Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված:
-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, պետական աջակցության ծրագրերին ու անելիքներին:
Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2025-ին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 1 տրլն 57 մլրդ դրամ: Փոխնախարարի խոսքով՝ բուսաբուծության ոլորտը բավականին մեծ դրական ազդեցություն է ունեցել այս աճի ձևավորման համար: Պտուղ-հատապտուղների աճը, օրինակ, եղել է շուրջ 19.7 տոկոս, խաղողի բերքի աճը՝ ավելի քան 24 տոկոս, բանջարաբոստանային մշակաբույսերը՝ 2-5.5 տոկոս, հացահատիկ, հատիկաընդեղենը՝ 15 տոկոսից ավելի և այլն:
«Ուրախալին այն էր, որ ավելացել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Ըստ հավաքագրված օպերատիվ տվյալների՝ 2025-ի աշնանը շուրջ 40.8 տոկոսով ավել ցանք է իրականացվել: Դա նշանակում է, որ 2026-ին ունենալու ենք այդ չափով ավել հացահատիկի բերք: Հայաստանում նաև զգալի ավելանում է ծաղկի արտադրությունը: Մեր գյուղատնտեսության ռազմավարության մեջ նաև նշված էր, որ մեր թիրախային ուղղություններից է լինելու նաև ոչ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության խթանումը, և ծաղիկն այդ տրամաբանության շրջանակում է»,-ասաց Խոջոյանը:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 146 հազար 500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչպես նաև շուրջ 78 միլիոն հատ ծաղիկ, 1320 տոննա ծաղիկ:
Փոխնախարարի խոսքով՝ ջերմոցային տնտեսությունները նպաստել են նաև ծաղկի արտադրության ծավալների ավելացմանը: «Եթե օրինակ 3-4 տարի առաջ Հայաստանից արտահանվում էր 11 տոննա ծաղիկ, ապա 2025-ին այն 1320 տոննա էր, իսկ 2024-ին եղել է 566 տոննա: Այս ուղղությունը շատ ինտենսիվ կերպով զարգանում է և արտահանման մեջ բավականին մեծ կշիռ է ունենում»,-նշեց նա:

Հայաստանից ծաղկի արտահանման հիմնական ուղղությունը ԵԱՏՄ երկրներն ու Արաբական Միացյալ Էմիրություններն են: Լինում են նաև այլ ուղղություններ:
«Կարևոր է հասկանալ շուկաները: Օրինակ՝ արաբական մշակույթի մեջ հաճախ կարելի է հանդիպել, որ թե՛ տանը, թե՛ հյուրանոցներում թարմ ծաղիկներ են դրվում: Սակայն դրանք ավելի կարճ ու դեկորատիվ ծաղիկներն են: Դրանք տոննայով արտահանվող ծաղիկներն են: Իսկ հատով արտահանվող ծաղիկներն արտահանվում են այն շուկաներ, որտեղ ծաղիկ նվիրելու ավանդույթներ գոյություն ունեն, և կարևորվում է չափը, տեսքը և այլն: Ծաղկի արտահանման ուղղությունները որոշվում է այս սկզբունքներով»,-հավելեց Խոջոյանը:
Անդրադառնալով թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման առումով առաջացող լոգիստիկ խնդիրներին՝ փոխնախարարն ասաց, որ այդ լոգիստիկ խնդիրները պայմանավորված են լինում թե՛ սեզոնային, թե՛ տրանսպորտային միջոցների քանակի մեծ ծավալով:
«Թե այս ուղղությամբ ինչ է անում Կառավարությունը, ամենասկզբունքային պատասխանը 2025թ օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն է: Այն հնարավորություն ու հիմքեր է ստեղծում, որ ապաշրջափակվեն լոգիստիկ ուղղությունները և ավելի մեծ ու բազմազան հնարավորություններ ստեղծեն տնտեսավարողների համար՝ ոչ միայն բեռնափոխադրումների միջոցով իրականացնելու արտահանումը, այլ նաև երկաթուղու միջոցով: Այն հնարավորություն է ստեղծում թե՛ երկաթուղին օգտագործելով, թե՛ նաև այլ ճանապարհներն օգտագործելով՝ այդ հերթերը բաժանել մաքսային կրիտիկական կետերից»,-ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նոր մշակույթի ձևավորմանը՝ Խոջոյանը նկատել է՝ Հայաստանում արդեն փոխվել կամ փոխվում է այգեգործական մշակույթը, որում իր մեծ դերն ունի ինտենսիվ այգեգործության ծրագիրը: Ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանում հիմնվել է 4635 հա ինտենսիվ այգի: Մինչև 2026-ի հունիս ամիսը պետությունը նախատեսում է ևս 900 հա-ով ավելացնել այդ թիվը:
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը ևս կարևոր խնդիր է լուծում, ֆերմերների համար հասանելի է դարձնում նորագույն տեխնոլոգիաները և արդյունավետ գյուղատնտեսական տեխնիկան: 2025-ին պետական աջակցության այս ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 1219 միավոր գյուղտեխնիկա: Պետության տարեկան թիրախը 500 միավորն էր:
«Այսօր արդեն ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 5290 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Դա նշանակում է, որ կառավարության թիրախը մի քանի անգամ գերակատարված է»,-ասաց Խոջոյանը:
Իսկ այս տարի ծրագրի շրջանակում արդեն 33 միավոր գյուղտեխնիկայի հաստատված հայտ կա: Սակայն ակտիվացումը լինում է գարնանը՝ գյուղատնտեսական բուռն աշխատանքների շրջանում:
«Կառավարությունը հաստատակամ է՝ ապագայում ինտենսիվ գյուղատնտեսությունը միակ բանալին է՝ ոլորտային հաջողություն ունենալու: Այդ տրամաբանությունից ելնելով՝ սահմանվում են նաև աջակցության գործիքակազմը, հնարավորությունները՝ իհարկե, մեծ շեշտադրում անելով ջրային ու հողային ռեսուրսների վրա»,-ասաց փոխնախարարը:
Նա կարևորեց հողի լաբորատոր անալիզներ իրականացնելը՝ արտադրողականության բարձրացման առումով: Նա նաև կարևորեց, որ ֆերմերները մեծ ուշադրություն դարձնեն ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը:
Փոխնախարարը կարծում է, որ այս ամենի իրականացման պայմաններում գյուղատնտեսության աճը կլինի ավելի կայուն:
Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի և այլ մանրամասների համար առաջարկում ենք և վիդեոփոդքասթը






































































































































































































































































































































































































































































































































































































































