Բրյուսելում կբեմադրվի հայ հեղինակ Քարոլին Սաֆարյանի «Մոռացվածների վալսը» ներկայացումը

Բրյուսելի La Tricoterie մշակութային կենտրոնում ապրիլի 23-26-ը կցուցադրվի Քարոլին Սաֆարյանի «Մոռացվածների վալսը» (La Valse des Oubliés) ներկայացումը։

Բեմադրության կենտրոնում Անուշ Ավետյանի պատմությունն է, որն իր մաշկի վրա զգում է պատերազմի ամբողջ ցավն ու տառապանքը։ Նրա կերպարի միջոցով հեղինակը ներկայացնում է բռնությունների ողջ շղթան, որոնց առնչվում են բազմաթիվ մարդիկ պատերազմների և հակամարտության ժամանակ։

Ներկայացումն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությանը՝ բարձրացնելով հարցը, թե ինչպես է կարողանում աշխարհը լուռ հանդուրժել մարդկանց ճակատագրերի խեղաթյուրումն ու կյանքերի կորուստը։

Բեմադրության շրջանակում նախատեսված են նաև բեմական քննարկումներ և լրացուցիչ միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն հասարակության մեջ բռնության թեմային։

Ներկայացումը կցուցադրվի նաև Փարիզում, մայիսի 16-ին: