Սպունգ, որը աճում է հողում. լյուֆայի ճանապարհը Արարատյան դաշտից մինչև խնամքի մշակույթ

Պատկերացնո՞ւմ եք սպունգ, որը չի արտադրվում գործարանում, այլ աճում է հողի մեջ։ Սոցիալական հարթակներում հայտնվում են փոքր բիզնեսներ, որոնք փորձում են վերադառնալ «բնության առաջարկած լուծումներին»։

Այդ միտման մեջ իր տեղն ունի նաև լյուֆան՝ բույս, որը շատերի համար դեռ անծանոթ է, բայց արդեն օգտագործվում է որպես խնամքի միջոց։

Հերմինե Մնացականյանը լյուֆայի մասին առաջին անգամ լսել է պատահաբար՝ օճառի մեջ տեսնելով այն։ «Ասացին, որ դա բնական սպունգ է, որը աճում է հողում։ Ինձ համար դա շատ տարօրինակ էր, որովհետև գյուղում եմ մեծացել ու տարբեր մշակաբույսերի հետ եմ առնչվել, բայց նման բան երբեք չէի լսել»,- պատմում է նա։

Շուտով հետաքրքրությունը վերածվեց ուսումնասիրության, իսկ հետո՝ փորձի։ «Սկսեցի փնտրել այդ սպունգերից քաղաքում, սակայն երկար փնտրելուց հետո միայն մի տեղից գտա։ Երբ օգտագործեցի, ավելի շատ սիրահարվեցի այդ բույսին, քանի որ շատ հաճելի էր այն շոշափել մաշկին կամ մերսումներ կատարելը»,- հիշում է Հերմինեն։

Այդ փորձը դարձավ շրջադարձային։ Պարզվեց՝ հայրը տարիներ առաջ տան բակում աճեցրել է։ Այս միտքը վերածվեց գաղափարի, գաղափարը փորձի, իսկ այն` արդյունքի, ինչի մասին Հերմինեն հիշում է հիացմունքով։

«Սերմերը գտանք ու սկսեցինք աճեցնել, բայց առաջին տարիներին ստացվում էր ընդամենը մի քանի պտուղ։ Ավելի շատ կարելի է ասել փորձարկման փուլ էր»,-պատմում է նա:

Լյուֆան, ինչպես պարզվում է, արագ արդյունք չի տալիս։ Այն դդմազգիների ընտանիքի միամյա բույս է, որի համար պահանջվում է ամբողջ տարի՝ մինչև վերջնական արդյունք ստանալը։ Հասունանալուց հետո պտղի ներսում ձևավորվում է այն, ինչ հետագայում դառնում է սպունգ։ «Մենք այն քաղում ենք, կեղևազրկում, լվանում, սերմերը հանում, հետո նոր պատրաստում վաճառքի համար»,- նշում է Հերմինեն։

Այսօր նրա արտադրանքը հասնում է սպառողին հիմնականում սոցիալական հարթակների միջոցով։ Վաճառքը կազմակերպվում է առցանց Instagram հարթակում, իսկ որոշ տեսականի ներկայացված է նաև գործընկեր խանութներում։ Սպառողների շրջանակը հիմնականում 18-45 տարեկան կանայք են։ Սակայն այս նախաձեռնությունը, Հերմինեի խոսքով, միայն բիզնես չէ. «Այսօր շատ են արհեստական ծագման խնամքի միջոցները, իսկ մարդիկ մոռանում են, որ բնությունը շատ կարևոր և բազային հարցերում արդեն մեզ ապահովել է հնարավորություններով, և ես ինձ համարում եմ միջնորդ բնությունից դեպի սպառող»։

Լյուֆան կիրառվում է հիմնականում մաշկի խնամքի համար՝ որպես մերսող և մաքրող միջոց։ Հերմինեն նշում է, որ այն կարող է նպաստել արյան շրջանառությանը, թուլացնել լարվածությունը, ինչպես նաև օգտագործվում է ցելյուլիտի նվազեցման նպատակով։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է նաև սահմանափակումները․ այն խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե մաշկի վրա կան բաց վերքեր, ակնե կամ գրգռված հատվածներ։ Լյուֆայի պատմությունը Հայաստանում դեռ նոր է սկսվում։ Սակայն նման փորձերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է մի պատահական բացահայտում վերածվել փոքր բիզնեսի՝ միավորելով գյուղատնտեսական փորձը, հետաքրքրասիրությունը և ժամանակակից հարթակների հնարավորությունները։

Սյուզաննա Մանուկյան