ՀԷՑ-ը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 285 մլն դրամի տույժ. ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2025 թվականին արձանագրած խախտումների համար դրամական զգալի տույժեր է կիրառել տարբեր ընկերությունների նկատմամբ:

-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Հանձնաժողովը 2025 թվականին ևս վերահսկել է իր կարգավորման ոլորտում մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշները, իսկ դրանց խախտման դեպքում՝ մատակարար կազմակերպությունների կողմից սպառողներին հատուցումների վճարման գործընթացը: Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145536 բաժանորդի վճարել է ընդհանուր 285 մլն դրամի տույժ: Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ էներգետիկայի բնագավառում կառավարության լիազոր մարմնի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2025 թվականին Հանձնաժողով է ներկայացվել հաղորդում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից թույլ տրված առերևույթ բազմաթիվ հնարավոր խախտումների մասին: Հաղորդման հիման վրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում դադարեցվել է ընկերության՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը»,- նշեց Մեսրոպ Մեսրոպյանը:

ՀԾԿՀ նախագահը նաև հավելեց. «Սպառողների կողմից հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննարկման, կարգավորվող անձանց կողմից ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների, ինչպես նաև լիցենզիայի պայմանների հնարավոր խախտման դեպքերի ուսումնասիրության շրջանակում 2025 թվականի ընթացքում Հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցել նաև հանրային ծառայությունների ոլորտի այլ կարգավորվող անձանց նկատմամբ՝ կիրառելով ընդհանուր առմամբ 51 մլն դրամի տույժեր: Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ Հանձնաժողովի մարտի 26-ի և հունվարի 18-ի որոշումներով երկու դեպքում էլ տուգանվել է 10 մլն դրամ գումարի չափով՝ լիցենզիայի պայմանների, ինչպես նաև Հանձնաժողովի իրավական ակտերի խախտման համար:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հանձնաժողովի սեպտեմբերի 30-ի որոշումներով երկու դեպքում էլ տուգանվել է 10 մլն դրամով՝ նախապես հրապարակված ջրամատակարարման գրաֆիկների խախտման, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» խախտման համար:

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ հանձնաժողովի հոկտեմբերի 8-ի որոշմամբ տուգանվել է 10 մլն դրամ գումարի չափով՝ ընկերությանը տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի պայմանների խախտման համար:

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն՝ Հանձնաժողովի մարտի որոշմամբ տուգանվել է 1 մլն դրամ գումարի չափով՝ Հանձնաժողովի կողմից հաստատված Էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնի խախտման համար»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչներին
Առնվազն 15 պետություններում 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի. ՀԾԿՀ նախագահ
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով