վաճառվում, Ջերմուկ շատ կա, իրենք սիրում են։

Մշակութային առումով համագործակցություն կա՞։

– Այո, վերջերս Եղիշե Չարենցի լավագույն պոեմներից մեկը՝ «Չարենց֊ Նամե» պոեմը, թարգմանել եմ պարսկերեն, իսկ հայերեն թարգմանել եմ Ռումիի, Հաֆեզի գործերը։ Շատ եմ ուզում հայ գրականությունը ներկայացնել իրանցի ընթերցողին։ Երկու ժողովուրդներն ունեն մշակութային մեծ հնարավորություններ, որ պետք է փոխանակեն․ օրինակ, կավագործությունը մեծ անցյալ ունի և՛ Հայաստանում, և՛ Իրանում։ Վարպետները պետք է կարողանան իրար հետ աշխատել։

Ինչպե՞ս եք ընտրում, թե որ բանաստեղծի գործն է պետք թարգմանել։

– Իրանական գրականությունը շատ հարուստ է։ Տուրերի ժամանակ նաև Շիրազ էինք այցելում և Հաֆեզի դամբարանը պարտադիր ծրագրի մեջ էր։ Փորձում էի ոչ միայն կենսագրությունը ներկայացնել, այլ այն, թե ինչո՞ւ է նրան Շիրազը սիրել, Սայաթ-Նովան ազդվել, ու սկսեցի տուրերի համար թարգմանություններ անել, և արձագանքները շատ լավ էին։ Թարգմանեցի, տպագրվեց, հետո սկսեցի Ռումիի ստեղծագործությունները թարգմանել, շուտով կհրատարակվեն Խայամի գործերը։ Մեծություններից հետո կներկայացնեմ ժամանակակից գրականությունը։ Փոխադարձաբար կուզեմ, որ իրանցիները ծանոթանան մեր դասական գրականությանը։ Շատ կուզեի Սայաթ-Նովա թարգմանել։ Մեր գուսանական և աշուղական դպրոցն իմաստալից պոեզիա ունի։

Մի փոքր նախանձում եմ իրանցիներին, որովհետև ոչ միայն պատմամշակութային ժառանգությունն են դարերով պահպանում, այլև մեծարում են իրենց մեծերին։ Հաֆեզի գերեզմանն, օրինակ, վարդերով, նարնջենիներով այգում է։

Ավելին, հերթ է՝ տոմս գնելու համար։ Ընտանիքները երեխաներին փոքրուց բերում են, երբ դեռ ոչ մի բանաստեղծություն չի կարդացել։ Մշակույթը, գիրն ու գրականությունն իրանցիների առօրյա կյանքում է։ Մեկ անգամ մտանք պաղպաղակ գնելու՝ հայ զբոսաշրջիկներին Հաֆեզի մասն այնքան բան պատմեց վաճառողը, որ ապշել էին։ Իրանում դժվար հանդիպեք մեկի, ով Հաֆեզի մի քանի գազել անգիր չիմանա։ Էլ չեմ ասում այն, որ Նովրուզին Սուրբ գրքի կողքը պարտադիր դնում են Հաֆեզի գազելները։ Հետո բախտագուշակություն են անում գազելներով։ Երբ մի որոշում է ուզում կայացնել մարդը՝ դիմում է Հաֆեզին։ 7 անգամ շփում է գրքի կազմն ու բացում՝ տեսնելու, թե Հաֆեզն ի՞նչ խորհուրդ է տալիս։ Դա դարերից եկած ավանդույթ է։

Իրանում առաջին տեղում իրենց ավանդական, դասական երաժշտությունն է։ Համերգների տոմսերը մի քանի ժամվա ընթացքում վաճառվում են։ Վերջին տարիներին մշակութային զարթոնք տեղի ունեցավ. իրանցի երիտասարդները սկսեցին քամանչա, թառ նվագել ու դրանք համադրել ռոք երաժշտության հետ։ Շատ եմ ուզում, որ շփումների ընթացքում սովորենք իրարից, հատկապես այն, թե ինչպես են իրենց ինքնությունը պահում։ Եվ դրա համար է Իրանը շատ հետաքրքիր աշխարհի համար։ Նրանք հպարտանում են իրենց ծեսերով։ Անգամ, եթե գորգին են նստում ու հաց ուտում՝ դա չեն թաքցնում, չեն ձևացնում ու եվրոպացու նման դանակ-պատառաքաղ վերցնում։ Շատ կուզեմ, որ հայ երիտասարդները մաքուր մշակույթի հետ շփվեն․ ափսոս է Կոմիտաս, Սայաթ-Նովա, Լուսինե Զաքարյան չլսելը, նրանց ծանոթ չլինելը։

– Այսինքն, այն տեղեկությունը, որ իրանցիների մեծ մասն արևմտյան արժեքների կողմնակից է, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։

– Բոլորովին։ Իրենց մշակույթն այնքան բազմաշերտ է ու այնքան սիրուն, որ անգամ այլ մարդկանց են վարակում դրանով։ Անհնար է՝ մտնես Իրան ու չսիրես մշակույթը։ Մի քանի տարի առաջ, երբ Արենիում հայտնաբերվեց 5500-ամյա կոշիկը, մտածում էի, որ երիտասարդների հագին այդ կոշիկը կլինի, բայց անգամ մեքենայում կամ բանալիից չկախեցին։ Պետք է հագնեն, ցույց տան ուրիշներին, գնան արտասահման, ու երբ հարցնեն, թե այդ ի՞նչ կոշիկ է, պատմեն այդ մասին։

– Հիմնականում զարդերն են կրկնօրինակում մեզ մոտ։

– Այդ միտումը զգում եմ, այո, հայկական արծաթյա զարդ կրելը հիմա շատ մոդայիկ է։ Շատ սիրուն ու ճաշակով են։

– Բացի պատմվածքները, նաև բանաստեղծություններ եք գրում։ Ինչի՞ մասին է վերջին բանաստեղծությունը։

– Իրանահայ համայնքում ճանաչված էի որպես բանաստեղծ։ Բայց մի քանի տարի է՝ միայն պատմվածքներ եմ գրում։ Շուտով կտպագրվեն պատմվածքներս՝ «Այստեղ չեն լացում» վերնագրով։

– Ձեր վերջին տողերից մեկը հիշեցի «Բացվում է լույսն ու
սարսափած օրը չգիտի որտեղ իրեն թաքցնի»։ Սա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ օրերս սկսած պատերազմի օրերի՞ն եք գրել։

– Սարսափելի զգացողություն էր, երբ առավոտյան զարթնում ես ու զգում, որ խեղճ օրն ամեն կողմից թիրախավորված է։ Այո, դա իմ վերջին բանաստեղծություններից է։

«Սրբում եմ օրը արյունից, փոշուց, վառոդի հոտից…
Հետո
կախում եմ նրան կտուրիս կանաչ պարանից…
Բացվում
է լույսն ու
սարսափած
օրը չգիտի որտեղ իրեն թաքցնի»։

Իմ ցանկությունն է` լինի խաղաղություն։ Միշտ մի աչքս՝ Իրանի, մյուսը՝ Հայաստանի վրա է։ Երբ ասում ես՝ վերջ, հերթական պատերազմը վերջին արարն էր, հանկարծ ռումբերը պայթում են, ու ցավում ես, որ անընդհատ այդ իրավիճակում ես հայտնվում։

– Իրանցիները շուտ հանձնվո՞ղ են։

– Հանձնվո՞ղ, ոչ, շատ համառ են։ Իրաքն էլ գերտերությունների աջակցությամբ հարձակվեց Իրանի վրա, գրավեց Իրանի հարավային մասը, բայց դուրս շպրտվեցին։ Իրանցիները համառ են, դրա համար Թրամփի բոլոր հաշվարկները այնպես չեղան, ինչպես ենթադրում էր։

Մտածում էր, որ Վենեսուելայի օրինակը կարող է լինել, երբ առաջնորդին խփեն՝ կհանձնվեն։ Հենց հայրենիքի, տարածքային ամբողջականության խնդիր է լինում՝ իրանցիները միավորվում են, որովհետև շատ լավ գիտեն՝ կառավարությունները գալիս-գնում են, իսկ հայրենիքը մնում է։

Իրենք պետականամետ են։ Հիմա Իրանն աշխարհի ամենահզոր՝ ԱՄՆ-ի բանակի դեմ է կռվում, բոլորն են զարմացել այս համառության վրա։ Գուցե պարտվեն պատերազմում, բայց մինչև արյան վերջին կաթիլը կկռվեն։ Կարող է մեռնեն, բայց չհանձնվեն։ Իրենց մոտ ազգային այդ ջիղը դրված է, դրա համար այսքան կորուստներից հետո չեն հանձնվում։ Իրենք ունեն նաև ժամանակին ճիշտ որոշում կայացնելու հատկություն։ Սա դարերով է գալիս։ Պետականամետ զգացողությունն արմատավորված է։ Նրանք հայրենիքին միայն այսօրվա համար չեն նայում, այն նաև գալիք սերնդին է պատկանում։