
Հայաստանի իշխանավորները ոչինչ չասող թվերով ու բարձրագոչ հայտարարություններով պատրանք են ստեղծում, թե մեր տնտեսությունն անընդհատ զարգացման նոր հորիզոններ է նվաճում, բարձր աճեր է արձանագրում։ Բայց խուսափում են խոսել այն մասին, թե իրականում ինչ է թաքնված այդ աճերի հետևում։
Նախորդ մի քանի տարիներին, երբ հայտնի գործոններով պայմանավորված՝ պաշտոնական վիճակագրությունը «համաշխարհային մակարդակի» աճեր էր գրանցում, փորձում էին դա վերագրել մեր տնտեսությանը։ Չնայած բոլորն էլ հասկանում էին, որ դա մեր տնտեսության հետ կապ չունի։
Պատահական չէր, որ մի պահ, երբ այդ գործոնները թուլացան, տնտեսական աճի փայլն արագորեն խամրեց։ Գահավիժեց հատկապես տնտեսության արտադրական հատվածը, մասնավորապես՝ արդյունաբերությունը, որտեղ նախկին բարձր աճերը նստած էին գերազանցապես արտաքին գործոնների, հատկապես՝ ռուսական ոսկու ներմուծման, ձևական վերամշակման ու վերաարտահանման վրա։ Դրա արդյունքում էլ արդյունաբերությունը, մի ժամանակահատված կար, որ «հրաշքներ» էր սկսել գործել։ Բայց երբ ոսկու վերաարտահանումները նվազեցին, արդյունաբերությունը հայտնվեց խոր անկման մեջ։
Այս տարվա սկզբին արդյունաբերության մեջ անկումը հասնում էր ընդհուպ 20 տոկոսի։ Վերջին շրջանում պատկերը որոշ չափով փոխվել է։ Չնայած այժմ էլ արդյունաբերությունը շարունակում է անկումային լինել, այնուհանդերձ, անկման տեմպը փոքրացել է։ Ավելին՝ վերջին ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամսական կտրվածքով բավական բարձր աճեր են գրանցվում։ Այդ հանգամանքն իշխանությունները փորձում են մատուցել այնպես, թե իբր արդյունաբերությունն ակտիվորեն վերականգնվում է։ Բայց արդյունաբերության վերականգնման մասին պատրանքները փշրվում են, երբ մի փոքր խորանում ենք «վերականգնման» հիմքերի մեջ։
Մակերեսային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդյունաբերությունը վերջին ամիսներին սկսել է ակտիվանալ հիմնականում հայտնի հիմնային մետաղների արտադրության հաշվին։ Խոսքն այն հիմնային մետաղների արտադրության մասին է, որտեղ նախորդ տարի բարձր աճեր էին գրանցվում գերազանցապես ռուսական ոսկու վերաարտահանումների արդյունքում։
Ահա այս ճյուղում է, որ վերջին ամիսներին դարձյալ բարձր աճեր են գրանցվում՝ ուղղակիորեն ազդելով՝ ինչպես մշակող արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես արդյունաբերության վրա։
Օգոստոսին հիմնային մետաղների արտադրությունը կազմել էր 36.4 մլրդ դրամ, գրեթե նույնքան՝ նաև սեպտեմբերին։
Նախորդ ամիսներին նույնիսկ դրան մոտ ցուցանիշներ չէին գրանցվել. արտադրության ծավալներն ամսական կտրվածքով մեծամասամբ 12-16 մլրդ դրամի սահմաններում էին։
Օգոստոս-սեպտեմբերին թվերը կտրուկ թռան։ Բայց այն, ինչ կատարվեց հոկտեմբերին, նույնիսկ երևակայությունից դուրս է։ Հոկտեմբերին պաշտոնական վիճակագրությունը հիմնային մետաղների արտադրության ռեկորդային բարձր աճ գրանցեց։ Արտադրության ծավալն այդ ամսին հասավ գրեթե 87 մլրդ դրամի՝ 2.3 անգամով գերազանցեց անցած տարվա, անգամներով՝ այս տարվա նախորդ ամիսների ցուցանիշները։
Միայն հոկտեմբերին, պարզվում է՝ Հայաստանում հիմնային մետաղների արտադրությունն այնքան է եղել, որքան տարվա առաջին 6 ամիսներին միասին վերցրած։ Կրկին «հրաշք» է տեղի ունեցել. Հոկտեմբերին մշակող արդյունաբերության այդ ճյուղի արտադրության ծավալները 4.5 անգամով գերազանցել են՝ հունվարի, 5.4 անգամով՝ փետրվարի, 5.4 անգամով՝ մարտի, 7 անգամով՝ ապրիլի, 6.7 անգամով՝ մայիսի, և 6.2 անգամով՝ հունիսի ցուցանիշները։
