ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ և քննարկել Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները։ Պապոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպմանը երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

«Քննարկեցինք Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ»,-գրել է Պապոյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները Ախուրիկ–Աքյաքա անցակետում և Գյումրիում՝ շարունակելով Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնման և շահագործման տեխնիկական քննարկումները: