Հայկ Ղազարյան
Իրանի շուրջ պատերազմը, Հայաստանի չափազանց մեծ կախվածությունը ռուսական շուկայից ավելի են ընդգծում Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը։ Թեև իրանական մթերքի ծավալը հայկական շուկայում ընդամենը 2.2 տոկոս է, Իրանի տարածքով է իրականացվում Հայաստանի բեռնափոխադրումների մեկ-քառորդը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։
Հայաստանի տնային տնտեսությունների սննդակարգը մեծապես հիմնված է բարձր կալորիականությամբ մի քանի մթերքների վրա, հատկապես հացի և կարտոֆիլի, նշվում է ՀՀ Պարենային անվտանգության 2023-26 թթ. ։ Եթե կարտոֆիլի հարցում Հայաստանն ինքնաբավ է, ապա ցորենի ինքնաբավության մակարդակը 23 տոկոս է։ Մնացած ամբողջը (99 տոկոս) ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկային մշակաբույսերն այն հիմնական կերային կուլտուրաներն են, որոնցից ուղղակիորեն ածանցվում է մսի և կաթի արտադրությունը։
Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) 2022-ին կատարած «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և խոցելիության» գնահատումն արձանագրում է, որ հետազոտված տնային տնտեսությունների 23 տոկոսը պարենային անապահով վիճակում է, իսկ 56 տոկոսը՝ պարենային ապահովվածության սահմանային շեմին։
«Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը ճգնաժամային կամ շոկային իրավիճակների դեպքում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի տակ է»,- նշվում է Պարենային անվտանգության ռազմավարությունում։
Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 22 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատ բնակչության մասնաբաժինը՝ 0.6 տոկոս։
Տեղի արտադրողին աջակցելու և բազմազանեցման անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի ու Իսրայելի սանձազերծած պատերազմի երրորդ օրը՝ մարտի սկզբին, Իրանն արգելափակեց գյուղմթերքի արտահանումը։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ իրանական մթերքի մասնաբաժինը հայկական շուկայում ընդամենը 2,2 տոկոս է։
Հնարավոր մարտահրավերների դեմ առնելու քայլերի մասին հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունը ՍիվիլՆեթին հայտնել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կարևոր նախապայման է պարենային համակարգերի դիմակայունության բարձրացման համար, և «Իրանից ներմուծվող սննդամթերքի ծավալների հնարավոր կրճատման դեպքում Հայաստանը կարող է նույնատիպ ապրանքներ ներմուծել ԵԱՏՄ անդամ և այլ երկրներից»։
Շատ ավելի ռիսկային է վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի աշխատանքի խաթարումը, որտեղից լրացվում է Հայաստանի հացահատիկի բացը։ Անցած տարի Ադրբեջանի, ապա Վրաստանի տարածքով սկզբում 1000 տոննա (15 վագոն) ռուսական, այնուհետև՝ նույնքան ղազախական ցորեն մտավ Հայաստան։ Միգուցե սա կարևոր է լոգիստիկ բազմազանեցման տեսանկյունից, սակայն մեկ խմբաքանակ ղազախական ցորենի ներմուծումը ընդամենը խորհրդաշական քայլ էր՝ կախված Ադրբեջանի ցանկությունից. երկրում օրական միջին սպառումը 1000 տոննա է։
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի խորհրդի անդամ Գագիկ Սարդարյանը նշում է, որ ինչպես զենքի հարցում Հայաստանին հաջողվեց բազմազանեցում անել, այնպես էլ անհրաժեշտ է ցորենի հարցում դա անել։ Ըստ մասնագետի՝ եթե վաղը ճանապարհը բացվի, կարող ենք Թուրքիայից ցորեն գնել, որտեղ անցած տարի բերքի ավելցուկ կար։

«Կամ Կանադայից ներկրել, կամ ԱՄՆ-ից ներկրել, Ուկրաինայից բերել ցորենը։ Ո՞վ ասաց, որ մենք Ուկրաինայից չպետք է կարողանանք առնել, մենք էլ Ուկրաինային վաճառելու բաներ ունենք»,- ասաց Սարդարյանը։