Հիմնային մետաղների արտադրության ոլորտում, նույնիսկ նախորդ տարի, երբ ռուսական ոսկու վերաարտահանման գործոններով պայմանավորված՝ չտեսնված ակտիվություն էր, այդպիսի բարձր ցուցանիշներ չէին գրանցվում։ Առավելագույնը, որ անցած տարի արձանագրվել էր ամսվա կտրվածքով, 79.8 մլրդ դրամի արտադրության ծավալն էր։
Այս տարվա հոկտեմբերին նախորդ շրջանի բոլոր ռեկորդները նույնիսկ գերազանցեցին։ Անցած տարվա աճերը որևէ այլ բանի հետ կապված չէին, կապված էին բացառապես ռուսական ոսկու գործոնի հետ։ Թե այս անգամ ինչո՞վ են պայմանավորված եղել հիմնային մետաղների արտադրության բարձր աճերը, որը տեսնում ենք վերջին ամիսներին ու հատկապես հոկտեմբերին՝ առայժմ պարզ չէ։ Չի բացառվում, որ կրկին գործի են դրել Ռուսաստանից մեծ քանակությամբ ոսկի ներկրելու ու հայկականի անվան տակ վերաարտահանելու հայտնի մեխանիզմը։
Հավանաբար նաև դրանով է պայմանավորված Ռուսաստանից ներմուծումների այն ակտիվությունը, որը նկատելի է եղել հոկտեմբերին։
Հոկտեմբերին Ռուսաստանից ներկրումները կազմել են 482 մլն դոլար։ Այն գրեթե 2.3 անգամով գերազանցել է նախորդ ամսվա ներմուծումների ծավալը։ Սեպտեմբերին նախորդած ամիսներին էլ ներմուծումները Ռուսաստանից անհամեմատ ավելի քիչ են եղել, քան հոկտեմբերին։ Այս աճը կարող էր կապված լինել վերաարտահանման նպատակով ռուսական ոսկու ներկրման ակտիվացման հետ։
Հոկտեմբերին 230 մլն դոլարի շուրջ 1.8 տոննա անմշակ ոսկի է ներմուծվել Հայաստան։
Պատկերացնելու համար ասենք, որ օգոստոսին ոսկու ներմուծումը կազմել էր 76 միլիոն, իսկ սեպտեմբերին՝ 39 մլն դոլար։
Հոկտեմբերին արձանագրվել է մատակարարումների բավական բարձր ակտիվություն դեպի ԱՄԷ, որը, ինչպես հայտնի է, «հայկական» ոսկու արտահանման հիմնական շուկան է։
Հիմնային մետաղների արտադրության մեջ վերջին շրջանում նկատվող ակտիվությունը թե ինչքանով է կապված հենց ոսկու վերաարտահանման գործոնի հետ, դժվար է միանշանակ ասել։ Ամեն դեպքում առաջին տպավորություններն այդպիսին են։ Բայց կարող են լինել նաև այլ գործոններ։ Այդ բոլոր գործոնների արդյունքում է, որ վերջին շրջանում «վերականգնվում» է արդյունաբերության անկումը։ Չնայած անգամ այդ պայմաններում այն առայժմ չի հասել նախորդ տարվա մակարդակին։
Անկումը 10 ամսում հասնում է 3 տոկոսի։
Արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր անկումային են։ Նվազել է խմիչքների արտադրությունը, որը մշակող արդյունաբերության երբեմնի երկրորդ ամենախոշոր ճյուղն էր՝ սննդամթերքի արտադրությունից հետո։
Հիմա արդեն դադարել է այդպիսին լինելուց՝ զիջելով՝ ինչպես հայտնի հիմնային մետաղների, այնպես էլ՝ ծխախոտի արտադրատեսակների արտադրությանը։ Կտրուկ՝ ավելի քան կիսով չափ, նվազել է ոսկերչական իրերի արտադրությունը։ Էլեկտրական սարքավորումների արտադրությունն է կրճատվել, կաշվի, հագուստի ու այլ ապրանքների արտադրությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


































































































































































































































