Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքների վերաբերյալ Թուրքիայի օրենսդրության փոփոխության արդյունքում կարող են նվազել ներկրվող ապրանքների գները։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 14-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։

Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։

Նախարարը պարզաբանել է, թե ինչ է սա ենթադրում։

«Նախկինում, եթե Թուրքիայից ինչ-որ ապրանք էին փորձում արտահանել և հետո ներմուծել Հայաստան, դա արվում էր հետևյալ կերպ. քանի որ չկար համակարգում հնարավորություն, չկար՝ արտահանել Հայաստան, ձևակերպվում էր արտահանում Վրաստան: Վրաստանում այդ ապրանքը մաքսազերծվում էր, և հետո ձևակերպվում էր որպես արդեն Վրաստանից արտահանում Հայաստան: Դա և՛ ֆինանսական առումով հավելյալ ծախսա գործարարի համար, բիզնեսի համար, և՛ դա հետո արտահայտվում է ապրանքի գնի՝ այստեղ արդեն Հայաստանում թանկացման արժեքի վրա: Եվ հիմա արդեն, փաստորեն, այդ մեխանիզմը չպիտի գործի: Ցանկացած մարդ, որը նախկինում, ենթադրենք, ինչ-որ մի բան ներմուծում էր Թուրքիայից, հիմա կարող է ներմուծել ուղիղ Հայաստան, այսինքն՝ մաքսային առումով ուղիղ: Սահմանը ֆիզիկապես շարունակում է դեռ փակ մնալ, բայց այդ ուղղությամբ ենք գնում, և ես վստահ եմ՝ առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի, և ուղիղ արդեն՝ բառի ուղիղ իմաստով ուղիղ, կներմուծվի ապրանքը: Այժմ՝ մաքսային իմաստով ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա Վրաստանի, Վրաստանով տարանցում կարվի և կմտնի Հայաստան. պետք է, որ սա նաև գների վրա ազդի»,- ասել է նախարարը։

Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։

Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր անելու արգելքների վերացման որոշումը պայմանավորել է 2022-ից ի վեր երկու երկրների միջև ընթացող վստահության ամրապնդման գործընթացով։