Ազգային պահեստից մինչև համաշխարհային շուկա․ նոր հնարավորություններ հայկական բիզնեսի համար

Արտահանման լոգիստիկ խոչընդոտները, միջազգային շուկաներ մուտք գործելու դժվարությունները և մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը դարձել են հայկական բիզնեսի առաջնային մարտահրավերները։

Այս խնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով ձևավորվել է միասնական արտահանման հաբի և ազգային պահեստների ծրագիր, որը տնտեսվարողներին հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դուրս գալ եվրոպական և ամերիկյան շուկաներ՝ պետական և մասնավոր համաֆինանսավորմամբ։

-ի փոխանցմամբ ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց հայաստանյան տնտեսվարողների արտահանման կարողությունների զարգացմանն ուղղված լայնածավալ նախաձեռնություն, որը միտված է հաղթահարելու այն խոչընդոտները, որոնց բախվում են արտադրողները՝ սկսած լոգիստիկ խնդիրներից մինչև միջազգային վաճառքի կազմակերպում։

Ինչպես նշվեց, աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում հայկական բիզնեսը հաճախ կանգնում է լուրջ դժվարությունների առաջ․ բեռնափոխադրումների ուշացումներ, Լարսի անցակետի խնդիրներ, ԵԱՏՄ շրջանակներում առաջացող սահմանափակումներ, ինչպես նաև տարածաշրջանային լարվածությունների ազդեցություն։ Այս ամենը ոչ միայն բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, այլ նաև խաթարում է մատակարարման կայունությունը։

Նախաձեռնության առանցքում ազգային պահեստների և միասնական արտահանման հաբի ստեղծումն է։ Ծրագրի նպատակն է ապահովել, որ հայկական արտադրողները կարողանան իրենց արտադրանքը պահեստավորել ռազմավարական շուկաներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, և այնտեղից իրականացնել վաճառք՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ձևաչափերով։

Հատուկ շեշտադրվեց, որ ծրագիրը լուծում է նաև օնլայն վաճառքի կարևոր խնդիրը։ Այսօր բազմաթիվ հայկական ընկերություններ չեն կարողանում արդյունավետ գործունեություն ծավալել միջազգային հարթակներում, քանի որ բախվում են բանկային և վճարային համակարգերի սահմանափակումներին։ Նոր մոդելի շրջանակում նրանք հնարավորություն կունենան գրանցել իրավաբանական ներկայություն արտերկրում, ունենալ բանկային հաշիվներ և լիարժեք վաճառք իրականացնել միջազգային հարթակներում։

«Ծրագրի կարևոր բաղադրիչներից է ֆինանսական աջակցությունը։ Նշվեց, որ բեռնափոխադրումների և պահեստավորման ծախսերի շուրջ 70 տոկոսը համաֆինանսավորվում է, իսկ բիզնեսի մասնակցությունը կազմում է համեմատաբար փոքր բաժին։ Տարեկան մոտ 10-15 հազար ԱՄՆ դոլարի շրջանակում ընկերությունները կարող են օգտվել ամբողջական ծառայությունից, մինչդեռ մնացած ծախսերը հոգում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը, որի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 1 մլն դոլար»,- նշեց Մանուկյանը։

Նախաձեռնությունը բաց է տարբեր ոլորտների համար՝ սննդի արտադրությունից մինչև թեթև արդյունաբերություն, շինանյութեր և զարդեր։ Այն ուղղված է ինչպես փոքր և միջին բիզնեսին, այնպես էլ խոշոր արտադրողներին։

Կարևոր խնդիրներից մեկն էլ մեծածավալ պատվերների իրականացումն է։ Շատ դեպքերում հայկական ընկերությունները չեն կարողանում բավարարել միջազգային պահանջարկը՝ արտադրական սահմանափակումների պատճառով։ Այդ նպատակով ձևավորվում են կլաստերներ, որոնք հնարավորություն են տալիս միավորել տարբեր արտադրողների ներուժը և հանդես գալ միասնական բրենդով՝ ապահովելով ամբողջական մատակարարման ցիկլ։

Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում են ակտիվ քայլեր ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ներառյալ համագործակցություն խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների հետ։

Կազմակերպիչներն ընդգծեցին, որ իրենք մշտական կապի մեջ են բիզնեսի հետ, արձագանքում են առաջացող խնդիրներին և պատրաստ են աջակցել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք հետաքրքրված են արտահանման ընդլայնմամբ։

«Այսպիսով, նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել հայկական արտահանման նոր որակ՝ ապահովելով արտադրողների մրցունակ ներկայությունը միջազգային շուկաներում և ստեղծելով կայուն հիմքեր երկարաժամկետ զարգացման համար»,- եզրափակեց Մարիամ Մանուկյանը։