
Երևանում բացված ժամանակակից հնդկական ֆիլմերի փառատոնը միավորել է տարբեր ժանրերի և պատմությունների շուրջ ստեղծված կինոնկարներ՝ արտացոլելով հնդկական կինոյի բազմազանությունն ու զարգացում:
-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ընդգծեց, որ ներկայացվող ֆիլմերը ցուցադրում են համաշխարհային մակարդակի վարպետություն և լայն թեմատիկ ընդգրկում:
Դեսպանը նշեց՝ ակնկալում են, որ հանդիսատեսը կվայելի փառատոնի ընթացքում ներկայացվող ֆիլմերի բազմազան ընտրանին։ «Անկեղծորեն հույս ունենք, որ դուք կվայելեք ֆիլմերի այն ընտրանին, որը մենք ձեզ կներկայացնենք եռօրյա փառատոնի ընթացքում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ սա Հնդկաստանի դեսպանության կողմից վերջին երեք տարիներին կազմակերպվող արդեն վեցերորդ կինոփառատոնն է, որի շրջանակում փորձ է արվում հայ հանդիսատեսին ներկայացնել ժամանակակից հնդկական կինոն։ Նա հիշեցրեց, որ նախորդ փառատոնը, որն անցկացվել էր դեկտեմբերին, մեծ հաջողություն էր ունեցել:
Դեսպանը կարևորել է ժամանակակից հնդկական կինոյի բազմազանությունը՝ ընդգծելով, որ այն այլևս չի սահմանափակվում միայն Բոլիվուդով:
«Հնդկաստանի տարբեր տարածաշրջանային կինոարտադրություններ այսօր ստեղծում են աշխարհի ամենանորարարական ֆիլմերը։ Նշեմ, որ ժամանակակից հնդկական կինոն զգալիորեն զարգացել է թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական առումներով՝ հասնելով միջազգային բարձր չափանիշների։ Անկախ նրանից՝ խոսքը տեսողական, թե ձայնային էֆեկտների, դիզայնի, դերասանական խաղի կամ արտադրության մասշտաբների մասին է, ժամանակակից ֆիլմերը ցուցադրում են համաշխարհային մակարդակի վարպետություն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հնդկական ֆիլմերը միջազգային կինոփառատոններում և մրցանակաբաշխություններում արժանանում են բարձր գնահատանքի՝ հաստատելով դրանց գեղարվեստական խորությունն ու համաշխարհային գրավչությունը։
Փառատոնի ծրագրի մասին խոսելով՝ դեսպանը նշեց, որ ներկայացվող երեք ֆիլմերից երկուսը հիմնված են իրական իրադարձությունների վրա, իսկ մեկը՝ քրեական թրիլեր է։ Անդրադառնալով ցուցադրություններին՝ նա նշել է, որ առաջին ֆիլմը կենսագրական սպորտային դրամա է, որն արժանացել է մի շարք մրցանակների. «Այսօրվա ֆիլմը՝ «Տիկին Չաթերջին ընդդեմ Նորվեգիայի» ևս իրական պատմություն է՝ Նորվեգիայում բնակվող հնդիկ ընտանիքի մասին։ Այդ դեպքերի ժամանակ ես ինքս ներգրավված եմ եղել գործընթացում և դիվանագիտական մակարդակով զբաղվել եմ այս գործով»։
Նա ասաց, որ փառատոնի վերջին օրը ցուցադրվելիք «Անդհադուն» (Andhadhun) ֆիլմը քրեական թրիլեր է, որը ևս արժանացել է ազգային կինոմրցանակների՝ լավագույն ֆիլմի, դերասանի և սցենարի անվանակարգերում։ Դեսպանն ընդգծեց, որ դեսպանատունը կարևորում է հանդիսատեսի արձագանքը և պատրաստ է լսել նրանց կարծիքները։
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությանը և Ազգային կինոյի զարգացման կորպորացիային՝ փառատոնի կազմակերպման գործում համագործակցության համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը նույնպես ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ նախարարությունը լիովին աջակցում է նման նախաձեռնություններին։ Նրա խոսքով՝ կինոյի լեզվով երկխոսությունը անչափ կարևոր է և մեծ դեր ունի երկու ժողովուրդների փոխճանաչման և մշակութային կապերի ամրապնդման գործում։ Նա նշեց, որ դեսպանատունը յուրաքանչյուր տարի հնարավորություն է տալիս բացահայտելու հնդկական կինոն իր բազմազան դրսևորումներով՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։
Սվետլանա Սահակյանը նաև ընթերցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում նշվում էր, որ նման միջոցառումները վկայում են հայ և հնդիկ ժողովուրդների միջև մշակութային կապերի շարունակական զարգացումը:
«Յուրաքանչյուր անգամ այսպիսի հանդիպումների ժամանակ մենք ուրախությամբ փաստում ենք, որ մեր երկու ժողովուրդների մշակութային կապերը ոչ միայն գալիս են դարերի խորքից, այլև, ի ուրախություն մեզ բոլորիս, տարեցտարի ավելի են խորանում և զարգանում՝ դրսևորվելով երաժշտարվեստի, պարարվեստի, ժողովրդական արվեստի և, իհարկե, կինոարվեստի մեջ, որը լավագույնս ներկայացնում է յուրաքանչյուր ժողովրդի ավանդույթն ու մշակույթը։
Դրա վառ վկայությունն է նաև հնդիկ կինոարտադրողների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ։ Վերջին տարիներին հայ և հնդիկ կինոգործիչների համագործակցությունը նոր ուղղություններ է որդեգրել։ Հայաստանի կինոյի հիմնադրամի և հնդիկ կինոարտադրողների միջև ստորագրվել են կինոարտադրության վերաբերյալ հուշագրեր։
Այս տարվա կինոփառատոնը ևս բացառություն չէ, և մենք հնարավորություն կունենանք ծանոթանալու ժամանակակից հնդկական կինոյի վերջին տարիների արտադրանքին»,- նշված էր ուղերձում:

































































































































































































































































































































































































































































































































































































































































