
Հունաստանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու հարցում շինարարության, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Ինչպես հաղորդում է ֊ի թղթակիցն Աթենքից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն` անդրադառնալով ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում հույն գործարարների հետ հանդիպմանը, դրա ժամանակ հնչած կարևոր շեշտադրումներին։
«Ես կարող եմ ասել, որ այս պետական այցը շատ ընդգրկուն էր, քանի որ այն ներառում է, ըստ էության, երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը` քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն, որը միտված է դեպի ռազմավարական երկխոսության, այնուհետև խորհրդարանական դիվանագիտություն, գործարարների հետ հանդիպումներ, համայնքային շփումներ, մշակութային կապեր։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության թանգարանն ու Ակրոպոլիսի թանգարանը ստորագրում են համագործակցության հուշագիր»,֊ ասաց ՀՀ դեսպանը։
Նրա խոսքով՝ տնտեսական գործակցության օրակարգն առաջ տանելը անչափ կարևոր է` հաշվի առնելով նաև Հայաստանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, բարեփոխումները, ինչպես նաև ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները։
Դեսպանը նկատեց, որ Հունաստանի գործարարներից եկած ազդակները հույս են ներշնչում, որ ակնկալիքները բավական մեծ են։ Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ բավականին մեծ է հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ` հաշվի առնելով ապաշրջափակման հնարավորությունները։
Դեսպանը տեղեկացրեց, որ քննարկումների առանցքում եղել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Այս ոլորտում վերջին տարիներին նկատելի աճ է գրանցվում, դրան նպաստում է ուղիղ ավիաչվերթների առկայությունը։
Տիգրան Մկրտչյանը նշեց, որ երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ունեն նաև գյուղատնտեսության ոլորտում։





























































































































































































































































































































































































































































































