Հայաստանում կանցկացվեն արձակագիր և դրամատուրգ Արթուր Ադամովին նվիրված օրեր

Ֆրանսահայ արձակագիր և դրամատուրդ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Արթուր Ադամովին նվիրված օրերի շրջանակում մարտի 21-24-ը Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բազմաբովանդակ միջոցառումներ են սպասվում։

-ի հաղորդմամբ՝ «Ադամովյան օրերը Հայաստանում» նախագծի շրջանակում տեղի կունենա գիտաժողով, կանցկացվեն թատերական ընթերցումներ, բանախոսություններ, կկազմակերպվի Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսը:

Ֆրանսիական հետպատերազմյան թատրոնի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արթուր Ադամովը, XX դարի դրամատուրգիայի նորարար հեղինակներից է, որի ստեղծագործությունը խորապես վերափոխեց թատերական գրականության լեզուն։ Սկզբնապես առավել կապված լինելով աբսուրդի թատրոնին՝ Բեքեթի և Իոնեսկոյի հետ նա դրեց աբսուրդի դրամայի հիմքերը՝ ստեղծելով ինքնատիպ դրամատուրգիա, որը միահյուսում է ներհայեցումը, հասարակական քննադատությունը և նոր արտահայտչաձևերի փնտրտուքը։ Նրա թատրոնն անդրադառնում է անհանգստության, օտարման և իշխանության թեմաներին՝ բեմական տարածությունը դարձնելով նաև քաղաքական և պատմական խորհրդածությունների հարթակ։

Ադամովը ծնվել է հայկական ընտանիքում, և շատ հայերի նման նրա կյանքի վրա ևս արտագաղթը թողել է հավերժական դրոշմը։ Ադամովը մարմնավորում է նաև ֆրանսիական և հայկական մշակույթների խորը կապը։ Նրա կենսագրությունն ու ստեղծագործությունը վկայում են այս երկու մշակութային ավանդույթների ընդհանուր ժառանգությունը, ինչը է՛լ ավելի է կարևորում Հայաստանում Ադամովի թատերական ժառանգությանն անդրադարձի անհրաժեշտությունը և «Ադամովյան օրեր» նախագծի անցկացումը:

Նախագիծն իրականացնում է Saté-Âtre թատերական միությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանի ազգային գրադարանի, «Ալեֆ» թատերական հրատարակչության, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և «Լոֆթ Վանաձորի» հետ համագործակցությամբ։

Միջոցառումների ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև

Մարտի 21, ժամը 16:00 – Լոֆթ Վանաձոր

Ադամովը և իր թատրոնը․ թատերական հանդիպումներ

Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները կներկայացնեն Ադամովի պիեսների հատվածների թատերական ընթերցումներ։

Բանախոս՝ Սաթէ Խաչատրյան – բանասիրական գիտությունների թեկնածու, բեմադրիչ, Արթուր Ադամովի պիեսների և «Մարդը և երեխան» վեպի թարգմանիչ։

Մարտի 23, ժամը 11:00 – Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտ

Գիտաժողով

Արթուր Ադամով․ ինքնություն, աքսոր, թատերական արդիականություն

Գիտական հանդիպում՝ նվիրված Ադամովի ստեղծագործության գեղագիտական, պատմական և մշակութային վերլուծությանը։

Մարտի 24, ժամը 15:00 – Հայաստանի ազգային գրադարան

Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» գրքի շնորհանդեսը

Բանախոսներ՝ Սաթէ Խաչատրյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գրքի թարգմանիչ Արմեն Սարգսյան – գրքի խմբագիր Արամ Ավետիս – արձակագիր, կինոգետ

Երվանդ Վարդանյան – արձակագիր։