Բացառիկ երաժշտական երեկո՝ վիրտուոզների մասնակցությամբ. Երևանում կկայանա «Երեք ջազ դաշնակահար՝ մեկ բեմում» համերգը

Հայաստան են ժամանել տաղանդավոր և բազմավաստակ դաշնակահարներ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա), որոնք Երևանում հանդես կգան յուրահատուկ համերգային ծրագրով։

Երաժիշտները տարբեր ձեռագրեր ունեն, սակայն համախմբվել են ջազի շուրջ։ Մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երեք ջազ դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ համերգը, որի շրջանակում նրանք կկատարեն ականավոր կոմպոզիտորների գործեր՝ ջազային մեկնաբանությամբ։

-ի հաղորդմամբ՝ համերգին ընդառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հանդիպել դաշնակահարների հետ և զրուցել սպասված իրադարձության մասին։

Վարդան Օվսեփյանի խոսքով՝ երեք դաշնամուրով համերգներ աշխարհում երբեմն կազմակերպվում են, բայց հայաստանյան իրականությունում նորություն են։

Նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2014 թվականին, երկրորդը՝ 2016-ին, իսկ երրորդը՝ 2020-ին։ Սկզբում նախագծի մասնակից երաժիշտները բացառապես հայ հեղինակների գործեր են կատարել, հետո անդրադարձել են նաև օտար կոմպոզիտորներին։

«Գաղափարի հեղինակը Թովմաս Մարտիրոսյանն է, և սա յուրահատուկ նախագիծ է։ 2016-ին եմ մասնակցել համերգին Վահագն Հայրապետյանի և Արմեն Բաբախանյանի հետ։ Երրորդ համերգը բաց թողեցի։ Ուրախ եմ, որ պրոյեկտը վերադարձել է»,-նշեց դաշնակահարը։

Օվսեփյանը Մարիո Լաժինյային իր հերոսն է համարում։ Փոքր հասակից է լսել նրա երաժշտությունը, Կրիստիան Ռանդալուի երաժշտությունը ևս բարձր է գնահատում։ Հենց Օվսեփյանն է նրանց առաջարկել միանալ նախագծին։

«Երկու երաժիշտներն էլ դասական դպրոցի ներկայացուցիչներ են։ Հարուստ ճանապարհ են անցել։ Մարիոյի կոմպոզիցիոն լեզուն շատ ուժեղ է. նա մի նախագիծ ունի երգչուհու հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել իմ «Ֆրակտալ սահման» նախագծի վրա, որի շրջանակում հանդես եմ գալիս երգչուհի Տատյանա Պառայի հետ։ Հնարավոր է՝ այդ նախագծով հուլիսին ներկայանանք Երևանում»,-ասաց Օվսեփյանը։

Ըստ նրա՝ Մարիոյի, Կրիստիանի և իր երաժշտության միջև որոշ նմանություններ կան՝ կապված դասական մոտեցումների հետ։ «Կրիստիանը մինչ օրս համագործակցում է դասական երաժիշտների հետ, կամերային խմբեր ունի։ Նրա վերջին նախագծի շրջանակում ֆագոտով ներկայացնում էին Շուբերտի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանություններով»,-շեշտեց դաշնակահարը։

Օվսեփյանը ստեղծագործում է ԱՄՆ-ում, բայց պարբերաբար համերգներով ներկայանում է Հայաստանում։ Ամեն անգամ նոր զգացողություններով է ելույթ ունենում հայրենիքում, փորձում է թարմություն մտցնել իր նվագացանկում։ Անհամբերությամբ է սպասում նաև առաջիկա համերգին։

Թե՛ Մարիո Լաժինյան, թե՛ Կրիստիան Ռանդալուն առաջին անգամ են հյուրընկալվում Հայաստանում։

Լաժինյան, որը պորտուգալական ջազի լեգենդներից է, Latin Grammy-ի հավակնորդ, բախտավորություն համարեց, որ հասցրել է այցելել Մատենադարան։ Հիացած է մեր մշակութային արժեքներով, պատմությամբ ու բացառիկ ձեռագրերով։ «Ծանոթ եմ հայկական երաժշտությանը, Վարդանի երաժշտությանը։ Նա զարմանալի դաշնակահար է, հստակ ընդգծված ձեռագիր ունի, որը ճանաչում ես ամեն տեղ։ Ցանկանում եմ ավելին իմանալ Հայաստանի մասին։ Ինձ դուր է գալիս ճանաչել այն մշակույթները, որոնք էականորեն տարբերվում են իմ մշակույթից»,-ասաց դաշնակահարը։

Նա մեծ ակնկալիքներ ունի երևանյան համերգից, քանի որ միմյանց լավ են հասկանում, սիրում են միմյանց երաժշտությունն ու համախմբված են ռիթմի, հարմոնիայի շուրջ։

Կրիստիան Ռանդալուն, որին լեգենդար Հերբի Հենքոքը «շլացուցիչ դաշնակահար» է համարում, կարծում է՝ նման համերգը յուրահատուկ է, քանի որ հազվադեպ է պատահում, որ մեկ բեմում հանդիպեն երեք դաշնակահարներ։ «Մենք փոխանակվելու ենք երաժշտությամբ, և ինձ գրավում է մեր կատարած ընտրությունը՝ ծրագիրը, որը մոտիվացնում է»,-նշեց նա։

Հարցին, թե հնարավոր է՝ հանդիսատեսն ականատես լինի երեք երաժշտի մենամարտի, Ռանդալուն պատասխանեց, որ իրենք մենամարտ չեն փնտրում։

«Ծնողներս դասական երաժիշտներ են, դաշնակահարներ, և ջազն ինձ համար իմ սեփական երաժշտությունն արարելու, ստեղծագործելու հնարավորություն է, և այն միայն ազատության, իմպրովիզացիայի մասին չէ, այլև յուրահատուկ բան ստեղծելու, նոր ընտրություն կատարելու միջոց»,-ասաց երաժիշտը։

Սպասվող համերգին կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց գործերը, ինչպես նաև Վարդան Օվսեփյանի ստեղծագործություններից մի քանիսը։