
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն, որը կկենտրոնացնի ներմուծման և արտահանման գործընթացներին առնչվող բոլոր ծառայությունները մեկ վայրում։
-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ներկայացնելիս՝ Հակոբյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի բարձրացնել մաքսային գործընթացների արդյունավետությունն ու արագությունը։
Նրա խոսքով՝ ներկայում մաքսային գործառույթները իրականացվում են տարանջատված ձևով, ինչի արդյունքում որոշ գործընթացներ, օրինակ, զննությունները, կատարվում են առանձին տերմինալներում՝ հաճախ առանց անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքների։
«Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի իմաստն այն է, որ բոլոր գործառույթները՝ ոչ միայն մաքսային, այլ նաև արտահանման և ներմուծման հետ կապված մյուս մարմինների գործառույթները, իրականացվեն մեկ համակարգում»,- ասաց Հակոբյանը։
Կենտրոնը կտեղակայվի Պռոշյան գյուղում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ, ինչը հնարավորություն կտա սպասարկել այդ ճանապարհով անցնող բեռնափոխադրումների հիմնական հոսքերը։
Հակոբյանը տեղեկացրեց, որ ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող 30 միլիոն եվրոյի վարկի և 6 միլիոն եվրոյի դրամաշնորհի հաշվին՝ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։
Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը, ինչպես նաև ՊԵԿ նոր վարչական շենքը, որը չի ֆինանսավորվելու վարկային միջոցներով։
«Կենտրոնը լինելու է միասնական համալիր, որտեղ կենտրոնացված կլինեն ներմուծման և արտահանման գործընթացների բոլոր փուլերը։ Նախատեսվում է ունենալ շուրջ 9 հազար քմ պահեստային և զննման տարածք, 2100 քմ սպասարկման և վարչական հատված, 3 հարկանի՝ մոտ 700 քմ մակերեսով լաբորատորիա, ինչպես նաև բեռնատարների համար նախատեսված մինչև 408 մեքենայի ավտոկայանատեղի և ճառագայթային զննման հարթակ»,- եզրափակեց նա։










































































































































































































































































































































































































































































































































































































































