Նոր հնարավորություններ համայնքներում. մեկնարկել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները

Նոր շարժական բեմ ու բազմաֆունկցիոնալ հանրային տարածք համայնքներում. տեղի են ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում ներդրված գենդերազգայուն և ներառական համայնքային նախաձեռնությունների հանդիսավոր մեկնարկի արարողություններ։

-ի հաղորդմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Սերբիայի կառավարության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Առաջին միջոցառումը մեկնարկել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, որտեղ Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Ցվետկովիչը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Աշոտ Գիլոյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել են նոր շարժական բեմի բացման հանդիսավոր արարողությանը։ Որպես նորարարական շարժական հարթակ՝ այն հնարավորություն կտա մշակութային, կրթական և սոցիալական նախաձեռնությունները հասանելի դարձնել համայնքի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ հեռավոր և սահմանամերձ։

Նախաձեռնությունը կստեղծի նոր հնարավորություններ թատերական ներկայացումների, կրթական միջոցառումների, հանրային քննարկումների, փառատոնների և երիտասարդական նախաձեռնությունների համար՝ դարձնելով հանրային կյանքի մասնակցությունն ավելի ներառական և հասանելի Արենի համայնքի բնակիչների համար, այդ թվում՝ ավելի քան 5000 կանանց, 3000 երիտասարդների և շուրջ 100 փախստականների համար։

Նույն օրը բարձրաստիճան պատվիրակությունը Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի և Նոր Խարբերդ բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանի ուղեկցությամբ այցելելել են Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայր, որտեղ պաշտոնապես բացվել է նոր գենդերազգայուն և ներառական բազմաֆունկցիոնալ հանրային տարածք։ Նորաստեղծ տարածքը ներառում է բացօթյա ամֆիթատրոն և մանկական խաղահրապարակ, որոնք կառուցվել են ժամանակակից անվտանգության չափանիշներին համապատասխան՝ օգտագործելով էկոլոգիապես անվտանգ նյութեր։ Այն հասանելի է դարձնելու կրթական, մշակութային և հանրային միջոցառումներն ավելի քան 10,000 բնակչի, այդ թվում՝ ավելի քան 6000 կանանց և երիտասարդների, 1500 երեխաների և ավելի քան 500 փախստականների համար։ Տարածքը նախագծվել է մասնակցային քաղաքաշինական գործընթացների միջոցով՝ արտացոլելով տեղական առաջնահերթություններն ու համայնքի կարիքները՝ միաժամանակ խթանելով ավելի ներառական, մատչելի և մարդակենտրոն հանրային միջավայրերի ձևավորումը։

«Այս ծրագրերը ցույց են տալիս, թե ինչպես կարող են ներառական, համայնքահեն նախաձեռնություններն ամրապնդել սոցիալական համախմբվածությունը և կանանց, երիտասարդներին ու խոցելի խմբերին տալ իրական ձայն տեղական զարգացման գործընթացներում։ Մենք երախտապարտ ենք Սերբիայի կառավարությանն և ազգային գործընկերներին արժեքավոր աջակցության համար, որը օգնում է համայնքներին ամրապնդել դիմակայունությունը այնտեղ, որտեղ այն ամենից շատ է անհրաժեշտ»,- ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Նախաձեռնությունը նպաստելու է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի, այդ թվում՝ փախստակաների մասնակցությանը տեղական զարգացման գործընթացներում և համայնքում սոցիալական միասնականության և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։