Արման Խոջոյանը Ֆան Թի Թանգի հետ հանդիպմանը անդրադարձել է հայկական բրենդիի՝ վիետնամական շուկա արտահանման հնարավորություններին

Երևանում մայիսի 14-15-ը ընթացող Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի վիետնամական կողմի համանախագահ, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վիետնամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։

Ինչպես -ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության խորացման, առկա կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր ուղղությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով երկկողմ տնտեսական չիրացված ներուժի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

Փոխնախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուղղված է դիվերսիֆիկացման միջոցով տնտեսության կայունության և մրցունակության ամրապնդմանը։

«Այս համատեքստում մենք առանձնապես կարևորում ենք թե’ արտահանման, թե’ ներմուծման, և թե’ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը։ Համոզված ենք, որ Վիետնամի հետ առավել սերտ համագործակցությունը կարող է էապես նպաստել այս նպատակների իրագործմանը», – ասել է Արման Խոջոյանը։

Նա նաև անդրադարձել է հայկական բրենդիի (կոնյակի)՝ վիետնամական շուկա արտահանման հնարավորություններին։

Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում կողմերը դիտարկել են առևտրի, սննդի վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հարավային Կովկասում ձևավորել առավել կապակցված, կայուն և համագործակցային միջավայր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ու զարգացման միջոցով։

IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/05/26
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը