Նոյեմբերի սկզբին պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց կարճ զեկույց 2024թ. աղքատության վերաբերյալ, ինչը շահարկման առարկա դարձավ իշխանության քարոզիչների կողմից։

Փորձեցին տպավորություն ստեղծել, թե նախորդ տարիների համեմատ աղքատությունը Հայաստանում մեծապես նվազել է, չնայած տողատակում պաշտոնական վիճակագրությունը հատուկ ընդգծել էր, որ աղքատության հաշվարկի մեթոդաբանությունը փոխել են ու հրապարակված ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարիների հետ։ Համադրություն ստեղծելու համար խոստացել էին նույն մեթոդաբանությամբ վերագնահատել նաև նախորդ տարիների ցուցանիշները։

«Տվյալների արդիականացումն ապահովելու նպատակով, 2024թ. հետազոտության ընտրանքային կշիռները ճշգրտվել են՝ հիմք ընդունելով ՀՀ 2022թ. մարդահամարի հիմքով վարվող մշտական բնակչության ընթացիկ հաշվառման տվյալները։ Նշվածով պայմանավորված՝ 2024թ. աղքատության վերաբերյալ ներկայացվող ցուցանիշները համադրելի չեն դրան նախորդող տարիների համապատասխան ցուցանիշների հետ։

Ըստ այդմ՝ վերը նշված կշիռների կիրառմամբ 2022 և 2023թթ. աղքատության ցուցանիշները ևս կվերանայվեն, որոնց արդյունքները կզետեղվեն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2025թ.» վիճակագրական-վերլուծական զեկույցում»,- արձանագրել էր Վիճակագրական կոմիտեն։

Օրերս հրապարակվեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2025թ.» վիճակագրական-վերլուծական զեկույց, որտեղ, սակայն, 2022 և 2023թթ. աղքատության վերաբերյալ ցուցանիշները նոր մեթոդաբանությամբ վերագնահատված ու զետեղված չեն, ինչպես խոստացել էին։ Ավելին՝ հրաժարվել են նման վերագնահատում իրականացնելուց։ «2022 և 2023թթ. աղքատության ցուցանիշների վերանայում չի իրականացվում»,- ասված է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2025թ.» վիճակագրական-վերլուծական զեկույցում։

Մինչդեռ՝ նախորդ տարիների ցուցանիշների վերագնահատումը կարևոր էր նրանով, որ հնարավորություն էր տալու պատկերացում կազմել, թե ինչպես է փոխվել աղքատության պատկերը Հայաստանում։ Առանց դրա՝ անհնարին է դատողություն անել աղքատության փոփոխության վերաբերյալ։

Թե ինչո՞ւ են հրաժարվել նախորդ տարիների ցուցանիշների վերագնահատումից, ինչը նախկինում մշտապես անում էին, կարելի է միայն ենթադրել։ Դրանով գուցե կարող էր պարզվել, որ աղքատությունը ոչ միայն չի նվազել, այլև նույնիսկ խորացել է։ Իսկ դա, բնականաբար, չէր կարող բխել Հայաստանի այսօրվա կառավարիչների շահերից, ովքեր ավարտին մոտեցող իրենց հնգամյա գործունեության ծրագրով խոստացել էին աղքատությունը Հայաստանում կրճատել կիսով չափ, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ընդհանրապես վերացնել։

Ունենք այն, որ 2 խոստումն էլ չեն կատարել։ Աղքատությունը մեծապես հեռու է կիսով չափ կրճատվելուց, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ վերանալուց։ Մեթոդաբանության վերջին փոփոխություններից հետո աղքատությունը Հայաստանում կազմել է 21.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.6 տոկոս։

2018թ. Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 1 տոկոս էր, հրապարակված վերջին տվյալներով, հաշվարկի մեթոդաբանությունը փոխելուց հետո, 0.6 տոկոս է։

Աղքատության ցուցանիշն էլ այս ընթացքում էական փոփոխություն չի կրել։ Առավել ևս՝ ծիծաղելի է խոսել դրա կիսով չափ կրճատման մասին։

