
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
-ի հաղորդմամբ՝ դեռ 19-րդ դարից Դիլդիլյանների մի քանի սերունդների ներկայացուցիչներ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում զբաղվել են լուսանկարչությամբ, ապա բռնագաղթից հետո հաստատվել Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ նախորդ տարվանից թանգարանը սկսեց հետաքրքիր ցուցադրական համագործակցության ձևաչափ, որն այսօր տակավին շարունակվում է։

«Այս նոր ձևաչափը ենթադրում է թանգարանի ու նաև սփյուռքում ապրող մեր տարբեր հայրենակիցների, կազմակերպությունների համագործակցության միջոցով ստեղծվող ցուցադրություններ։ Խնդիր ունենք հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ներկայացնել այն արժեքավոր ժառանգությունը, որը պահվում է նաև Հայաստանից դուրս։ Այս համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, որի շնորհիվ Օսմանյան կայսրությունում, ապա նաև Հունաստանում, ԱՄՆ-ում արված 200-ից ավելի բնօրինակ լուսանկարներ մոտակա ամիսներին հետաքրքիր ձևով կներկայացվեն մեր հանրությանը և կպատմեն շատ արժեքավոր պատմություններ ինչպես Դիլդիլյանների ընտանիքի, այնպես էլ այն իրադարձությունների մասին, որոնք այս ընտանիքը վավերագրել ու թողել է մեզ»,- ասաց Պողոսյանը։
Թանգարանի տնօրենը հավելեց, որ տվյալ ցուցահանդեսին փոքր մասով ազգագրական մի հավաքածու համադրվել է Պատմության թանգարանի հավաքածուից։

«Այս ֆոտոպատմությունը բաղկացած է ոչ միայն ֆոտոատելիեներում արված լուսանկարներից, այլև ընդգրկում է համայնապատկերային իրադարձություններ, ընդհուպ նույնիսկ աղետների արձանագրում։ Մենք քիչ լուսանկարիչներ ունենք, որոնք արձանագրել են պատմական վայրերն ու իրադարձությունները՝ անկախ դժվար իրավիճակներից։ Այս ընտանիքի պատմությունը սխրանքի նման է, որովհետև տեսնում ենք, թե ինչպես նրա անդամները, առաջնորդվելով իրենց մասնագիտական գործունեությամբ ու նաև ամեն ինչ վավերագրելու մղումով, ոչ միայն ապրել են իրադարձությունները, այլև փրկել են Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ որբերի։ Մեծ հաշվով՝ սա աղետը վերապրելու և հետագա կյանքը շարունակելու շատ կարևոր մի պատմություն է»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։
Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը հայտնեց, որ պատրաստվում է մոտ ապագայում վերադառնալ Երևան և առանձին դասախոսությամբ հանդես գալ ուսանողների առջև՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց ընտանեկան հավաքածուի արժեքն ու իրենց առաքելության էությունը։

«Այս բացառիկ լուսանկարների հավաքածուն արդեն երկու անգամ ցուցադրվել է Հունաստանում։ Վերջին տարիներին այն ցուցադրվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, և այժմ ցուցադրվում է Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանի աջակցությամբ, թեև նախկինում մասամբ ցուցադրվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։ Նախկինում հավաքածուն չորս անգամ ցուցադրվել է նույնիսկ Թուրքիայում, ինչը մեր օրերում հասկանալի պատճառներով արդեն հնարավոր չէ։ Իմ նախնիները շատ գոհ կլինեին այն գիտակցումից, որ Հայաստանում տեղի է ունենում նման իրադարձություն։ Հիմա սա է մեր հայրենիքը, և ես շատ երջանիկ եմ՝ թանգարանին նվիրաբերելու որոշ լուսանկարներ մեր ընտանեկան հավաքածուից»,- ասաց Մարսուբյանը։
Նա հավելեց, որ իր նախնիներն իսկապես կատարել են հսկայածավալ աշխատանք՝ պահպանելով պատմական լուսանկարները։ Դրանք մի մասն են մեծ հավաքածուի, որն ընդգրկում է նաև հազարավոր ֆոտոժապավեններ։ Դիլդիլյան ընտանիքի անդամները փրկել են այդ ժառանգությունը և իրենց հետ տարել արտերկիր, որպեսզի հետագայում գտնեն դրանք հանրայնացնելու և հետագա սերունդներին փոխանցելու տարբերակներ։







































































































































































































































































































































































































































































































































































































































































































































