Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը․ կողմերը քննարկել են առևտրաշրջանառության մեծացման, ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման, արտահանումների անխափան կազմակերպման և զբոսաշրջային կապերի ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։

Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը»,- ասված է հաղորդագրությունում։