«ՅՈՒՍՏՈՒՍ» հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի ագրոնոմ Էմիլ Գևորգյանը ևս անհրաժեշտ է համարում ներկրումների բազմազանեցումը։ Նա կարծում է, որ պարենային անվտանգության խնդիրները պահանջում են համակարգային, այլ ոչ թե հատվածական լուծումներ։
«Ինչ-որ մի խմբաքանակը պարենային անվտանգության խնդիր չի լուծի։ Հաշվի առնելով սահմանների հնարավոր բացման-չբացման, գործընկերային հարաբերությունների փոփոխությունների ամբողջ համատեքստը՝ պետք է կարողանանք տեսնել, թե A կետից B կետ տեղափոխվելիս ինչերի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Պետք է հասկանանք, թե ինչն է ստատուս քվոն և որտեղից ենք սկսում»,- ասում է Էմիլ Գևորգյանը։

Նա զգուշացնում է, որ սահմանների բացումը նշանակում է նաև ապրանքատեսակների հոսք Հայաստան, որոնք գուցե տեղի արտադրողի համար այդքան էլ ցանկալի չեն։
«Մենք գիտենք, օրինակ, որ բանջարեղենի և մրգի արտադրության մասով ունենք ինքնաբավության բարձր մակարդակ։ Որքանո՞վ և ինչպե՞ս ենք պաշտպանելու տեղի արտադրողին։ Պետք է պատրաստ լինել դրան, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են գիտականորեն հիմնավորված լուծումներ, որոնք պետք է գան այլ դերակատարներից և օգնեն քաղաքական որոշումների մշակման գործում»,- նշում է Էմիլ Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախկինում հայտարարել է, որ ցորենի արտադրությունը Հայաստանում տնտեսապես ձեռնտու չէ, և շեշտը պետք է դնել ինտենսիվ այգեգործության վրա։
Արցախցի ֆերմեր Արտակ Ներսեսյանը տեղահանությունից հետո որոշել է Արմավիրի մարզում շարունակել հացահատիկի մշակությունը, սակայն շուտով համոզվել է, որ դա ձեռնտու չէ։
«Ոռոգելը հեկտարի համար 25,000 դրամ է արժենում, երեք անգամ ջրում ես՝ 75,000 դրամ է նստում։ Վարձակալության հետ արդեն 125,000 դրամ եղավ։ Բա մնացա՞ծ ծախսերը՝ սերմի, վառելիքի, պարարտանյութի…»,- նա։ Արդյունքում հացահատիկի փոխարեն նա որոշել է առվույտ (յոնջա) ցանել։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ գյուղացիներից բազմաթիվ դիմումներ է ստանում. հիմնական բողոքն այն է, որ ցորենի շուկայական գինը շահավետ չէ։

«Գյուղացին «մինուս է գնում» և մի բան էլ իր գրպանից է դնում, ու ցանքատարածությունները քիչ-քիչ պակասում են։ Պետության գործառույթը այս առումով այն է, որ ստեղծի համապատասխան պայմաններ՝ դոտացիաների միջոցով»,- ասում է պատգամավորը։
Սարդարյանն ավելացնում է, որ առանց պետական աջակցության ֆերմերները կկորցնեն բիզնեսը և կտեղափոխվեն քաղաք։
2015-ին ցորենի ցանքատարածությունները կազմել են 109,000 հա, իսկ 2024-ին նվազել են մինչև 56,500 հա։ Արտադրության անկումն առավել ակնառու է. եթե 2015-ին արտադրվել է 363,000 տոննա ցորեն, ապա 2024-ին՝ ընդամենը 121,000 տոննա։ Ցորենի բերքը կրճատվել է ուղիղ երեք անգամ։
Որոշ փորձագետներ նշում են, որ մինչև 2018-ը թվերը կարող էին որոշակիորեն ուռճացված լինել, իսկ վերջին տարիներին կիրառվում են չափման ավելի ճշգրիտ մեթոդներ։
Սարդարյանն ասում է, որ դրսից ներկրվող էժան պարենի՝ հատկապես հացահատիկի հետևում կանգնած է այդ երկրների սուբսիդավորման քաղաքականությունը, «ինչի շնորհիվ այդ ապրանքը միջազգային շուկա է մտնում շատ ավելի մրցունակ գներով»։
