Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Գլխավոր դրամատնից նշում են, որ 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026-ի ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:
2025-ի ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.
-
1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
-
1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
-
1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
-
2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
-
1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)
















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































