Հայաստանի տեքստիլ արտադրանքը կարող է մրցունակ լինել միջազգային շուկայում

Երևանում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի ներկայացման միջոցառումը, որի նպատակն է ապացուցել, որ Հայաստանի տեքստիլ արտադրանքը կարող է մրցունակ լինել միջազգային շուկայում։

-ի թղթակցի հետ զրույցում նորաստեղծ հիմնադրամի տնօրեն Էրիկ Մինասյանը նշեց, որ հիմնադրամը կոչված է նպաստելու Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացմանը և հայկական արտադրանքի արտահանմանը:

«Նպատակն է ապացուցել, որ Հայաստանի տեքստիլ արտադրանքը կարող է մրցունակ լինել միջազգային շուկայում: Այդ ուղղությամբ շատ աշխատանք կա անելու: Ներկայում ոլորտը մեր երկրում շատ դժվար և ծանր վիճակում է: Ունենք լոգիստիկ, ապրանքահումքային և այլ խնդիրներ: Հայաստանում հումք չի արտադրվում, ինչը դժվարություններ է առաջացնում: Այդ ամենը ստիպված ենք ներմուծել: Հայաստանում ներկայում գործում են ավելի քան 100 մանր և խոշոր արտադրամասեր»,- ներկայացրեց նա՝ հավելելով, որ առանձին խնդիր է մասնագետների սակավությունը: Սակայն, նրա համոզմամբ՝ հաջողության հնարավոր է հասնել միայն միասնական ջանքերով:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց՝ կա պատկերացում ոլորտի զարգացման վերաբերյալ, որը ձգտելու են աստիճանաբար կյանքի կոչել՝ ելնելով առկա իրողություններից:

Միջոցառմանը ներկա «Ամերիա» ՓԲԸ խորհրդատվական ընկերության, նաև այս ծրագրի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց, որ ոլորտին առնչվող առաջին նախագիծը մշակվել է դեռ 2001 թվականին:

«Բավական ծավալուն աշխատանքի արդյունքում մշակել էինք զարգացման ռազմավարություն, որը կառավարությունն ընդունել էր: Դրա շրջանակում պետք է իրականացվեին տարբեր միջոցառումներ՝ կապված ոլորտի արտադրողականության աճի ապահովման, սեփական բրենդեր ստեղծելու, դրանք նոր շուկաներ հանելու, սերտիֆիկացման և այլ գործընթացների հետ: Սակայն, դրա համար անհրաժեշտ էր ստեղծել համապատասխան գործակալություն, որը պետք է համակարգեր բոլոր հիմնական հարցերը: Այդ գործընթացը երկարաձգվեցեց, բայց շատ ուրախ ենք, որ վերջապես կարողացանք նշված նախագծի շրջանակում օգնել Կառավարությանը: Երկու ամիս առաջ գրանցվեց «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը, որը հանդիսանալու է այդ մշակված ռազմավարության իրականացման հիմնական գործիքը»,- նշեց նա:

Այնուհանդերձ, ըստ ծրագրի ղեկավարի, ռազմավարությունն արդեն հնացել է, այն վերանայման կարիք ունի:

«Բայց, կարևորն այն է, որ արդեն կա աշխատակազմ, որի համար մշակել ենք թե՛ ներքին բիզնես պրոցեսները, թե՛ պաշտոնների նկարագրությունը, թե՛ հաջողության չափման միավորները: Բավականին աշխատանք ենք կատարել, որպեսզի հիմնադրամը կայուն սկսի աշխատել»,- ասաց նա:

Ջրբաշյանի գնահատմամբ՝ տարիների ընթացքում ոլորտը որոշակիորեն պահպանել է կախվածությունը ավանդական շուկայից, իսկ աշխատավարձերի աճը համարժեք չի եղել արտադրողականության աճին, ինչի հետևանքով բնագավառը զիջել է մրցունակությունը, կորցրել է մոտավորապես 1200 աշխատատեղ: Ըստ այդմ՝ անչափ կարևոր է հնարավորինս արագ մշակել զարգացման նոր ռազմավարություն և, արդեն ունենալով գործիք, սկսել իրագործել այն:

«Այլ հարց է, որ շատ մեծ փոփոխություններ չեն լինի ռազմավարության գաղափարախոսության մեջ, որովհետև միակ նկատառումը վերաբերում է արտադրողականության աճի բարձրացմանը և անցումն աութսորսինգի մոդելից, երբ կատարվում է սեփական արտադրանքի պատվեր, տեղական բրենդերի ստեղծմանը: Հուսով եմ, որ ռազմավարության արագացված իրականացումը կնպաստի զարգացմանը և հենց առաջին տարվա ընթացքում փոփոխություններ կլինեն: Այս նույն ճանապարհով, օրինակ, Թուրքիան անցել է մոտ 15 տարի առաջ. այն ժամանակ ձևավորվեցին այսօր արդեն տարածաշրջանային և համաշխարհային ճանաչում ձեռքբերած ապրանքանիշներ»,- ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է շուկաների դիվերսիֆիկացման խնդրի լուծումը, քանի որ այսօր հայկական պատրաստի արտադրանքի ավելի քան 65 տոկոսն արտահանվում է Ռուսաստան: Մեկ շուկայից կախվածությունն առաջացնում է լրացուցիչ ռիսկեր:

Զրույցը եզրափակելով՝ նա հավելեց, որ Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է տեքստիլ ոլորտի զարգացումը, քանի որ այստեղ ստեղծվում են մեծ թվով աշխատատեղեր, հատկապես՝ մարզերում և կանանց ներգրավմամբ: Ուստի սա նաև զբաղվածության ապահովման և սոցիալական խնդիր լուծող լրջագույն հարց է: Հենց դրանից ելնելով է, Տիգրան Ջրբաշյանի գնահատմամբ, կարևորվում պետության ներդաշնակ և համակարգված միջամտությունը գործընթացին:

Միջոցառման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ներկայացրեց նախարար Գևորգ Պապոյանի ողջույնի ուղերձը: Ներկաներին դիմեց նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը:

Ոլորտի այսօրվա վիճակին, զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին անդրադարձավ նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը։

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Good Governance Fund-ի, ՎԶԵԲ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ։

Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին