Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիան մրցանակի է արժանացել Բրյանցևյան փառատոնին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիան Սանկտ Պետերբուրգի մանկական թատերախմբերի XXVII միջազգային Բրյանցևյան փառատոնին արժանացել է առաջին մրցանակի։

-ի հաղորդմամբ՝ փառատոնն անցկացվել է ապրիլի 11-14-ը։

Փառատոնի կազմակերպիչն է Պետերբուրգի Ա․ Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնը։ Երկարամյա պատմություն ունեցող ամենամյա փառատոնը հյուրընկալում է թատերախմբերի տարբեր երկրներից՝ մասնակիցների տարիքային սահմանափակումն առանձնացնելով 18 տարին։ Փառատոնը մրցութային է՝ միջազգային ժյուրիով. յուրաքանչյուր օր տեղի են ունենում ներկայացումների քննարկումներ՝ հայտնի թատերագետների մասնակցությամբ։

Ապրիլի 13-ին փառատոնի շրջանակում Մայր թատրոնի ստուդիան ներկայացրել է «Թմկաբերդի առումը» բեմադրությունը։ Ներկայացման ռեժիսորն Արմեն Քուշկյանն է, բեմական խոսքի դասախոսը՝ Ռուզաննա Հախնազարյանը, պարերի բեմադրիչը՝ Արմինե Ավետիսյանը, զգեստների նկարիչը՝ Իզաբելլա Սոֆրոնովան, երաժշտական ձևավորման հեղինակը՝ Ջուլիետա Հովսեփյանը, գլխավոր համակարգողը՝ Կարեն Սիմոնյանը։

Բեմադրությանը թատրոնն ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ թատերական ստուդիան իրենց համար հիմնաքարային նշանակություն ունի։

«Ստուդիա թատրոնում սկսել է գործել տակավին Վարդան Աճեմյանի նախաձեռնությամբ 1966 թվականից՝ ի սկզբանե նպատակ ունենալով այդպիսով թե՛ թատերական կրթություն տալ սաներին, թե՛ հետագայում թատրոնի դերասանական կազմը համալրել երիտասարդ ուժերով։ Վերսկսելով ստուդիայի գործունեությունը՝ մենք սահմանում ենք բարձր պրոֆեսիոնալ նշաձող, ինչի մասին է փաստում նաև միջազգային փառատոնի մասնակցությունն ու հաղթանակով վերադարձը»,-նշում է նա։

Ստուդիայի ղեկավար և ներկայացման բեմադրիչ Արմեն Քուշկյանը Պետերբուրգից վերադարձել է ստեղծագործական նոր գաղափարներով և առաջարկներով։ «Մեծ պատիվ էր մասնակցել նման բարձր մակարդակով կազմակերպված փառատոնի և շատ ոգևորիչ 13 թատերախմբերից լավագույնը ճանաչվել այն դեպքում, երբ մրցակցությունն իրապես բարձր է։ Ներկայացումների քննարկման ընթացքում, երբ որպես կանոն հնչում էին նաև քննադատական տողեր, փառատոնի հրավիրյալ անվանի թատերագետ Մարինա Տոկարևան մեր ներկայացման մասին միայն բարձր գնահատանքի խոսքեր հնչեցրեց»,-պատմում է Քուշկյանը։

Հաղթահարելով լեզվական խոչընդոտը՝ «Թմկաբերդի առումը» ներկայացումը տպավորել է ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաև հրավիրյալ մասնագետներին, ինչի վկայությունն են Բելառուսի պետական ակադեմիական պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Վերա Պոլյակովա-Մակեյի խոսքերը․ «Ինձ անասելի զարմացրին հայերը, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես է ժյուրին գնահատելու նրանց, քանի որ նրանք պրոֆեսիոնալ էին, նրանց պետք է գնահատել պրոֆեսիոնալ մակարդակով»։

«Թմկաբերդի առումը» ներկայացումը շուտով ներառվելու է թատրոնի խաղացանկում։