ԽՍՀՄ պատմության ամենաաղմկահարույց գողությունը՝ երևանյան կինոէկրաններին. «Զոնտիկ» ֆիլմը կբացահայտի դարի կողոպուտի մանրամասները

1977 թվականին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, տեղի է ունեցել ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտը:

Երկու եղբայրներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, որոնք երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի (Գոսբանկ) կանխիկ գումարի տեղափոխման համակարգը, կարողացել են իրականացնել գողության մտածված ծրագիր՝ հափշտակելով մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի, որն այն ժամանակվա համար հսկայական գումար էր։ Կողոպուտի գործիքը տարօրինակ էր բոլորի համար՝ մանկական անձրևանոց:

-ի հաղորդմամբ՝ հենց այդ իրադարձությանն է անդրադառնում Գոշ Հակոբյանի «Զոնտիկ» գեղարվեստական կինոնկարը, որն ապրիլի 9-ին բարձրացավ մեծ էկրան։

Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց կար։ «Իրագործման համար աշխատել ենք շուրջ երկու տարի և անցել ենք աշխարհի բոլոր դժվարությունների միջով։ Մեզ ասում էին, որ ավելի խոշոր ընկերություններ նկարահանում են այդ թեմայով ֆիլմ, անիմաստ է և այլն։ Մենք ոչ ոքի չենք լսել։ Սցենարում չափազանցություններ չկան, ամեն ինչ գրել ենք իրական դեպքի հիման վրա, բայց սա գեղարվեստական կինոնկար է, ուստի որոշ տարրեր ավելացրել ենք»,-նշում է Հակոբյանը։

Նա յոթ տարեկանում է առաջին անգամ լսել այդ պատմությունը։ Հակոբյանին զարմացրել է այն փաստը, որ բանկը թալանել են անձրևանոցով։ «Լսում ու պատկերացնում էի, որ զենքերը թաքցրել են զոնտիկների մեջ, ինչպես ամերիկյան ֆիլմերում է, հետո բացել են և այլն։ Պարզվեց՝ մի մարդ է դա արել և մեկ զոնտիկով»,-հիշում է նա։

Ռեժիսորը կարծել է, որ հայ սուպերհերոս է ծրագիրն իրականացնողը։ «Մենք չենք ունեցել նման պատմություններ, և մեր թիմը որոշեց, որ այս ֆիլմով պետք է սկիզբ դնի գեղարվեստական, ոչ թե վավերագրական ձևով նմանատիպ իրողություններ պատմելուն»,-նշում է Գոշն ու խոստովանում՝ շատ լարված է պրեմիերային և պատասխանատվության մեծ զգացում ունի։ «Բոլորը շատ լավ գիտեն այս պատմությունը, չեմ ուզում որևէ մեկին հիասթափեցնել։ Առհասարակ արվեստագետների կյանքում կասկածելը սովորական երևույթ է, և ես բացառություն չեմ։ Հիմա լարված եմ. ուզում եմ՝ ֆիլմն ընդունվի»,-ասում է Հակոբյանը։

Նիկոլայ Կալաչյանի և Ֆելիքս Կալաչյանի դերերում Մոսո Կարապետյանն ու Սոս Ջանիբեկյանն են։ Հակոբյանի խոսքով՝ նրանք շատ տաղանդավոր դերասաններ են, բայց առաջին հերթին ուշադրություն են դարձրել դերասանների արտաքին նմանությանն իրական կերպարներին։

Մոսո Կարապետյանը Նիկոլայ Կալաչյանի դերում է։ Նիկոլայը կողոպուտի գաղափարի հեղինակն ու նախաձեռնողն է եղել։ Դերասանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր դերին, քանի որ իրական մարդուն մարմնավորելն ավելի բարդ է համարում, քան՝ հորինված հերոսին։

«Նախագիծը մի քանի տարի առաջ է ծրագրվել, և ես գիտեի, որ անպայման կընդգրկվեմ ֆիլմում, քանի որ Գոշն իմ ընկերն է, բայց նկարահանումներից երկու ամիս առաջ եմ իմացել, որ Նիկոլայի կերպարում եմ լինելու։ Տարիներ շարունակ հանդիսատեսին ներկայացել եմ հումորային կերպարներում և հնարավորություն չեմ ունեցել հանդես գալու ավելի լուրջ դերակատարմամբ։ Այս ֆիլմն ինձ համար առիթ է ցույց տալու, թե ինչ դերասան եմ»,-նշում է նա և հավելում՝ չի արդարացնում Նիկոլային, նրա ապրելակերպը։

Դերասան Շանթ Հովհաննիսյանի համար թեման շատ հետաքրքիր է։ Ըստ նրա՝ ֆիլմը բացահայտումներով լի է, անդրադառնում է կողոպուտի կուլիսային դրվագներին ևս։ «Շատերը նշում են, որ Սովետմիության՝ այդ ահռելի կայսրության մեջ նման կողոպուտ իրականացնելը՝ այդ քանակի գումար յուրացնելով, իրական հանդգնություն էր։ Ոմանց համար էլ՝ հերոսություն, բայց այդ հերոսությունն էլ սպանվեց այն ռեժիմի կողմից։ Տղաները դառը ճակատագիր ունեցան։ Նրանց հանդեպ կարող էին ավելի մեղմ լինել»,-ասում է նա։

Հովհաննիսյանը մարմնավորում է Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարին, որը ստանձնում է հանցագործությունը բացահայտելու պարտավորությունը։ Նրա միջոցով են բացահայտվում Կալաչյանները, ինչի համար Հովհաննիսյանը ցավում է, քանի որ նրա կերպարն իր գործն է անում, բայց տխուր է այդ երկու երիտասարդի և նրանց ճակատագրի համար։

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանը հաճույքով է ընդգրկվել ֆիլմի ստեղծագործական կազմում։ Նա Ֆելիքս Կալաչյանի կնոջ՝ Մարուշի դերում է։ Մարուշին հայ կնոջ հավաքական կերպար է համարում՝ զգացմունքային, հոգատար։

Դերասանուհին կարծում է՝ եթե իրական կյանքում նման իրավիճակում հայտնվեր, կվարվեր այնպես, ինչպես Մարուշը։ «Ցանկացած կերպար, անգամ ամենավերջին հանցագործն ունի իր դրդապատճառները։ Ես չեմ հերոսացնում հանցագործությունը, բայց պետք է ըմբռնումով մոտենալ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»,-շեշտում է նա։

Խորհրդային Միությունում նման հանցագործությունը չէր կարող անպատիժ մնալ։ Սկսվել է լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի և միլիցիայի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվել են։ Դատավարությունը փակ է եղել։ Նրանք դատապարտվել են մահապատժի։ Այս դեպքը երկար տարիներ գաղտնի է պահվել և հանրությանը հայտնի է դարձել միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն մինչ օրս համարվում է մարդկության պատմության ամենաանսովոր և համարձակ քրեական պատմություններից մեկը։

«Զոնտիկ»-ը նախատեսվում է ցուցադրել նաև արտերկրում։ Հենց այդ նպատակով այն արդեն թարգմանվում է ռուսերեն, հետագայում կթարգմանվի ֆրանսերեն ու անգլերեն։