«Տարեկան 150-200 մլն դրամ համայնքի բյուջեի մուտքեր և 250-300 աշխատատեղ»․ սա Վեդի համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանի փաստարկն է՝ ինչու պետք է Կարմիրսարի կրաքարային մերգելների /Կավակրաքարերի/ հանքավայրն աշխատի։ Այս հայտարարությունը Սարգսյանն արել է օրեր առաջ՝ նոյեմբերի 19-ին, ավագանու նիստի ընթացքում, երբ դրա ՔՊ-ական անդամները կողմ «Օրդ Գրուպ» ընկերության ներկայացրած հանքարդյունահանման ՇՄԱԳ նախագծին։ Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ բուն նախագիծն ընկերությունը չի ներկայացրել՝ լսումների ժամանակ պատճառաբանելով, թե այն դեռ պատրաստ չէ։
Այսինքն՝ Վեդի համայնքի ավագանին կողմ է քվերակել ընկերության բանավոր խոստումներին։
Մինչդեռ, ավելի վաղ նույն անձանց ներկայացրած ՇՄԱԳ մեջ գրված է․ «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով հասցված տնտեսական վնասը կկազմի 305 մլն 258․8 հազար դրամ», իսկ «շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասը՝ 326 մլն 393․2 հազար դրամ»։ Այս 2 դեպքում ընդհանուր ստացվում է 631․6 մլն դրամից ավելի վնաս: Ընդգծենք՝ սա ընկերության հաշվարկն է։
Ի՞նչ է «խոստացել» ընկերությունը թղթի վրա
«Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր-ղեկավարը Լևոն Օրդուխանյանն է։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրում այն գրանցվել է 2019 թվականին։
Նախքան «Օրդ Գրուպ»-ը, Կարմիրսարի հանքը շահագործելու հայտ ներկայացրել է «Օրդ» ՍՊԸ-ն, որը սակայն չի հաղթահարել ՇՄԱԳ փորձաքննության փուլը․ 2024 թվականի օգոստոսի 1-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական է տվել «Օրդ»-ի՝ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի շրջակա միջավայրի ՇՄԱԳ հայտին։
«Օրդ» ՍՊԸ-ի հիմնադիրը Տիգրան Օրդուխանյանն է՝ Լևոն Օրդուխանյանի եղբորորդին։ Թե՛ 2024-ին «Օրդ»-ի, թե՛ ներկայում «Օրդ Գրուպ»-ի անունից հանրային լսումների ժամանակ որպես ներկայացուցիչ հանդես է եկել Լիլիթ Փաշինյանը։ Նա «Յուլի Դալի» ընկերության տնօրենն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, նաև առաջադրվել է 2026-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընգրկվելու համար։
«Օրդ Գրուպ»-ի նախագիծն, ըստ էության, կրկնում է անցած տարի «Օրդ»-ի ներկայացրած նախագիծը։ Փոփոխվել է, ինչպես Լիլիթ Փաշինյանն է ասել, հանքի մակերեսը՝ 62 հեկտարից դառնալով 54 հեկտար։ Հանքավայրի շահագործման և հարակից ցեմենտի գործարանի կառուցման համար, ըստ նրա, նախատեսվում է ներդնել 24-25 մլն դոլար։
ՇՄԱԳ հաշվետվությունը, որում նաև հաշվարկված է տնտեսական գործունեության ազդեցության հետևանքով վնասը, անցած տարի ներկայացրել է «Օրդ»-ը։ Եթե հանքի տարածքը կրճատվում է 15 %-ով, ապա պայմանականորեն ընդունենք, որ 15%-ով կկրճատվի ընկերության հաշվարկած վնասը, միևնույնն է՝ ստացվում է, որ հանքարդյունահանան հետևանքով մոտ 537 մլն դրամի վնաս է պատճառվելու։ Սա առնվազն 2․6-3․5 անգամ գերազանցում է Վեդիի համայնքապետի մատնանշած 150-200 մլն դրամի մուտքերը, որ ենթադրյալ պիտի ստանա համայնքի բյուջեն։
Ուշագրավ է, որ Լևոն Օրդուխանյանը բավականին խոշոր պարտավորություն ունի Երևան համայնքի առջև․ Factor.am-ը պետռեգիստրից պարզել է, որ «Օրդ Գրուպ»-ի վրա կիրառված են սահմանափակումներ, քանզի Օրդուխանյանը Երևանին պարտք է ընդհանուր մոտ 827 մլն դրամ։ 2023-ի սեպտեմբերից Հարկադիր ծառայությունը բազմաթիվ վարույթներ է հարուցել գործարարի դեմ՝ վարչական տույժերի պատճառով։ Ըստ երևույթին՝ այս տուգանքներն առնչվում են Օրդուխանյանի կողմից իրականացվող մի քանի բնակելի համալիրների շինարարական աշխատանքներին։

–
Նկատենք, որ բազմաթիվ պաշտոնյաներ ձեռք են բերել բնակարաններ կամ բնակարանի գնման իրավունք Օրդուխանյանների կողմից կառուցվող շենքերում․ օրինակ՝ ՔՊ-ական ներկա ու նախկին պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արեն Մկրտչյանը (այժմ՝ Լոռու մարզպետ), Ալեքսանդր Ավետիսյանը, Ռուստամ Բաքոյանը և այլք։ Վերջինիս հորեղբայրը՝ Շամո Բաքոյանը, Վեդիի համայնքապետարանում գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետն է, նա էր վարում հանրային լսումները։
Կարմիրսարի հավակնորդները
Նախկինում Կարմիրսարում հանքավայրի շահագործման նպատակով հայտեր ներկայացրել են նաև այլ ընկերություններ՝ ըստ մամուլի՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված «Դիգընդիգ» և «Գռանուլս» ՍՊԸ-ներ, որոնց 2-ի հիմնադիրը նույն անձն է՝ Լևոն Ավետիսյան (ըստ ընտրողների ռեգիստրի՝ գրանցված է Էրեբունիում), սակայն շահագործման թույլտվություն դրանք չեն ստացել։
Հանքավայրի շահագործան թույլտվություն ստացել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն՝ 2021 թվականին։ Ընկերությունը, սակայն, մինչ օրս գործունեություն չի ծավալել այդ տարածքում։ Թեև լսումների ժամանակ Այգեզարդ և Գինեվետ գյուղերի բնակիչները կարծիք են հայտնել, թե «ՄԼ Մայնինգ»-ի թույլտվությունն այլևս չի գործում՝ դրա անգործության արդյունքում, սակայն Factor.am-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ 17.11.2025թ. դրությամբ՝ 2021-ին տրված լիցենզիան ուժի մեջ է, տրվել է 50 տարով՝ մինչև 2071 թվական։ Հանքի տարածքը 34․11 հեկտար է։
Կադաստրային քարտեզում կոորդինետների տեղորոշմամբ՝ Factor.am-ը պարզել է, որ «ՄԼ Մայնինգ»-ի գործող լիցենզիայի և «Օրդ»-ի հայցվող տարածքները (ընդգծված են կանաչ գույնով) հարակից են։
Այսինքն՝ եթե 2 ընկերությունն էլ սկսեն շահագործել իրենց տեղամասերը, ընդհանուր շահագործվող տարածքը կլինի 88 հեկտար, հետևաբար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունն էլ կմեծանա։
Անտեսված ազդակիրները
Կարմիրսարի ստորոտին գտնվում են Նարեկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Գինեվետ, Նոր Ուղի, Սիսավան գյուղերը։ Տարածաշրջանն ինտենսիվ գյուղատնտեսական գոտի է՝ ծիրանի, դեղձի, խաղողի և այլ այգիներով։ Ազդակիր ճանաչվել է միայն Գինեվետը, որը Վեդի խոշորացված համայնքի բնակավայր է։ «Օրդ»-ի ներկայացրած հաշվետվության մեջ քամու ուղղությունը նշված է հիմնականում արևելք (29%), արևմուտք (19%) և հարավ-արևելք (11%)։ Քարտեզով դիտարկելիս՝ Գինեվետը հանքատեղիից հարավ-արևմուտք է, այսինքն՝ անգամ ընկերության ներկայացրած տվյալներով, այն ավելի քիչ է ենթակա լինելու փոշու ազդեցությանը։
Թեև իրականում, ինչպես ցույց է տալիս Global Wind Atlas-ը, մինչև 5 կմ շրջագծով տարածքում հանքատեղիից դեպի հյուսիս-արևմտյան ուղղությամբ գտնվող Քաղցրաշեն, Այգեզարդ, Նարեկ բնակավայրերի ուղղությամբ տարվա կտրվածքով փչում է քամիների մոտ 48-50%-ը, իսկ հարավ-արևելյան՝ Վանաշեն, Սիսավան և Նոր Ուղի բնակավայրերի ուղղությամբ՝ քամիների մոտ 30%-ը։

Ստացվում է՝ ընկերության հանքարդյունահանման շրջակա միջավայրի ազդեցության գնահատումն ի սկզբանե ոչ ճիշտ տվյալների վրա է հիմնված։ Դրա հետևանքով նաև ազդակիր չեն ճանաչվել Արտաշատի Քաղցրաշեն, Այգեզարդ, Նարեկ բնակավայրերը և լսումներն անցկացվել են նվազ ազդակիր համայնքում, ըստ ամենայնի՝ բնակիչների դիմադրությունից խուսափելու նպատակով։
Մինչդեռ, Այգեզարդի բնակիչները 2024-ին, երբ «ԴԻԳԸՆԴԻԳ» ընկերությունն էր փորձում Կարմիրսարի հանքը շահագործելու ՇՄԱԳ թույլտվություն ստանալ, պետական մարմիններին ներկայացրել էին մոտ 2300 ստորագրությամբ հանրագիր ՝ պահանջելով արգելել ցանկացած տեսակի հանքավայրի շահագործում տարածքում։

Մի էական հանգամանք էլ կա, որի մասին իշխանության ներկայացուցիչները լռում են։ Ինչպես նշված է հենց «Օրդ»-ի հաշվետվությունում, հանքավայրից մոտ 10-20 կմ արևելք-հյուսիս-արևելք գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։ Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքավայրի շահագործումն արգելոցի վրա, Շրջակա միջավայրի նախարարությունը գնահատական չունի։
Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՇՄՆ-ից նշել են․ «Կարմիրսարում հանքաարդյունահանման ազդեցությունը նախարարության ենթակայությամբ գործող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրա հնարավոր է որոշել միայն փորձաքննական գործընթացում»։
Այսինքն՝ նախորդ տարիներին տարբեր ՇՄԱԳ-երի փորձաքննությունների ժամանակ «Խոսրովի անտառ»-ի հարցն անգամ չի քննարկվել։
Factor.am-ը Բնապահպանության նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանից հետաքրքրվեց՝ հանքն ինչպե՞ս կազդի պետական արգելոցի վրա։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է լուրջ հետազոտություն՝ հաշվի առնելով ծովի մակարդակից տարածքների բարձրությունները, քամիների ուղղությունը, լեռնագրությունը և այլն։ Ղազարյանի դիտարկմամբ՝ եթե հանքի կամ ցեմենտի գործարանի փոշու մասնիկները հասնեն Խոսրովի անտառ, նստեն ծառերի տերևների վրա, բույսի ֆոտոսինթեզի ապարատը կթուլանա և ծառը «կխեղդվի», իսկ հողերի դեպքում աստիճանաբար կփոխվի դրանց մեխանիկական և քիմիական կազմը, կառուցվածքը, և այլն։
Կարմիրսարի հանքի շահագործման «գնդակն» արդեն Շրջակա միջավայրի նախարարության դաշտում է։ Մնում է տեսնել՝ արդյոք նախարարությունը կփոխի՞ դիրքորոշումն ու, ի տարբերություն «Օրդ»-ի, կանաչ լույս կվառի՞ «Օրդ Գրուպ»-ի առջև, թե՞ կկարողանա գործել բացառապես մասնագիտական չափանիշներով՝ մերժելով կեղծ տվյալների վրա հիմնված նախագիծը։
Գայանե Խաչատրյան



































































































































































