Տպավորություն է, որ մեթոդաբանության պարբերական վերանայումներով հատուկ այնպես են անում, որ հնարավոր չլինի գնահատել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել աղքատության ցուցանիշներում։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ շարքային քաղաքացին կամ աղքատը չգիտի, թե այս ընթացքում ինչպես է փոխել իր կյանքը։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական պաշտոնյաները փորձեն խեղաթյուրել իրական պատկերը, Հայաստանում հարյուր-հազարավոր քաղաքացիներ ապրում են աղքատության մեջ, ու նրանց կյանքում վերջին տարիներին ոչինչ չի փոխվել, եթե, իհարկե, ավելի չեն աղքատացել։ Եվ դա տեղի է ունեցել այդքան հաճախ հորջորջվող «համաշխարհային մակարդակի» տնտեսական բարձր աճերի պայմաններում։

Բոլորովին վերջերս իշխանության քաղաքական քարոզիչներից մեկը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարի, գլուխ էր գովում, թե Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն հասցրել են ավելի քան կրկնապատկել։ Դա ենթադրում է, որ, եթե ոչ համարժեք, ապա գոնե դրան մոտ պիտի ավելանային նաև քաղաքացիների եկամուտները։ Բայց չեն ավելացել՝ անկախ նրանից, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը երկրում գեներացվող արդյունքի բաշխման վերաբերյալ։

«Ջինի գործակիցը ցույց է տալիս, թե երկրում գեներացված եկամուտներն ինչքանով են հավասար բաշխվում բնակչության մեջ։ Վերջին ցուցանիշներով, Հայաստանն էական բարելավում է ունեցել այս տեսակետից, և նախորդ շրջանի նկատմամբ բավական լավ աճեր ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարներն, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար և արդար է տեղի ունենում»,- օրերս Ազգային ժողովում աղքատության մասին խոսելիս՝ հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ, եթե տնտեսական արդյունքն այդքան արդար ու հավասար է բաշխվում, ինչո՞ւ 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարվող կրկնապատկման պայմաններում Հայաստանում աղքատությունը շոշափելի փոփոխություն չի կրում, իսկ սոցիալական բևեռացումը գնալով խորանում է։

Եզրակացությունը պարզ է ու հստակ՝ որովհետև արձանագրվող տնտեսական աճերը փուչիկ են։ Իսկ որ ավելի կարևոր է՝ ստեղծվող տնտեսական արդյունքն է խիստ անհամաչափ բաշխվում։ Դրանում համոզվելու համար սար ու ձոր ընկնել պետք չէ. Ընդամենը պետք է վերցնել ու համեմատել, թե ՔՊ-ական պաշտոնյաների աշխատավարձերն ու այլ եկամուտներն այս ընթացքում քանի՞ անգամ են ավելացել և ինչքանո՞վ են աճել սոցիալական խոցելի 2 հիմնական խմբերի՝ թոշակառուների ու անապահով ընտանիքների եկամուտները։

Դրանից հետո ամեն ինչ կընկնի տեղը, ո՛չ աղքատության ցուցանիշների գնահատման, վերագնահատման, և ո՛չ էլ մեթոդաբանությունների փոփոխությունների կարիք կլինի։ Հայաստանում այսօր 660 հազարից ավելի միայն թոշակառուներ ու նպաստառուներ կան, որոնց եկամուտներն այս տարիներին այնքան փոփոխություններ չեն կրել, որ հասնեին անգամ գնաճի հետևից։

Միայն այս հանգամանքը բավարար էր, որպեսզի աղքատությունը Հայաստանում չնվազեր։ Բազմաթիվ այլ սոցիալական խոցելի խմբերին նույնիսկ չենք ասում, որոնք ևս բավական մեծ կշիռ են կազմում հասարակության մեջ, ու այդ մարդկանց եկամուտները ևս, ինչպես վերջին մի քանի, այնպես էլ անցած տարի էական փոփոխություն չեն կրել։

Այդ պայմաններում կասկածելի է, որ աղքատությունը Հայաստանում կարող էր նույնիսկ նվազել, չնայած պաշտոնական վիճակագրությունը, մեթոդաբանության փոփոխությունից հետո, ավելի ցածր ցուցանիշ է արձանագրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