Էկոնոմիկայի նախարարությունը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ 2025-ին գարնանացան հացահատիկային, հատիկընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունները 2024-ի ցուցանիշը գերազանցել են շուրջ 4,800 հեկտարով։ «Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ 2025-ին աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմում են 71,000 հա, որը 40,8 տոկոսով գերազանցում է 2024-ին ցուցանիշը»,- ասվում է նախարարության պատասխանում։
Այլ մթերք. բուսական յուղի ինքնաբավությունը՝ 0 տոկոս, թռչնամսինը՝ 26 տոկոս
Հատիկընդեղենի ինքնաբավության մակարդակը 38 տոկոս է, մնացած 62 տոկոսը ներկրում ենք։ Բուսական յուղն այնքան չնչին քանակությամբ է արտադրվում, որ Վիճակագրության կոմիտեն նշում է ինքնաբավության նշում է 0 տոկոս։
Տավարի մսով ինքնաբավության մակարդակը 88 տոկոս է, խոզինը՝ 50 տոկոս, ոչխարի և այծի մսինը՝ 105 տոկոս, ձկանը՝ 119 տոկոս։ Թռչնամսի ինքնաբավության մակարդակն ընդամենը 26 տոկոս է, ձվինը՝ 99 տոկոս։
Էմիլ Գևորգյանն այս ցուցանիշները «պարադոքս» է համարում։ «Տավարի մսի գինը 12 տոկոսով աճել է, ձվի գինը՝ նույնպես։ Կարծում եմ, որ ամենակարևոր հանգամանքներից մեկը չկարգավորված շուկան է։ Կան գործիքներ ազդելու համար, բայց հարցը նաև սպառողների գնունակության մասին է. այդ առանցքում պետք է նայել»,- ասում է նա։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անհանգստություն է հայտնում, որ Հայաստանը պատրաստ չէ մի քանի ամսով շրջափակման հայտնվելու սցենարին։
«Ոչ մեկ չի կարող բացառել նման սցենար։ Վերջերս պլանավորել էի անձամբ ստուգել այն պաշարները, որոնք НЗ (անձեռմխելի պաշար) են կոչվում. թույլ տվեք փակագծեր չբացեմ։ Խնդիրների մասին չպետք է խոսենք միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն թակեն մեր դուռը»,- ասում է Դանիելյանը։
Պարենային ռազմավարությունը և Արցախը
2023-ին հունիսին Հայաստանում ընդունվեց Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023–2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Ռազմավարությունն առաջարկում է կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը 47 տոկոսից 2030-ին հասցնել 70 տոկոսի։
Այս ռազմավարությունն ընդունվել է Արցախի ամբողջական շրջափակման ժամանակ, երբ Արցախ արդեն ոչ մի գրամ պարեն չէր մտնում։ Արցախի վերաբերյալ ուղղված հարցին Էկոնոմիկայի նախարարությունը չի պատասխանել։
Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը ռազմավարությունը։ «Մեր եղբայրները սովի շեմին կանգնած, տոտալ բլոկադա… և որևէ կերպ չի մեջբերվում Արցախի դառը փորձը։ Դա նշանակում է պետական քաղաքականության ոչ թե ձախողում, այլ կանխամտածվածություն։ Արցախյան փորձը պետք է դաս լիներ մեզ համար»,- նա։
2021-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով նպատակ դրվեց լրացնել Արցախից ներկրվող 40,000 տոննա հացահատիկի ու հատիկընդեղենի բացը։ Ծրագրի բյուջեն 2021-ին 704 մլն դրամ էր։ Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ին Հայաստան է ներկրվել 49,000 տոննա հացահատիկ, 2019-ի երաշտ տարում՝ 38,000 տոննա։
Արցախի գյուղատնտեսությունն ուներ առանձնահատուկ կառուցվածք. մշակվող հողերի 81–90 տոկոսը հացահատիկն էր զբաղեցնում, ամենամեծ ցանքատարածությունները բաժին էին ընկնում ցորենին և գարուն։ Հայաստանում գյուղատնտեսությունը ավելի դիվերսիֆիկացված է և հացահատիկի ու հատիկընդեղենի մշակությունը զբաղեցնում է ընդհանուր մշակվող հողերի մոտ կեսը՝ շուրջ 53 տոկոս։
Արցախն ուներ Հայաստանի ցորենի դաշտերի կեսին հավասար մակերես (Հայաստանում` 60-82,000 հա, Արցախում՝ 30-40,000 հա)։
















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































