Քառասունհինգամյա Կամերային թատրոնի ամենասպասված ու սիրված ներկայացումներից մեկը՝ «Կառավարական համերգ»-ը, հերթական անգամ բեմ է վերադառնում։ Թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի վառ բեմադրությունը, որն արդեն կարելի է դասական համարել, ամեն սերնդի հետ նոր շունչ ու ոգի է ստանում։
-ի հաղորդմամբ՝ այս անգամ ներկայացման դերակատարներն են Դավիթ Աբրահամյանը, Մոհանան, Սուրեն Պողոսյանը, Ռաֆայել Թալասյանը, Լիլիթ Թոխատյանը, Ավետ Զոհրաբյանը, Մարիամ Բաբայանը, Նարեկ Ալեքսանյանը, Էրմինա Զախարովան և Ժորա Մարտիրոսյանը։

Նրանք հանդես են գալիս երգիչների, աճպարարների, քաղաքական գործիչների, թագավորների ու թագուհիների, տարբեր ցեղերի ներկայացուցիչների, կենդանիների, հաղորդավարների դերում՝ հումորով անդրադառնալով լուրջ ու անլուրջ թեմաների։
Ինտերակտիվ ներկայացումը հանդիսատեսին թույլ չի տալիս ձանձրանալ, ապրում է և ապրեցնում, իսկ տարբեր ժամանակներում հիթ դարձած երգերը տանում են անցյալ, ներկա, նույնիսկ՝ ապագա։
Դերակատարներից Դավիթ Աբրահամյանը տարիներ առաջ թատրոնի ավագ սերնդի հետ խաղացել է «Կառավարական համերգ»-ում։

«Այնքան շատ էի դիտել այն, որ փորձերի կարիք չկար, սակայն ինքնավստահությունս պայմանավորված էր նաև խաղընկերներիս մասնակցությամբ, քանի որ նրանք ամեն բան հիանալի գիտեին, և, եթե ես սխալվեի, արագ կարող էին շտկել ամեն ինչ, իսկ այս պարագայում ամբողջ պատասխանատվությունը մեր ուսերին էր։ Այս ներկայացումը Կամերային թատրոնի բրենդն է։ Քառասունհինգ տարին շատ բան է ասում այդ մասին»,-նշում է նա և հավելում՝ բեմադրության մեջ շոշափելի փոփոխություններ չեն եղել, պարզապես որոշ դրվագներ առավել հարմարեցվել են դերասաններին։
Հատկապես վերջին տարիներին հանդիսատեսն ավելի հաճախ Դավիթ Աբրահամյանի ռեժիսորական աշխատանքի ականատեսն է լինում։ Նա թատրոնում բեմադրել է «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա», «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», The Beatles և այլ ներկայացումներ։ Դավիթը շնորհակալ է Արա Երնջակյանին, որի շնորհիվ, ինչպես ինքն է ասում, իր մեջ չի սպանվել դերասանը։ «Խաղալիս ավելի մեծ հաճույք եմ ստանում, քան բեմադրելիս, սակայն՝ որպես դերասան ավելի խիստ եմ թե՛ իմ, թե՛ խաղընկերներիս հանդեպ»,-ընդգծում է դերասանը։
Աբրահամյանը շատ տարիներ առաջ ընկերներին վստահեցրել է, որ կգա մի օր, և կխաղա «Կառավարական համերգ» ներկայացման մեջ։ Այժմ իրեն հաղթած է համարում։
Լիլիթ Թոխատյանի թե՛ հայրը՝ Հրանտ Թոխատյանը, թե՛ մայրը՝ Լուիզա Ներսիսյանը երկար տարիներ իրենց ինքնատիպ ձեռագրով թատրոնի կարևոր մասն են։ Լիլիթը խոստովանում է՝ իր համար Կամերային թատրոնի բեմում լինելը երազանք է եղել։ «Կամերային թատրոնն իմ տունն է, ամեն օր այստեղ եմ, սակայն այն ինձ համար երազանք էր մինչ «Կառավարական համերգ»-ում ընդգրկվելը։ Խաղացի Կամերային թատրոնի ամենակամերային ներկայացումը։ Նույնիսկ հոլովակներ կան, երբ փոքր տարիքում բեմում պարում եմ, իսկ այժմ խաղում էի. չեմ հավատում»,-հիշում է դերասանուհին։

Լիլիթը չի մտածել, որ կարող է նաև լավ երգել, ինչի պատճառով բարդույթավորվել է, սակայն հաղթահարել է դա խաղընկերների շնորհիվ։ «Սուրենն ու Սենիկը վոկալիս վրա աշխատեցին ու վստահեցրին, որ լավ եմ երգում, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին ևս շատ շնորհակալ եմ։ Նա ամեն օր ինձ զանգահարում և ասում է, որ ես կարող եմ»,-պատմում է նա։
Լիլիթ Թոխատյանի փոքրիկ դերակատարումներին հնարավոր է հանդիպել նաև «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումներում։
«Կառավարական համերգ» ներկայացման մեջ նշվում է, որ թատերագետների մի խումբ ավելի քան տասը անգամ դիտել է այն, սակայն չի հասկացել, թե ինչի մասին է։ Ըստ դերասան Ավետ Զոհրաբյանի՝ «Կառավարական համերգ»-ն իրենց թատրոնը բնորոշող լավագույն ներկայացումն է։ «Այն մարդկանց իրականությունից կտրելու, խինդ, ծիծաղ, ջերմություն, հուզմունք և այլ հույզեր պարգևելու հնարավորություն է տալիս, ուստի մարդիկ սիրում են այն։ Հանդիսատեսի մեջ կան մարդիկ, որոնք յոթանասուն անգամ դիտել են ներկայացումը, բայց նորից գալիս են նայելու։ Երբ այս թատրոնի հանդիսատես էի, բաց չէի թողնում այն»,-ասում է Ավետը։

Նա ներկայացման մեջ հանդես է գալիս տարբեր կերպարներում։ Ավետի համար հատկապես անսպասելի և զարմանալի է եղել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետին նվիրված հատվածում Ֆրիգիայի դերում լինելը։ «Երբեք չէի մտածի, որ Կամերայինի բեմում կնոջ հագուստով պետք է շպագատ իջնեմ, ինչին հանդիսատեսը բուռն կարձագանքի։ Ներկայացման մյուս դրվագները ևս հետաքրքիր են առանձնահատուկ»,-ընդգծում է նա։
Կամերային թատրոնի երիտասարդ դերասաններից է նաև Ռաֆայել Թալասյանը։ Նա երկու տարի առաջ է ավարտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ու ընդունվել Կամերային թատրոն։ Ասում է՝ պատրաստվում է ապրել այդ թատրոնում ու կերտել բոլոր հետաքրքիր կերպարները։

«Կառավարական համերգ»-ը հաճախ է դիտել, բայց տարիներ առաջ մտքով անգամ չի անցել, որ մի օր ընդգրկված կլինի դերասանական կազմում։ Ասում է՝ ամեն բան պատահական է եղել, և իրականում կյանքում լավ բան պատահական է լինում։
Առաջիկայում «Կառավարական համերգ»-ը բեմում կլինի ապրիլի 17-ին, 23-ին և 28-ին։















































































































































































































































































































































































































































































































































































































































